
Մոսկվայի զորահանդեսին՝ առանց պետության. պետությունը բանակն է

Այսօր Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և վաղը ներկա է գտնվելու Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: Իսկ, օրինակ, երեկ երեկոյան տեղեկություն եղավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնելու Մոսկվա, թեպետ մարտ ամսին, ըստ Կրեմլի, Ալիևն ընդունել էր Պուտինի հրավերը:
«Տեղեկություն ունենք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանի»,- Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ հայտնելով, որ Մոսկվայում անցկացվելիք միջոցառումներին Ադրբեջանի նախագահի բացակայության պատճառը Բաքվում բացատրել են Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին նրա մասնակցելու անհրաժեշտությամբ:
Ադրբեջանական կողմը, սակայն, այլ պատճառներ է առաջ քաշում՝ ի դեմս ադրբեջանական վերլուծաբանների և լրատվամիջոցների։
Առաջին, Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի վթարից անցել է մոտ 5 ամիս, սակայն, ըստ Բաքվի, Ռուսաստանը մինչև հիմա չի իրականացրել օպերատիվ-հետաքննական որևէ միջոցառում, պատասխանատվության չի ենթարկել միջադեպի մեղավորներին, այն դեպքում, երբ կան ակնհայտ փաստեր, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ միջոցից՝ «Պանցիր-Ս»:
Այսինքն, ՌԴ նախագահ Պուտինի ներողությունը Ալիևը բավարար չի համարում, քանի որ իր պահանջը՝ պատժել մեղավորներին, չի կատարվել:
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նախիջևանի հատվածում Ադրբեջանը ռուսական ուղղաթիռ էր խոցել: Մասնավորապես, նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել էր շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել էր կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում, ինչի հետևանքով զոհվել էին Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի անձնակազմի սպաներ՝ մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինան:
Ի դեպ, սկզբում ռուսական կողմը հայկական կողմին է կասկածել, այս մասին 2023 թվականի մայիսին իր տարածած հայտարարության մեջ հայտնել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Եվ երբ ռուսական կողմի կասկածները չեն հաստատվել, նոր միայն եռակողմ հայտարարության նախնական տարբերակի շուրջ քննարկումներ են եղել, այդ թվում՝ հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլն: Իսկ ադրբեջանական կողմը ներողություն էր խնդրել ՌԴ-ից և փոխհատուցում առաջարկել:
Հիշեցնենք նաև 44-օրյա պատերազմի օրերին Սյունիքի հատվածում՝ Մեղրիում, ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանման, կայանի ադրբեջանական թիրախավորման մասին:
Իսկ Ալիևի՝ Մոսկվա չգնալու պատճառների շարքում ադրբեջանական կողմը նշում է նաև ադրբեջանցի պատգամավոր Ազեր Բադամովի Ռուսաստան մուտքի արգելքի մասին, ինչը որակվել է ոչ բարեկամական քայլ:
Եվ վերջապես, ադրբեջանական լրատվամիջոցների դեմ ռուսական կիբերհարձակումները, որի մասին վերջին շրջանում խոսում է Բաքուն: Ի դեպ, վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը պարբերաբար հակառուսական հոդվածներ է գրում՝ նշելով, թե ՌԴ-ն լուռ հետևել է, թե ինչպես է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի ուղղությամբ, որ 44-օրյայի ընթացքում հայկական կողմը հումանիտար օգնության անվան տակ զենք է մատակարարել և այլն:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը նույնիսկ այս համատեքստում մի ճշմարտություն է հիշել. «Մոսկվայի թշնամին լինելը վտանգավոր է, բայց ընկեր լինելն էլ՝ մահացու վտանգավոր»:
Երբ Հայաստանի դաշնակից Ռուսաստանն Արցախի և Հայաստանի դեմ կատարվող ադրբեջանական գործողություններին, թերևս, լուռ հետևում էր կամ համարժեք պատասխան չէր տալիս, Ադրբեջանում, թերևս, այդպես չէին մտածում: Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերություններում նման իրավիճակներ եղել են, հետո նորից հարաբերական կամ ոչ հարաբերական կարգավորում է եղել:
Սակայն այս ամենը չի խանգարում, որ 80 հոգանոց ադրբեջանական զինված ուժերի խումբը մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական զորահանդեսին: Համենայնդեպս, հոդվածը հրապարակելու պահին նրանց մասնակցությունը չեղարկված չէր, եթե վերջին պահին ինչ-որ բան ռուսական կամ ադրբեջանական կողմի որոշմամբ չփոխվի, թեպետ Ադրբեջանի բանակի ներկայացուցիչները վաղուց Մոսկվայում են և մասնակցում են զորահանդեսի փորձերին:
Հայաստանի դեպքում մտահոգիչ է այն, որ Նիկոլ Փաշինյանն այս պահի դրությամբ որոշել է շրջանցել հայ-ռուսական հարաբերություններում չկարգավորված խնդիրները, և մեկնել Մոսկվա:
«Այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու և ՌԴ հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու: Ինձ համար այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները: Իհարկե, միջոցառումը շատ կարևոր է, նաև Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաև այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում՝ երկկողմ օրակարգի, և նման առիթները բաց թողնելն այդքան էլ ճիշտ չի լինի»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը:
Սակայն նա ոչ մի խոսք չի ասել հայկական զինված ուժերի մասնակցության մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունն այս թեմայով 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հրաժարվել էր տեղեկություն տրամադրել:
ՀՀ ՊՆ-ի պատասխանից կարելի է ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը չեն մասնակցելու տոնական շքերթին, որի փորձերը վաղուց արդեն սկսվել են։ Սա, թերևս, քաղաքական որոշում է, կամ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը: Համենայնդեպս, պաշտոնական ոչ մի հիմնավորում կամ պարզաբանում չի տրվել:
Մի առիթով գրել էինք, որ պետությունը բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ուստի նա, ըստ նպատակահարմարության, կարող էր չմասնակցել Մոսկվայում կայանալիք տոնական միջոցառումներին, բայց հայկական բանակը պետք է մասնակցեր հաղթական զորահանդեսին՝ հատկապես հաշվի առնելով հայերի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ելքում, զոհերը, ինչպես նաև՝ հայ մի քանի տասնյակ հերոսների ու գեներալների, մարշալների գոյության փաստը:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի՝ բանակի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, վախերի, բարդույթների դեպքում, բնավ զարմանալի չէ առկա իրավիճակը: Այսինքն, նա չի կաշկանդվի, եթե Մոսկվայի զորահանդեսի ընթացքում հայկական դրոշով հայկական զորախումբ չանցնի, այն էլ այն պարագայում, երբ անընդհատ ինքնիշխանության մասին է խոսում:
Այստեղ, սակայն, կարևոր է նաև, թե ինչ է մտածում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով Հայրենական Մեծ պատերազմի վետերանի թոռ է՝ արդյոք ՀՀ բանակը չպե՞տք է մասնակցեր զորահանդեսին: Գուցե ՀՀ զինված ուժե՞րն են մեղավոր, որ ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանը ներխուժել է, և թույլ չեն տվել, որ բանակը դիմակայի, բայց պահանջել են՝ ՀԱՊԿ-ը նրանց հեռացնի, և արձագանքը ՀՀ-ին չի բավարարել: Այս համատեքստում մի փոքր պատմական էքսկուրս անցկացնենք:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին հայկական զորախումբը մասնակցել է (26:52), որտեղ նրանց ներկայացրել են՝ որպես Թամանյան դիվիզիայի ժառանգորդներ:
2010 թվականին կայացած զորահանդեսին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
2015 թվականին Մոսկվայում կայացած Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին ևս նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է, իսկ զորահանդեսին էլ՝ հայկական բանակը:
Իսկ Մեծ հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված շքերթն արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք էր, այն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ տեղի է ունեցել հունիսին, որին Փաշինյանը չէր մասնակցել։ Հայաստանը Մոսկվայում ներկայացրել է այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. հայկական զորախումբը մասնակցել էր տոնական հաղթական զորահանդեսին։ https://www.youtube.com/watch?v=7fgZXAY02ko
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Ալիևը ևս ներկա չէր գտնվել https://www.kommersant.ru/doc/4381083 Մոսկվայում կայացած՝ Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթին, որին, սակայն, մասնակցել էին ադրբեջանական զինծառայողները:
Կորոնավիրուսային շրջանում Փաշինյանի և Ալիևի՝ Մոսկվա չգնալուն, ըստ էության, քաղաքական ենթատեքստ չէր տրվել: Իսկ թե առնվազն կուլիսներում ինչպես կընկալվի հայկական բանակի՝ 2025 թվականի մայիսի 9-ին կայանալիք մոսկովյան զորահանդեսին բացակայությունը, ցույց կտա իրադարձությունների զարգացումը:
Նշենք, որ հոդվածը հրապարակելու պահին տոնական շքերթին հայկական զորախմբի մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկություն չկար և, ամենայն հավանականությամբ, չի էլ լինի: