Իմպիչմենտ նախաձեռնելուց առաջ տնային աշխատանք պետք էր կատարել. Դավիթ Անանյան

«Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու առաջարկը, քաղաքական օրակարգը, այո՛, լցրել է, սակայն, դա իշխանափոխության մշակված պլանի մի բաղադրիչը կարելի էր համարել, օրինակ՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ակնարկված պլանի մի մաս, եթե նման նախաձեռնությունից առաջ տնային աշխատանքը լավ կատարված լիներ։ Հիմա, սակայն, իմպիչմենտի առաջարկը Սերժ Սարգսյանի կողմից ակնարկված պայքարի պլանի բաղադրիչ չենք էլ կարող համարել՝ հիմնվելով այն զարգացումների վրա, որոնք տեղի ունեցան. չէ՞ որ տեսանք, որ այդ զարգացումներով Փաշինյանին հեռացնելու որևէ գործողություն անգամ տեսանելի չէ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «ԴԻ ԷՍ Էյ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը։

«Մենք կարող էինք ենթադրել, որ լավ տնային աշխատանք կատարելու պայմաններում իմպիչմենտի գործընթացը կարող էր լինել ավելի մեծ գործընթացի մի բաղադրիչ, եթե խորհրդարանում պատգամավորների հետ մանրամասն աշխատանքի արդյունքում ծնվեր նման նախագիծ։ Սակայն այս գործընթացը, որը սկսվել է, քաղաքական գերակայությունների շրջանակներում ուժի ցուցադրության մրցակցություն է»,- ասաց Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում 2-րդ և 3-րդ նախագահների թիմերի միջև, ուժերի ցուցադրություն է և մրցակցություն թիմերի միջև, բայց ոչ երկու նախագահների, որոնք հրապարակավ զսպածության կոչ են արել և չեն բացահայտել միջանձնային խնդիրները։

Կարդացեք նաև

«Իշխանության համար պայքար է այդ ուժերի միջև, մկանների ցուցադրություն։ Այս կռվի մեջ տրամաբանություն կա, եթե նախկինում այս ուժերը մրցակցում էին ընդդիմության մեջ հեգեմոն դիրք գրավելու համար, հիմա կռվում են իշխանությունն իրար ձեռքից խլելու համար։ 2-րդ և 3-րդ նախագահների թիմերն այսօր ուժի ցուցադրություն են անում իրար դեմ, իրենք իրար հետ ճանապարհ գնալու որևէ բան չեն ցուցադրում։ Նրանք միմյանց են քարկոծում»,- ասաց Անանյանը՝ ընդգծելով, որ այս ամենի արդյունքում շահում է միայն Նիկոլ Փաշինյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս