
«Փաշինյանի արարքը դատապարտելի է. գոնե Ապրիլի 24-ին այդ խայտառակությունը չաներ». Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ Սփյուռքը միշտ պայքարել է Թուրքիայի, վերջին տասնամյակներում՝ նաև Ադրբեջանի դեմ, փորձել հասնել նրան, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և այդ ուղղությամբ բավականին հաջողությունների է հասել՝ շնորհիվ հայկական կազմակերպությունների աշխատանքների:
«Բայց երբեք մեր մտքով չի անցել, որ մի օր էլ պետք է պայքարենք անկախ Հայաստանի իշխանությունների դեմ, որպեսզի իրենք էլ անկեղծորեն ճանաչեն Ցեղասպանությունը: Մեր իշխանությունները, ճիշտ է, բացահայտ չեն ասում, որ Ցեղասպանություն չի եղել, բայց անիմաստ հարցեր են բարձրացնում, թե ինչ է եղել, ինչպես է եղել, ով է մեզ դրդել, այսինքն՝ անիմաստ խոսքեր, որոնք միայն օգնում են թուրքական ժխտողականությանը»,- շեշտեց նա:
Ջահերով երթի ավանդական ակցիաներից է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու ակցիան: Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու և անընդունելի. «Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելևս՝ հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է»,- ասված է խոսնակի միջոցով տարածված՝ Փաշինյանի հայտարարության մեջ:
Հարութ Սասունյանը մեծ ցավով է կարդացել Փաշինյանի այս հայտարարությունը. «Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետը քննադատում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը: Մեր թշնամիները ոչ թե դրոշ էին այրում, այլ մեր մարմինները, սպանում ու հոշոտում էին. դրոշակ այրելը բաղդատած մարմիններն այրելուն՝ գրեթե ոչինչ է, և մեր վարչապետն անամոթաբար քննադատում է դրոշի այրումը: Շատ լավ են անում, որ այրում են. երանի ամեն օր այրեն և ավելի գործնական քայլերի դիմեն: Ապագային նայելով՝ ասեմ, որ եթե այսպես շարունակվի, հաջորդ քայլը լինելու է Երևանում թուրքական և ադրբեջանական դեսպանատների բացումը, կարող եմ ենթադրել, թե ինչ հարձակումների դրանք պետք է ենթարկվեն գրեթե ամեն օր, և Փաշինյանը դա էլ կդատապարտի, եթե այդ ժամանակ դեռ վարչապետ լինի, հուսամ՝ չի լինի:
Երբեք չեմ լսել, որ Փաշինյանը ծանր խոսք ասի Ալիևի մասին, Էրդողանի մասին, կամ ընդհանրապես թուրքերի և ադրբեջանցիների մասին, բայց վերջին 7 տարիներին գրեթե օր չի անցնում, որ հարձակողական, ագրեսիվ խոսքեր չասի հայ կազմակերպություններին, կուսակցություններին, ընդդիմությանը, որը հարիր չէ երկրի ղեկավարին: Նա հարձակվում է իր ժողովրդի զավակների վրա և լուռ մնում թշնամիների հանդեպ: Մեր թշնամին հայկական ընդդիմությունը չէ, Թուրքիան և Ադրբեջանն են, իսկ վարչապետն ասելիք չունի այդ մասին, սա շատ արտառոց բան է»:
Անդրադառնալով իշխանական պրոպագանդային, թե Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու ֆոնին են ադրբեջանցիները կրակել Խոզնավարի ուղղությամբ, նա շեշտեց, որ Ադրբեջանը շաբաթներ շարունակ կրակում է. «Վերջին տարիներին, երբ Ադրբեջանը հարձակվում էր մեր գյուղերի վրա, Փաշինյանը հրահանգ էր տվել մեր զինվորներին, որ չկրակեն, այդպիսով ավելի քաջալերելով ադրբեջանցիներին, որ ավելի հանդուգն մտնեն մեր հողերը՝ իմանալով, որ ինքնապաշտպանություն չկա: Պատահում էին շատ ցավալի դեպքեր, երբ ադրբեջանցի զինվորները մտնում էին ՀՀ տարածք, և քանի որ հայ զինվորը հրահանգ էր ստացել չկրակել ադրբեջանցի զինվորի վրա, վերջինս ձեռքով բռնում հայ զինվորին և տանում էր ադրբեջանական բանտ:
Բառ չեմ գտնում նկարագրելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Երբևէ չէինք պատկերացնի, որ Հայաստանի իշխանությունը կարող է այսպիսի լկտի դիրքորոշում ունենալ հայ ժողովրդի դեմ: Դա է պատճառը, որ ես հաճախ տպավորություն ունեմ, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Ալիևը, և ինչ ուզում՝ անում է: Եթե Ալիևը նստեր ՀՀ վարչապետի աթոռին, ավելի վատ բաներ չէր կարող անել, քան այն, ինչ Փաշինյանն արդեն անում է»:
Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբերյալ նա նշեց, որ Փաշինյանը տարին 365 օր խոսում է խաղաղության մասին, և «գոնե Ապրիլի 24-ին այդ խայտառակությունը չաներ», այդ մասին չխոսեր. «Ապրիլի 24-ը նա պղծում է՝ շահարկելով այն իր քաղաքական հաշիվների համար: Ոչ մի հայ իրավունք չունի Ապրիլի 24-ն օգտագործել իր քաղաքական կամ անձնական նպատակների համար: Դատապարտելի է:
Իր հայտարարության մեջ բարեբախտաբար «ցեղասպանություն» բառն օգտագործել է, ես վախենում էի, որ չի օգտագործի: Նա այն երկու անգամ է օգտագործել, 3 անգամ՝ Մեծ եղեռն արտահայտությունը: Մենք ժամանակին փորձում էինք աշխարհին համոզել, որ Մեծ եղեռն չասեն, այլ՝ Հայոց ցեղասպանություն, Փաշինյանը երեք անգամ Մեծ եղեռն է ասում: Բայց, բարեբախտաբար, ցեղասպանություն բառն էլ է գրել: Ամեն տարի սպասում էինք՝ ԱՄՆ նախագահը Մեծ եղեռն կասի՞, թե՞ Ցեղասպանություն, հիմա էլ ամենաանհավատալի բանը, որ կարող էր պատահել՝ նույն սպասումն ունենք, թե մեր վարչապետը ցեղասպանություն պետք է ասի՞, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում