
Սուրեն Պապիկյանի ծանր առաքելությունը

Ադրբեջանը շարունակում է սահմանագոտում կրակոցները և դրանում մեղադրելը հայկական կողմին: Ադրբեջանը շարունակում է նաև ՀՀ զինված ուժերի զինումը դիտարկել որպես սպառնալիք՝ չհրաժարվելով սահմանափակում կիրառելու իր պահանջներից, բայց դրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմն ընդլայնում է իր ռազմական և ռազմավարական համագործակցության աշխարհագրությունը, այդ թվում՝ Չինաստանի համար աստիճանաբար ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր դառնալով Հարավային Կովկասում:
Միաժամանակ վերջին շրջանում սրվել են Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների՝ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները՝ ստանալով ռազմական դրսևորումներ, իսկ Իրանի հարավային հատվածում գտնվող Բանդար-Աբբասի նավահանգստում էլ տեղի է ունեցել ողբերգական պայթյուն, որի իրական պատճառը հայտնի չէ:
Մեր տարածաշրջանում և Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական և անվտանգային անհանգստության տեղիք տվող զարգացումների շարքը կարելի է շարունակել:
Եվ այս ամենի ֆոնին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշել է հրապարակավ հավատարմության երդում տալ իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և իր ստորագրությունը դնել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տակ՝ որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար, որով իշխող կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին:
Մասնավորապես, ապրիլի 26-ի առավոտյան Փաշինյանի խոսնակը՝ «Նիկոլ Փաշինյան՝ լրագրողից քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր և վարչապետ» վերտառությամբ տեսանյութ է տարածել սոցիալական իր էջում: Մեկ օր անց այդ տեսանյութով ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ իր կողմից նախաբան ավելացնելով:
Անշնորհակալ գործ չէ՞ երաշխավորել այլ մարդու՝ հայրենիք սիրել-չսիրելը, հատկապես, երբ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է: Ինչո՞ւ է հիմա և հենց այս տարբերակով այն տարածելու անհրաժեշտություն տեսել Սուրեն Պապիկյանը: Գուցե նրա համար, որ մարտին Փաշինյանը հենց ֆեյսբուքյան գրառմա՞մբ էր հանձնարարել իրեն՝ «հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի», և հիմա փաստորեն նույնկերպ տրվում է հաստատումը: Նշենք, որ Սուրեն Պապիկյանի դեպքում նման մի փաստ էլ արձանագրել էինք 2024 թվականի մայիսին:
Մի առիթով գրել էինք, որ Փաշինյանը ժամանակին 100 տոկոս վստահություն է ունեցել, օրինակ, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ, և այն կորցնելու մասին հրապարակավ չի խոսել, երբ 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում գեներալը հայտնել էր պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում իր արած առաջարկի մասին, կամ՝ երբ Փաշինյանն իմացել էր Օնիկ Գասպարյան-Սերժ Սարգսյան խոսակցության մասին: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 2021 թվականի փետրվարի 25-ին Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը: Գուցե բանակի, 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարած ռազմական ղեկավարության հանդեպ նա ավելի վաղ է կորցրել իր վստահությունը և չի արտահայտվել այդ ընթացքում, եթե հաշվի առնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնած տեղեկությունն ավելի արժանահավատ է համարել Փաշինյանը, քան Օնիկ Գասպարյանի զեկուցածը, ինչի մասին միայն պատերազմից հետո է խոսել:
Արդյո՞ք այս ամենը հաշվի է առնում Սուրեն Պապիկյանը, ով շատ ավելի լավ է ճանաչում իր քաղաքական առաջնորդին և նրա մերձակա շրջապատը, որտեղից ժամանակին իրեն՝ որպես պաշտպանության նախարարի, փորձել են թիրախավորել։
Թեև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, և Սուրեն Պապիկյանն էլ կուսակցական է, բայց պաշտպանական կառույցի ղեկավարի դեպքում նմանօրինակ գրառումներն ու «հավատարմության երդումները» կարող են չեզոքության խախտում դիտարկվել, անուղղակի «քաղաքական հրաման» բանակին, ավելորդ կաշկանդվածություն, թիրախավորում։ Այն թիրախավորում է նաև պաշտպանության նախարարին, որի կարգավիճակի նշաձողը Փաշինյանը փորձել է դե ֆակտո «իջեցնել»։
Ծանր առաքելություն է Նիկոլ Փաշինյանի վստահությունը չկորցնելու տրամաբանության մեջ գործելը, նրա՝ պատմական Հայաստանը սիրել-չսիրելը երաշխավորելը կամ «Իրական Հայաստանը» պաշտպանելը, երբ մասնագիտությամբ պատմաբան ես, երբ 2016-ին ՔՊ ջոկատից միայն դու ես պարգևատրվել «Գարեգին Նժդեհ» մեդալով, երբ իշխանափոխությունից հետո միայն քեզ են այլ ճամբարներից համարել իշխող ուժից ադեկվատը և ոչ ատելին, երբ գիտես, որ կարող ես քաղաքական չեզոքություն պահպանել, երբ անգամ հանրահավաքների ժամանակ քո անունն են հաճախ տալիս:
Առանց այն էլ Ռազմական ակադեմիայում գործող սպաներից չափից շատ և հաճախ եննվիրվածություն հայտնումՆիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին, որի դեմն առնելը հնարավոր չի լինում:
Իսկ տարբեր առիթներով Սուրեն Պապիկյանը նշել է, որ պաշտպանական նախարարությունը չի կարող այնքան բաց լինել, որքան այլ գերատեսչությունները, որ պաշտպանության նախարարը չի կարող հաճախ լռություն խախտել, ինչպես մյուսները: Արդյո՞ք վերը նշված դեպքերում չպետք է նույն ընկալումը, գիտակցումն ու մոտեցումը լինի…
Հ. Գ.
Հիշեցնենք՝ Ադրբեջանի բանակը գործելու է Ալիևի՝ 2025 թվականը սահմանադրության և ինքնիշխանության տարի հռչակելու հրամանի տրամաբանության մեջ, իսկ Սուրեն Պապիկյանն էլ փաստորեն համաձայնություն է տալիս, որ ՀՀ բանակը գործի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության համատեքստում, այլ հարց է՝ գործող օրենքի հետ այն ինչ խնդիրներ ունի: Չմոռանանք նաև, որ 2022 թվականի Սուրեն Պապիկյանը գտնում էր, որ Ադրբեջանը մեր թշնամին է, և օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքը, հիմա նա փաստորեն Ադրբեջանին այլ կերպ պիտի ընկալի, եթե անգամ խուսափում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ օպերատիվ և ուղիղ կապից, ինչը ժամանակին հանձնարարել էին Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը: