
«Այս անգամ իշխանության «կտերը» չենք ուտելու, մինչև «պեչատած» թուղթ չբերեն, որ որոշումը փոխել են, ճանապարհը չենք բացելու». Քասախի բնակիչ

Մոտ մեկ ամիս է՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում, որոնք ուղեկցվում են Երևան-Աշտարակ ճանապարհը փակելով։ Քասախցիները պահանջում են չեղարկել որոշումը, ըստ որի՝ Քասախը Երևանին կապող միակ՝ 59 համարի ավտոբուսը պետք է հանեն երթուղուց և այն փոխարինեն «գազելով»։ Նրանք մի քանի անգամ արդեն հանդիպել են պատկան մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, նրանց պահանջները չեն կատարվել։
Երեկ էլ Քասախ գյուղի մի խումբ բնակիչներ հանդիպում ունեցան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։
Քասախի բնակչուհի տիկին Սաթենիկի խոսքով՝ երեկ երեկոյան որոշել էին հավաքվել գյուղի «կլուբում», սակայն բնակիչները հասել են այնտեղ ու լույսերն անջատել են։
«Մտածված անջատեցին լույսերը, ասացինք՝ դե լավ, հենց միացնեն լույսերը, նորից կհավաքվենք, 2 ժամ հետո տվեցին, 10 րոպե հետո նորից տարան։ Երեկ էլ ՏԿԵ-ում հանդիպում եղավ, բայց ի՞նչ՝ բնակիչներին մերժել են ու այդ «գազելներն» են բերելու։
Չեն հասկանում, որ մարդիկ ի վիճակի չեն այդպես ապրել, այսինքն՝ ես 150 դրամ պետք է տամ, իջնեմ «Ֆիզիկայի խաչմերուկ», հետո 150 դրամ տամ, հասնեմ մետրո, հետո էլ 150 դրամ տամ՝ մետրոյով հասնեմ այլ վայր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը։
Նա նշեց՝ պատրաստվում են փակել Երևան-Աշտարակ ճանապարհը և այլևս չբացել։
«Ճանապարհը փակելու ենք ու այլևս չբացենք, այս անգամ իշխանությունների «կտերը» չենք ուտելու։ Մինչև գրավոր հրաման, «պեչատած» թուղթ չբերեն, որ որոշումը փոխել են, չենք բացելու։ Փաստացի ապացույց պետք է ունենանք, որ բացենք։
Ես իրատեսական չեմ համարում, որ մենք ձեռներս ծալած նստենք, սրանք հարց լուծեն, պիտի պայքարենք։
Իսկ երբ մեզ մեղադրում են, թե ճանապարհ փակելով հարց չեք լուծի, սխալվում են՝ Նիկոլ Փաշինյանը ճանապարհ փակելով չէ՞ր՝ եկավ իշխանության, մենք էլ իրենից ենք սովորել։ Գոնե այս հարցում մեզ չեն կարող մեղադրել, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ մենք ենք անում»,- հավելեց տիկին Սաթիկը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ընթանում են քննարկումներ, հավանաբար առաջիկա 2 օրերի ընթացքում կորոշեն, թե երբ կվերսկսեն բողոքի ակցիաները։