
«Երևանը դարձել է քաղցկեղածին քաղաք. մասսայական կտրում են ծառերը, «թքած ունեն» ամեն ինչի վրա». Սիլվա Ադամյան

«Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ Երևանում երեկ տեղի ունեցած փոթորիկն ու օդի աղտոտվածությունը ցույց տվեցին, որ տարիներ առաջ իրենց արտահայտած մտքերն ու անհանգստություններն արդեն իրականություն են։
«Տարիներ շարունակ մենք խոսում ենք այս մասին, որ Երևանի վիճակը վատ է, այն առումով, որ տենդենցները, որոնք տեսնում ենք՝ ծառահատումները, շինարարությունը բերելու են աղետի։ Մենք ասում էինք, որ մի քանի տարի անցնի, դուք կտեսնեք այս ամենի հետևանքները, հիմա մենք կանգնած ենք այդ վատ ու շատ ավելի վատ հետևանքների առաջ։
Ի սկզբանե Երևանի կանաչապատումը ճիշտ է արվել, աշխատել են մարդիկ, որոնք իմացել են՝ ինչ է պետք անել, հետո բիզնեսի զարգացման միտումներ նկատվեցին, և դրա հետևանքով սկսվեց սխալ մոտեցումը կանաչ զոնաների նկատմամբ՝ կտրեցին ծառերը, վերացրեցին այգիները, բազմաթիվ բողոքներ եղան, բայց փաստը մնում է փաստ, որ եկանք ու հասանք մի տեղ, որտեղ վիճակը բարդ է։ Մարդիկ չհասկացան, որ վիճակը բարդ է, շարունակեցին գործունեությունը, և սա շարունակվում է մեր աչքի առաջ Երևան քաղաքում՝ մեծ ծառերի հատումով, և դրանք փոխարինում են այնպիսի ծառերով, որոնք մեծ նշանակություն չունեն Երևանի համար, և դա չի կարող քաղաքի օդը պաշտպանել աղտոտվածությունից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սիլվա Ադամյանը։
Բնապահպանի խոսքով՝ աղետալի վիճակում է նաև Երևանի Բուսաբանական այգին, և որևէ մեկը թող չասի, որ այգին են գեղեցկացնում, խնամում։ Մարդիկ մոռացել են, թե Բուսաբանական այգին ինչի համար է, քանի որ այսօր կտրում են ծառերը, բետոնապատում են, ուղղակի լույսեր են դնում և այլն։
«Բուսաբանական այգին Երևանի թոքերից մեկն է, որն աստիճանաբար հեռացնում են՝ ոչնչացնում։ Հիմա այս ֆոնի վրա ինչպես կարող է իրավիճակը փոխվել։ Չասենք, որ Երևանում առհասարակ քամիներ չեն եղել, եղել են։ Երևանն այնպիսի հատվածում է տեղադրված, որը կիսաանապատային է, որտեղ միշտ քամիներ են եղել։ Բայց 1960-ականներին Ծիծեռնակաբերդի հատվածում ծառերն ամբողջովին տնկված չեն, ամեն ինչ աստիճանաբար այսպես «խելքի էր գալիս»։ Մի քանի տարիների ընթացքում Երևանն ունեցավ հրաշալի Ծիծեռնակաբերդ, Դալմայի այգի, Մոնումենտի պաշտպանիչ գոտի։ Բայց այսօր այդ ամենը վերացվել է։ Այդ ամենը, երբ մարդիկ ժամանակին արել են՝ պաշտպանիչ գոտի է եղել Երևանի համար։
Հիմա ի՞նչ է տեղի ունենում՝ մասսայական ծառերը կտրում են, չեն էլ հարցնում մասնագետներին, հանրությանը՝ «թքած ունեն» ամեն ինչի վրա։ Երևանը դարձել է քաղցկեղածին քաղաք»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Սիլվա Ադամյանի բնորոշմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում, հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ, հատկապես որ, շատերը Երևանի կենտրոնում են ապրում։
«Գուցե կոպիտ հնչի, բայց այսօր Երևանի կենտրոնում ապրելն ուղղակի վտանգավոր է դարձել առողջության համար։
Արդեն ուշ է շատ բաներ փոխել, բայց գոնե հիմա փորձեն այն շինարարությունները, որոնք ստացել են թույլտվություն, պետք է շենքերի շրջանում կանաչ տարածությունը շատացնեն։ Երևանում նաև պետք է արհեստական ջրային տարածքներ ստեղծեն։ Մենք ունենք հրաշալի «Մանկական երկաթուղի», այն պետք է վերականգնել, մենք այս տարածքները, որտեղ կանաչապատ են, պետք է վերականգնենք։ Ինքս եվրոպական քաղաքներից մեկից նոր եմ վերադարձել, տեսնեիք՝ ինչ կանաչապատ տարածքներ ունեն, ինչ ծառեր, այն ծառերից, որոնք մեզ մոտ քաղաքապետարանը կտրեց ու ասաց, թե մեզ պետք չէ։ Զարմացել էի, թե մարդիկ ինչպես են այդ թոհ ու բոհի մեջ կարողացել իրենց շրջապատի կանաչը պահել»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը