Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացնող Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակութային ժառանգությունը պաշտպանող կոմիտեի անդամ
Սամարղանդում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում Ադրբեջանն ընտրվել է 2025-2029 թվականների համար մշակութային արժեքների ծագման երկրներ վերադարձի կամ անօրինական յուրացման դեպքում դրանց վերականգնման խթանման միջկառավարական կոմիտեի (ICPRCP) անդամ։
Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ «Այս ընտրությունը գնահատվում է որպես մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման հարցում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման և միջազգային ասպարեզում նրա ակտիվ նախաձեռնությունների բարձր ճանաչում»,- նշվել է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը մշտապես իր ենթակայության տակ գտնվող տարածքներում հետևողականորեն ոչնչացրել է հայկական մշակութային կոթողները, եկեղեցիներն ու հուշարձանները, իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ հանցավոր գործելակերպը ստացել է ավելի մասսայական բնույթ։ Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն վնասել է Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները:
Բոլոր տարածքներում կան ավերված ու պղծված եկեղեցիներ, հուշարձաններ։ Դրանց թվում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնահատակ ավերվել է, իսկ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածվել է մզկիթի։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «մշակութային ժառանգության» անվան տակ Ադրբեջանը հող է նախապատրասում ՀՀ-ի նկատմամբ հետագա տարածքային պահանջների համար։
Բրուքլինում գործող շահույթ չհետապնդող «Արվեստի իրավունքի կենտրոնն» (Center for Art Law) ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ միակ բանը, որ կարող է անել ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ պետության դեմ, նրա գործողությունները հրապարակայնորեն դատապարտելն է, պետության մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկից հանելը և դադարեցնելը պետությանը ֆինանսական կամ տեխնիկական աջակցության տրամադրելը։ Սակայն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն սխալմամբ ենթադրում է, որ Ադրբեջանը շահագրգռված է ռեսուրսներ հատկացնել հայկական մշակութային ժառանգության պահպանման համար։
Ըստ երևույթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ներդրումն է ունեցել Ադրբեջանի՝ «արվեստի լվացման» գործում՝ 2013 թվականին կազմակերպելով «Ադրբեջան՝ հանդուրժողականության երկիր» ցուցահանդեսը Փարիզի կենտրոնում և Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային կոչելով «բարի կամքի դեսպան»։ Հեղինակների կարծիքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կողմնակալ դերակատար է, որը մեղսակից է Ադրբեջանի կողմից մշակութային ոչնչացմանը։

