Փաշինյանի «սրտի բլոգեր» Georg X-ը մեղադրյալի կարգավիճակ ունի

Արդեն տևական ժամանակ է՝ «Georg X» կեղծանվամբ հանդես եկող բլոգերը, որը սոցիալական ցանցերում աչքի է ընկնում Նիկոլ Փաշինյանի իշխանության և իշխանական օրակարգի ակտիվ պաշտպանությամբ, փորձում է ներկայանալ նաև որպես քաղաքագետ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակից բլոգերների շրջանում ակտիվություն ցուցաբերող այս երիտասարդը հատկապես հայտնի է իր հրապարակումներով, որոնցում քաղաքական դիրքորոշումները հաճախ ուղեկցվում են կոշտ, վիրավորական և անպարկեշտ բառապաշարով։ Նրա հրապարակումների և տարածած տեսանյութերի բովանդակությունը, ինչպես նաև օգտագործվող բառապաշարը բազմաթիվ հարցեր են առաջացնում նաև նրա՝ որպես «քաղաքագետ» ներկայանալու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, «Georg X»-ի հրապարակումներում պարբերաբար կարելի է տեսնել նաև այնպիսի վարքագիծ, երբ նա իրեն վերագրում է գործողություններ կամ լիազորություններ, որոնք օրենքով վերապահված են պետական համապատասխան մարմիններին և պաշտոնատար անձանց։

Սակայն այս պատմության առավել ուշագրավ հատվածը նրա քաղաքական գործունեությունը չէ, այլ ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները։

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով՝ տվյալ անձը զրկված է եղել վարորդական իրավունքից, սակայն դրանից հետո շարունակել է վարել 37 ED 698 պետական համարանիշով տրանսպորտային միջոց։

Ավելին՝ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերից մեկում մեքենայի վրա տեսանելի են առկայծող փարոսիկներ և ձայնային ուժեղացուցիչներ։

168.am-ի տեղեկությունների համաձայն՝ նշված սարքավորումներն օգտագործվել են նաև երթևեկության ընթացքում։

Ականատեսների փոխանցմամբ՝ վարորդը, օգտագործելով առկայծող փարոսիկներն ու ձայնային ազդանշանները, փորձել է ուղղորդել ճանապարհի մյուս մասնակիցների երթևեկությունը՝ պահանջելով շարժվել աջ կամ ձախ գոտիով, և շարունակել է իր ճանապարհը։

Այսինքն՝ իշխանության ակտիվ աջակից և իրեն նաև «քաղաքագետ» ներկայացնող բլոգերի դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք քաղաքական իշխանությանը սատարելու հանգամանքը նրան թույլ է տալիս իրեն վերապահել այնպիսի լիազորություններ, որոնք օրենքով նրան տրված չեն։

Հատկանշական է նաև, որ խնդրին իրավական գնահատական արդեն տվել են իրավապահ մարմինները։

ՀՀ ՆԳՆ-ից 168.am-ին հայտնել են, որ նշված տրանսպորտային միջոցի վարորդը հայտնաբերվել է, և փաստի առթիվ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՆԳՆ-ն հաստատել է նաև, որ տվյալ անձը վարորդական իրավունքից զրկված է եղել։

Ավելին՝ կազմված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։

168.amը հարցում է ուղարկել Քննչական կոմիտե՝ պարզելու՝ ի՞նչ ընթացք են ստացել ՆԳՆ-ի կողմից փոխանցված նյութերը, արդյո՞ք նախաձեռնվել է քրեական վարույթ, և ի՞նչ իրավական գնահատական է տրվել արձանագրված հանգամանքներին։

Քննչական կոմիտեից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են. «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու և օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու վերաբերյալ ստացվել է երկու հաղորդում, որոնցից մեկով՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մյուս քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Մեղադրանքը ներկայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը»:

Փաստացի Նիկոլ Փաշինյանի «սրտի բլոգեր»-ն ունի մեղադրյալի կարգավիճակ: Այսպիսով, իշխանության ամենաակտիվ աջակիցներից մեկի վարքագիծը, որը սոցիալական ցանցերում հաճախ ուղեկցվում է ագրեսիվ և անպարկեշտ բառապաշարով, այժմ նաև իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ վարորդական իրավունքից զրկված վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցի վրա հատուկ ազդանշանային սարքավորումների օգտագործման հանգամանքների մասով։

Սպասենք դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճռին, արդյո՞ք այն կկայացվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930