
Այս ազգը դիակ չէ, որ Փաշինյանն ինչ ուզի՝ անի. Արթուր Մարտիրոսյան
Էստոնիա այց կատարած Նիկոլ Փաշինյանն ապրիլի 28-ին հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ. հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Փաշինյանն ու Միխալը հանդես են եկել հայտարարություններով, ապա՝ պատասխանել լրատվամիջոցների հարցերին։
«Մենք որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում և չենք կառուցում մի ուղղությամբ, և փորձում ենք գտնել և կառուցել ճիշտ բալանսներ մեր արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է Փաշինյանը՝ շարունակելով, թե այդ բալանսավորված արտաքին քաղաքականության արտահայտություններից մեկը Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընդունված օրենքն էր` Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ։
«Ուզում եմ ասել, որ նաև վարչապետի հետ քննարկումների ժամանակ ես ընդգծեցի, որ այդ օրենքը մենք դիտարկում ենք որպես լրացուցիչ խթան մեր ժողովրդավարական բարեփոխումների համար, որովհետև այսպես թե այնպես, ժողովրդավարական բարեփոխումների ռազմավարություն ենք վարում, և շատ կարևոր է, որ այդ ռազմավարության մեջ ունենանք լրացուցիչ խթաններ, և այդ օրենքը լրացուցիչ խթաններից մեկն է:
Բայց մյուս կողմից՝ ուզում եմ շատ հստակ լինել, որովհետև երբեմն նաև Հայաստանում արվում են մեկնաբանություններ, որոնք ճիշտ չեն արտահայտում, իմ կարծիքով, իրականությունը: Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք»,- ընդգծել է Փաշինյանը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը, խոսելով Փաշինյանի մատնանշած արտաքին բալանսավորված քաղաքականության մասին, նշեց՝ նա բազմավեկտոր քաղաքականության հնարավորության մասին խոսում է այն դեպքում, երբ աշխարհակարգը փոխվել է, այնպես որ, նրա քարոզած թեզն այլևս հնարավոր չէ իրականություն դարձնել։
«Ստացվելու է, որ որպես հետևանք՝ մենք ունենալու ենք ոչ թե և-և, այլ՝ ոչ-ոչ։ Փաշինյանը հայտնվելու է ո՛չ այնտեղ, ո՛չ այստեղ։ Դա նշանակում է, որ նա ոչ ոքի պետք չէ»,– ասաց Արթուր Մարտիրոսյանը։
Նա ընդգծում է՝ անկախ նրանից, որ Փաշինյանը որդեգրել է ԵՄ անդամ 27 երկրների մայրաքաղաքներ գնալու և օգնություն խնդրելու քաղաքականություն, փաստերն այլ բանի մասին են վկայում՝ ՀՀ-ն ԵՄ անդամ դառնալու որևէ չափանիշի չի համապատասխանում, իսկ ԵՄ անդամ չեն դառնում Ազգային ժողովում ընդունված օրենքով։
«Դա ձեզանից կախված չէ, դա օրենքով չի արվում, դա արվում է քրտնաջան աշխատանքով՝ չափանիշներին համապատասխանելու ճանապարհով, ինչը Հայաստանի պարագայում ուղղակի չի արվում»,- ասաց Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է Էստոնիայում Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է բարձր գին վճարել ԵՄ գնալու համար, Արթուր Մարտիրոսյանն ընդգծեց՝ այդ գինը լինելու է Հայաստանի ինքնության հրաժարման գինը, և, փաստորեն, այդ մարդը խոստանում է այն վճարել։
«Ո՞վ է մեզանից մեծ գին պահանջում, այն էլ՝ մեծ գին. թշնամական երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Փաշինյանն ասում է, թե պատրաստ է գնալ այդ ճանապարհով, միայն թե ազատվի ռուսական տնտեսական և այլ կախվածություններից, արդյունքում՝ ստացվելու է, որ ռուսական կախվածությունն այս մարդիկ փոխել են թուրքական կախվածությունով։ Ադրբեջանը պայմանագիր կնքելու գինը բարձրացնում է՝ պահանջում նոր զիջումներ։
Ալիևի պատկերացմամբ՝ պատերազմում պարտված կողմը պետք է եթե ոչ՝ օկուպացվի, ապա՝ չունենա բանակ։ Հայաստանին պարտադրում են Ալեքսանդրապոլի պայմանագիր, հայի ինքնության վերացում։ Դա է գինը։
Վստահ եմ՝ այս ազգը դիակ չէ, որ Փաշինյանն ինչ ուզի՝ անի. նա չի կարող մեր ինքնությունը փոխել, թեև դրան է ձգտում։ Այո՛, երբ նա ասում է, որ պատրաստ է թանկ գին վճարել, ինքնության վերացման գինը նկատի ունի, բայց չի հաջողվի, որովհետև այս ազգը դեռ ողջ է»,- շեշտեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։