
Բանդար Աբբասի պայթյունը՝ հարված ոչ միայն Իրանին․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանըտելեգրամի իր ալիքում գրել է․
«Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հարված է ոչ միայն այդ երկրին։ Մինչ համաշխարհային մամուլը կենտրոնանում է զոհերի թվի, ավերածությունների և քիմիական նյութերի վրա, ստվերում է մնում կարևոր մի հանգամանք. փաստացի պարալիզացվել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային հանգույցը։
Խոսքը հենց այն երթուղու մասին է, որն առաջարկվում է որպես Սուեզի ջրանցքի իրատեսական այլընտրանք և որի զարգացումը Ռուսաստանն ակտիվորեն առաջ է մղում։ Միջանցքը պետք է կապի Սանկտ Պետերբուրգը հնդկական Մումբայի հետ՝ Իրանի նավահանգիստների միջոցով։
Բանդար Աբբասի նավահանգիստը պարզապես պահեստային գոտի կամ նավամատույց չէ։ Այն աշխարհառազմավարական նշանակության օբյեկտ է, որը տարեկան մշակում է տասնյակ միլիոնավոր տոննա բեռ։ Այստեղով անցնում են նավթամթերք, հացահատիկ, արդյունաբերական սարքավորումներ և հազարավոր կոնտեյներներ։ Սա այն հանգույցն է, որը պետք է ապահովեշի բեռների արագ ու մատչելի տեղափոխում Ռուսաստանից Հնդկաստան՝ շրջանցելով Արևմուտքը։
Այս պայթյունը վտանգի տակ է դնում ոչ միայն այդ ուղին, այլև՝ ամբողջ նախաձեռնության կենսունակությունը։
Այսպիսով, պայթյունը վթա՞ր էր, անփութությո՞ւն, թե՞ զգուշացման ազդանշան։
Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ միջադեպի պատճառը եղել է ամոնիումի պերքլորատի՝ հրթիռային վառելիքի բաղադրիչի պահպանման անվտանգության կանոնների խախտումը։ Հարմար վարկած է` հատկապես Իսրայելի հետ վերջին շրջանում ծագած ռազմական լարվածության ֆոնին։ Սակայն կուլիսներում արդեն շրջանառվում են այլ վարկածներ։
Իրականում պայթյունը ժամանակավորապես դուրս մղեց Իրանին միջազգային առևտրից։ Նավահանգստի աշխատանքի դադարեցումը արդեն իսկ հարված է հասցրել ինչպես արտահանմանը, այնպես էլ՝ նավթաքիմիական արդյունաբերությանը։ Ավելին՝ նավահանգստի տարածքում պահվում են նաև ռազմական նշանակության բաղադրիչներ, ինչը ենթադրում է, որ միջադեպը կարող էր նաև միտումնավոր լինել։
Այս ֆոնին՝ Մոսկվայի դիրքորոշումը դառնում է առավել կարևոր։ Ռուսաստանը դիտարկում է «Հյուսիս-Հարավ» միջանցքը՝ որպես համաշխարհային ապրանքաշրջանառության ապագայի շնչերակ։ Այն պետք է ապահովի ռուսական ապրանքների արտահանումը Հնդկաստան և հակառակը՝ համեմունքների, թեյի, դեղագործական արտադրանքի ու սարքավորումների ներմուծում՝ առանց Արևմուտքի ու Չինաստանի ճնշման։
Իրանը այս նախաձեռնության բանալին է։ Իսկ Բանդար Աբբասը՝ դրա փականը։ Արդյո՞ք այդ փականը պատահմամբ պայթեց, թե՞ ինչ-որ մեկը պարզապես հիշեցրեց, որ այն կարող է նաև փխրուն լինել։
Սա պարզապես տեխնիկական միջադեպ չէ։ Սա լակմուսի թուղթ է։ Եթե պայթյունին չհետևեն համակարգային բարեփոխումներ, անվտանգության բարձրացում, միջազգային վերահսկողություն ու լուրջ ներդրումներ, ապա «Հյուսիս-Հարավ» միջանցքը մնալու է մշտապես վտանգված։ Իսկ եթե այդ քայլերն արվեն, կնշանակի, որ թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը պատրաստ են դիտարկել «Հյուսիս֊Հարավ»֊ը որպես երկարաժամկետ ռազմավարության առանցք»։