
«2025թ. 3 ամիսների ընթացքում իրավապահ համակարգն առգրավել է 173 կգ 942 գրամ մաքուր քաշով տարբեր տեսակի թմրամիջոց». Արփինե Սարգսյան

«2025թ. երեք ամիսների ընթացքում իրավապահ համակարգն առգրավել է 173 կիլոգրամ 942 գրամ մաքուր քաշով տարբեր տեսակի թմրամիջոց: Եթե սա համադրենք գրեթե համեմատելի ժամանակահատվածի հետ, որ 2024թ. առաջին երեք ամիսներն են, այն ժամանակահատվածում առգրավել է 39 կիլոգրամ թմրամիջոց»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Նա շեշտեց, որ ՊԵԿ-ը տալիս է ահազանգը և անմիջապես ՔԿ-ն ձեռնամուխ է լինում նախաքննության իրականացմանը:
Հարցին՝ գուցե 2025թ. թմրամիջոցների ծավալներն են շատ եղել, որի արդյունքում ավելի շատ է բացահայտվել, նա պատասխանեց. «Ծավալների աճը երկու հիմնական հիմնավորում կարող է ունենալ՝ առաջին, որ այո, դեպքերի աճ ունենք, երկրորդ՝ ամրապնդվում են մեր այն եզրակացությունները, որ լատենտայնության մակարդակի նվազնում ունենք, և նաև սահմանային անցակետերում ուժեղացված ծառայության տրամաբանության մեջ ավելի շատ ենք կարողանում մաքսանենգության դեպքերը բացահայտել»:
Նա հավելեց, որ սահմանային անցակետերում շատ ավելի մեծ խմբաքանակներ են կարողանում առգրավել՝ դրանով կտրելով շղթան՝ հետագայում իրացումներ չունենալու տրամաբանության մեջ: