Դիմեցի ՈՒԵՖԱ, ասացի՝ հավաքականը մազադաշտ դուրս չեմ բերի, եթե Թուրքիայի մարզադաշտում Ադրբեջանի դրոշ լինի. Ռուբեն Հայրապետյան

Օրեր առաջ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մի երկարաշունչ տեքստ էր գրել՝ փորձելով Հայոց ցեղասպանության ուրացման պատասխանատվությունը դնել ՀՅԴ-ի վրա, ինչպես անում են յուրաքանչյուր անգամ իրենք՝ իրենց քաղաքական առաջնորդի հետ միասին՝ հերթական հրաժարման, հանձնման ու ուրացման համար մեղադրելով բոլորին, բայց ոչ՝ իրենց:

Տեքստին կարելի էր չանդրադառնալ, եթե այն չավարտվեր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից տարիներ առաջ Արարատ լեռան տարբերանշանի հանման շահարկվող փաստով:

«Մնացածը հեքիաթներ են, ինչպես Արարատի պատկերը ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկից հեռացնելը որպես թյուրիմացություն որակելու դաշնակցական արդարացումները»,- գրել էր Հայկ Կոնջորյանը՝ երկրորդելով խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին:

Հայկ Կոնջորյանն այդ մասին նաև ԱԺ ամբիոնից էր խոսել, և 168.amՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին խնդրեց պարզաբանել՝ ի՞նչ էր այնուամենայնիվ տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Գյուլի այցին նախընթաց օրերին, և ինչպես էր Արարատ լեռան տարբերանշանը բացակայել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկից:

Կարդացեք նաև

«Կապիտուլյանտներին թվում է, որ Նոյեմբերի 9-ի պայմանագիրը կամ Պրահայի փաստաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց և ճանաչեց Ադրբեջանի կազմում, ես եմ ստորագրել… Նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ ֆուտբոլային դիվանագիտության օրերին մարզաշապիկի վրա Արարատ լեռան տարբերանշանը գնդակով ծածկելն ուղղակի թյուրիմացություն է եղել: Դա իմ մեղքն է եղել, և ես դրա մասին ժամանակին ասել եմ ու ներողություն եմ խնդրել: Կրկնում եմ՝ դա իմ բացթողնման հետևանքն է եղել, և որևէ քաղաքական ենթատեքստ դրանում չկա»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանը նկատեց՝ եթե իրեն դրա համար փորձում են մեղադրել, իր այդ «հանցանքն» ավելի ծանր չի եղել, քան Նոյեմբերի 9-ի կամ Պրահայի փաստաթղթերը ստորագրելը, հիմա էլ 3-րդ կապիտուլյացիային պատրաստվելը:

«Թող դրա մասին մտածեն, ոչ թե զինանշանը թյուրիմացաբար փակելը պատմություն դարձնեն»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:

Ռուբեն Հայրապետյանը հիշեցրեց՝ նույն Թուրքիայում հավաքականը խաղացել է հին մարզաշապիկով, որի վրա հստակ երևացել է Արարատը:

«Ուղղակի արդեն մեզ մոտ նոր մարզաշապիկով են հանդես եկել: Իմ բացթողումն է եղել, էլի եմ շեշտում, Ֆեդերացիայի աշխատակիցներն արել էին, ես էլ չէի հետևել»,- նկատեց ՀՖՖ նախկին նախագահը:

Նա նաև մի ուշագրավ հանգամանքի մասին խոսեց, որի մասին, բնականաբար, ՔՊ-ականները չեն խոսի:

«Մոռանում են, որ նույն Թուրքիայում՝ Բուրսա քաղաքում, 2009թ. հոկտեմբերին, ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղից առաջ որ թուրք ֆուտբոլասերներին արգելվեց մարզադաշտ մտնել Ադրբեջանի դրոշով, նույն Ֆեդերացիայի նախագահի շնորհքն էր: Եվ սա այն դեպքում, երբ Բուրսայի դատարանը որոշում էր կայացրել, որ կարող են Ադրբեջանի դրոշ տանել մարզադաշտ: Դիմեցի ՈՒԵՖԱ, ասացի՝ հավաքականը մարզադաշտ դուրս չեմ բերի, եթե Ադրբեջանի դրոշ լինի, և մի օրում ՈՒԵՖԱ-ն նոտա հղեց, ու Բուրսայի դատարանը նույն օրն իր որոշումը փոխեց, ու արգելեցին Ադրբեջանի դրոշներով մարզադաշտ մտնել: Մի դրոշ նկատվեց, ոստիկանները ծեծելով մարզադաշտից հանեցին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս