Ակնկալում ենք՝ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ուժերին օգտագործել իրենց գեղեցիկ երկիրը Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար. դեսպան Սերգեյ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցը «168 ժամ» թերթին

Պարոն դեսպան, որո՞նք են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերները: Ի՞նչ քայլեր է ակնկալում Ռուսաստանը Հայաստանի իշխանությունից երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Սպասվո՞ւմ է արդյոք ռազմական համագործակցության երկկողմ պայմանագրի վերանայում:

– Կսկսեմ հիմնականից: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է և առանցքային տնտեսական գործընկերն Անդրկովկասում: Բազմակողմ երկկողմ կապերի այս համալիրն անհրաժեշտ է անխոնջ ամրապնդել և թարմացնել՝ հարմարեցնելով տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող իրողություններին:

Հայ-ռուսական հարաբերությունները հասունացման փուլում են։ Այդ գործընթացները բարդ են ընթանում, սակայն գլխավորն այն է, որ Մոսկվան և Երևանը փոխադարձաբար ձգտում են հաղթահարել առաջացող բոլոր դժվարությունները գործընկերային, դաշնակցային եղանակով, բոլոր մակարդակներում բաց և վստահելի երկխոսության միջոցով։

Կարդացեք նաև

Մեր առաջնորդները պահպանում են անմիջական կապ, պարբերաբար զանգահարում միմյանց։ Հունվարի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում արդյունավետ և օգտակար բանակցություններ է վարել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում էր՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, որի շրջանակներում առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ. Արդյունքում՝ հունիսի սկզբին նախատեսվում է վերջինիս այցը Երևան: Ակտիվորեն շարունակվում են միջգերատեսչական շփումները։

Ռուսաստանում հանձնառու են մեր դաշնակցային փոխգործակցության համակողմանի ամրապնդմամբ, ինչպես նաև համատեղ պաշտպանության ոլորտում բոլոր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, որի անդամ է մնում Հայաստանը:

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա ընդգծեմ այն փաստը, որ մեր երկրներին բացահայտ ու կոպտորեն փորձում են «միմյանցից վանել», գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրվում տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական գործողություններ, պարզապես բացահայտ ստեր և զրպարտություն։ Թե ով է կանգնած դրա հետևում՝ քաջ հայտնի է, ինչպես նաև նրանց՝ «Ռուսաստանի ռազմավարական պարտությունը» տեսնելու մոլուցքը։ Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին։

– Որո՞նք են Ռուսաստանի երկարաժամկետ շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

– Ես չէի տարանջատի Ռուսաստանը Հարավային Կովկասից: Բավական է նայել քարտեզին՝ համոզվելու համար, որ դա մեր երկիրն է, նրա անքակտելի մասը, հետևաբար՝ այնտեղ ընթացող բոլոր գործընթացների անմիջական մասնակիցն է։ Անդրկովկասյան պետությունների հետ մեր կապերի ծավալը, աշխարհագրությունը, պատմությունը Ռուսաստանի համար կանխորոշում են տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության, նրա տնտեսական բարգավաճման, տրանսպորտային ներուժի բացահայտման կենսական անհրաժեշտությունը: Այդ ամենի տրամաբանական հետևանքն է Ռուսաստանի շահագրգռվածությունը Հայաստանի հուսալիորեն պաշտպանված և տնտեսապես ամուր պետականության նկատմամբ։

Այս դիրքորոշմանը համապատասխան՝ մենք պատրաստ ենք գործադրել բոլոր ջանքերը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսական կողմը ողջունել է խաղաղ պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտը, պատրաստակամություն է հայտնել աջակցել հաշտեցման գործընթացի առաջմղմանը և լուծելու մնացած վիճելի հարցերն այն ձևերով ու ծավալներով, որոնք պահանջված կլինեն հենց կողմերի կողմից: Միշտ ուրախ ենք տրամադրել մեր հարթակը՝ քննարկելու խաղաղ պայմանագրի ստորագրման վերջնագծին հասնելու հետ կապված հարցեր, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման, մարդասիրական խնդիրներ և այլ հարցեր:

– Համագործակցության ի՞նչ ձևաչափ է առաջարկում Ռուսաստանը տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Հնարավո՞ր է արդյոք անվտանգության նոր ձևաչափ Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ:

– Ոչինչ հորինելու կարիք չունենք: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է բարձր մակարդակի փոխգործակցության ձևաչափ, որի գործունեության արդյունքում կուտակվել է 2020-2022 թվականների համապարփակ հայտարարությունների համալիր: Առաջնորդների որոշմամբ՝ 2021 թվականի հունվարին ստեղծվել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների համանախագահությամբ:

Դրան զուգահեռ՝ ռուսական կողմը բազմիցս արտահայտել է իր տեսակետը, որ Հարավային Կովկասի ճակատագիրը և ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրներն ու նրանց հարևանները: Անդրկովկասի բարգավաճման և կայունության բանալին ներառական երկխոսությունն է, ծագող բոլոր հարցերի փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը և արտաքին ուժերի կողմից տարածաշրջանն օտար աշխարհաքաղաքական սխեմաների մեջ ներքաշելու փորձերի չեզոքացումը:

Գործելով այս փոխըմբռնման համաձայն՝ մենք ակտիվորեն աջակցել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծմանը (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Արդեն երկու նիստ է գումարվել արտգործնախարարների մակարդակով։ Վրացիները դեռևս հետևում են գործընթացին, բայց նրանց հասկացրել են, որ բոլոր մասնակիցները նրանց սպասում են բանակցությունների սեղանի շուրջ։ Հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ։ Այդ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով շփումներով՝ տնտեսական և տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կլրացնեն, այլ ոչ թե կփոխարինեն երկկողմ պայմանավորվածություններն ու աշխատանքն արդեն իսկ կայացած տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում։

Ի՞նչ դեր ունի Արևմուտքը տարածաշրջանում Մոսկվայի տեսանկյունից, և ինչպե՞ս է դա ազդում Ռուսաստանի քաղաքականության վրա: Որքանո՞վ է Ռուսաստանը լուրջ ընդունում Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ կապերի ընդլայնման մասին:

– Նախ և առաջ կցանկանայի զգուշացնել կարծրատիպային կարծիքների տարածումից, թե Ռուսաստանը, ըստ սահմանման, դեմ է արևմտյան երկրների ցանկացած ակտիվությանը և ներկայությանը: Ամենևին էլ ոչ։ Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, թե ինչ իրական նպատակներով ու խնդիրներով են արտաքին խաղացողները գալիս Հարավային Կովկաս։

Ցավոք, մենք վաղուց ենք արձանագրել՝ տարածաշրջանում ակտիվացող արևմտյան պետությունների բարի նպատակներով հռչակագրերի հետևում թաքնված են ոչ բարի մտադրություններ։ Ի դեպ, նրանց պաշտոնական ներկայացուցիչներն իրենք են «մեղայականով ներկայացել» Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո։ ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԵՄ-ի և նրա անդամ պետությունների պաշտոնատար անձինք «նետել են դիմակները» և սկսել են բացահայտ հայտարարել, որ մտադիր են հասնել Հարավային Կովկասում Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Չինաստանի «չարորակ» ազդեցության նվազեցմանը: Դրա հետ է կապված նրանց նպատակասլացությունը՝ ոչնչացնել Երևանի և Մոսկվայի դաշնակցային կապը՝ հայ գործընկերներին «հարաբերությունների դիվերսիֆիկացման» հարցում օգնելու պատրվակով։

Հայաստանը, որպես ինքնիշխան երկիր, անկասկած, ունի բոլոր իրավունքները՝ զարգացնելու հարաբերություններ՝ ում հետ ցանկանում է։ Դրա հետ մեկտեղ, մենք ողջամտորեն ակնկալում ենք, որ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ռուսատյաց ուժերին՝ օգտագործել իրենց հրաշալի երկիրը տարածաշրջանում Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար, ինչպես նաև չեն խաթարի իրենց մասնակցությունը եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներին:

Ինչպե՞ս է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը նշելու Հաղթանակի 80-ամյակը։ Ի՞նչ միջոցառումներ են նախապատրաստվում Երևանում այս տոնի պատվին։

– Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի հոբելյանի միջազգային նշանակությունը դժվար է գերագնահատել: Ռուսաստանի և այն երկրների համար, որոնց ժողովուրդները միասին պաշտպանեցին աշխարհը նացիզմից, սա, առանց չափազանցության, սրբազան ամսաթիվ է, տոն՝ արցունքներն աչքերին։

ԱՊՀ տարածքում 2025 թվականը պետությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ ճանաչվել է ֆաշիզմի դեմ պայքարում խաղաղության և միասնության տարի։ Մշակվել է միջոցառումների միասնական պլան, ստեղծվել հոբելյանական միասնական մեդալ, ընդունվել են համաշխարհային հանրությանը պետությունների և կառավարությունների ղեկավարների ուղերձներ: Ռուսաստանում 2025 թվականը հայտարարվել է Հայրենիքի պաշտպանի տարի։ Հայաստանի Հանրապետությունը, որի ժողովուրդը Խորհրդային Միության ժողովուրդների միասնական ընտանիքում հսկայական ներդրում է ունեցել Հաղթանակի գործում, մեզ համար մնում է կարևոր գործընկեր պատմական ճշմարտության պահպանման գործում:

Այս տարի Մեծ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հասարակական կազմակերպությունների և ռուսաստանյան արտասահմանյան հաստատությունների կողմից, համագործակցելով Հայաստանի իշխանությունների հետ, նախապատրաստվել է միջոցառումների ընդարձակ ծրագիր Հայաստանի մայրաքաղաքում և քաղաքներում: Մայիսի 9-ի առավոտյան նախատեսվում է ծաղիկների և ծաղկեպսակների հանդիսավոր տեղադրումներ հուշահամալիրներին, Երևանում՝ Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ և Թոխմախի գերեզմանատան՝ խորհրդային զինվորների պանթեոնում: Նախատեսվում է պաշտոնատար անձանց, վետերանների, հասարակության ներկայացուցիչների, այդ թվում ՝ երիտասարդության մասնակցությունը: Կեսօրին Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցուց դեպի Անմար կրակ կմեկնարկի «Անմահ գնդի» երթը: Նմանատիպ միջոցառում տեղի կունենա նաև Գյումրիում։ Երթի ավարտին Երևանի Հաղթանակ զբոսայգում տեղի կունենա բացօթյա մեծ համերգ: Մայիսի 9-ի երեկոյան Ս. Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախումբը Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում կկատարի Դ. Շոստակովիչի հայտնի յոթերորդ սիմֆոնիան, այն նույն սիմֆոնիան, որը հնչել է ֆաշիստներով շրջապատված՝ շրջափակված Լենինգրադում՝ 1942 թվականին։

Մայիսի 9-ի տոնական իրադարձություններից բացի, ողջ տարվա ընթացքում կկազմակերպվեն համերգներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ, հայրենասիրական միջոցառումներ, արիության դասեր, գիտաժողովներ, երիտասարդական պարային ֆլեշմոբեր, Հաղթանակի մարաթոններ: Հարավկովկասյան երկաթուղու նախաձեռնությամբ Հայաստանի երկաթուղային կայարաններում կցուցադրվեն պատերազմի մասին ֆիլմեր: Հայրենական Մեծ պատերազմի հայ մասնակիցների պատկերներով հազվագյուտ նամականիշերով շնորհավորական բացիկներ կուղարկվեն ամբողջ աշխարհով մեկ. սա Ռուսական տան նախագիծ է։ Վեց վետերաններ ռուսական կողմի հրավերով կմեկնեն Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Հաղթանակի գլխավոր շքերթներին:

Հոբելյանին նախապատրաստումը ցույց տվեց, որ Հաղթանակի հիշողությունը միավորում է նույնիսկ ութ տասնամյակ անց։ Զգացվում է՝ մարդիկ հպարտանում են իրենց անցյալով, փայփայում Հաղթանակի խորհրդանիշները և ցանկանում են այն պահպանել սերունդների համար։ Ժամանակն անողոք է, և Հաղթանակի օրերին, երբ մենք կարող ենք խոսել վետերանների, մասնակիցների և ողբերգական իրադարձությունների ականատեսների հետ, ինչ-որ բանով ուրախացնել նրանց, իսկ նրանք բոլորը պայծառ, զարմանալի մարդիկ են, մենք պարբերաբար շփվում ենք, իսկ նրանց թիվն ամեն տարի նվազում է: Հրավիրում ենք բոլորին, ում համար թանկ է Հաղթանակի հիշատակը, իսկ այնպիսի ընտանիքներին, որոնց դիպել է Հայրենական Մեծ պատերազմը, բացարձակ մեծամասնությունը, միանալ տոնական միջոցառումներին: Սա մեր ընդհանուր տոնն է, և մենք պարտավոր ենք այն փոխանցել ապագա սերունդներին:

ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս