Փաշինյանը շակալի պես կրծում է հայկական պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

«Հայաստանի այս իշխանությունը նախորդած ժամանակաշրջաններում եղած երեք իշխանություններից տարբերվում է նաև նրանով, որ առաջնորդվում է թուրքական ժխտողական թեզերով։ Թուրքական պատմագիտությանն անգամ մի փոքր ծանոթ մարդիկ կհաստատեն՝ փաշինյանական իշխանությունը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում առաջնորդվում է թուրքական ժխտողականության թեզերով, ավելին՝ անում է աննախադեպ մի բան՝ ոչ մի բանի դիմաց համաձայնում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցն է դարձրել սակարկման առարկա, այլ նաև «շակալի պես կրծում է հայկական պետականության հիմքերը՝ Ալիևից և Էրդողանից դեսպանի կոչում ստանալու համար»։

Խոսելով Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին՝ Սուրենյանցը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն իր ուղերձում չի օգտագործել Օսմանյան կայսրություն ձևակերպումը՝ դրանով Թուրքիային ազատելով պատասխանատվությունից։

«Այսօրվա ուղերձում Թուրքիայի պատասխանատվության մասին որևէ խոսք չկա. քաղաքական գնահատական տրված չէ, հետևապես, հարց՝ ժխտողականությունը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Փաշինյանն ավելին է անում, քան թուրքական թեզեր գեներացնողները»,- ասաց Սուրենյանցը՝ ուշադրություն հրավիրելով նաև Փաշինյանի կողմից անընդհատ կրկնվող Մեծ եղեռն ձևակերպման վրա, որն իրավական պատասխանատվություն չենթադրող ձևակերպում է։

Կարդացեք նաև

Ըստ Սուրենյանցի՝ Հայաստանի իշխանության ղեկավարն այս ուղերձով նաև կասկածի տակ է դրել Հայաստանի Երրորդ Հանրապետության իրավաքաղաքական հիմքերը՝ Հայաստանի գոյությունը պայմանավորելով սահմանների սահմանազատման, իսկ ուղերձից առաջ էլ՝ Անկախության հռչակագրից հրաժարման հետ։

«Այսօրվա ուղերձից առաջ էլ խոսել էր նոր Սահմանադրության մասին՝ ցինիզմով հայտարարելով, որ Անկախության հռչակագրին հղում չպետք է արվի։ Իր հայտարարությունն արվեց այն նպատակով, որ ինչ տարածք էլ Հայաստանից մնա, դրանով բավարարվենք, որովհետև մինչ հիմա ինչ եղել է, եղել է ապօրինի։ Փաշինյանը պատերազմի հրձիգ է։ Այդպիսին է եղել թե՛ նախապատերազմյան պոռոտախոսությամբ, թե՛ հիմա, երբ դարձել է Ցռան Վերգո»,- ասաց Սուրեն Սուրենյանցը՝ շեշտելով՝ ամբողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը պետք է գեներացնի այնպիսի գործընթաց, որ Փաշինյանի կյանքը վերածվի դժոխքի, և նա Հայաստանում նոր Սահմանադրություն՝ ադրբեջանական և թուրքական պահանջներից ծնված, հանրաքվեի չդնի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս