
Ճիճվի ձվիկներն ինչպե՞ս են հայտնվում օրգանիզմում, կապ ունե՞ն ծովամթերքը, միսը, ջուրը, փողը․ Վարակաբանի պարզաբանումը
Եղանակների տաքանալով՝ բավականին ակտիվանում են ճիճուներով պայմանավորված հիվանդությունները, որոնք այլ կերպ կոչվում են նաև հելմինթոզներ։ Ինչպե՞ս են դրանք հայտնվում մարդու օրգանիզմում, ի՞նչ վնասներ կարող են հասցնել։ Այս մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հայկ Հարությունյանի հետ։
– Ո՞րն է ճիճվակրության զարգացման պատճառը։
– Ի տարբերություն մյուս ինֆեկցիոն հիվանդությունների՝ ճիճուները, դրանցով առաջացած հիվանդություններն ունեն որոշակի առանձնահատկություններ, որոնք ինչ-որ առումով առանձնացվում են ինֆեկցիոն հիվանդություններից։ Իրենց ընթացքի առանձնահատկությունն այնպես է, որ չունեն հստակ գաղտնի շրջան, որը բնորոշ է մնացած ինֆեկցիոն հիվանդություններին, և չունեն փուլայնություն։
Վարակի օջախի վրա ազդել գրեթե հնարավոր չէ, որովհետև նրանք ամենուր են, և վերացնել աշխարհի երեսից բոլոր ճիճուներն անհնար է, ուստի միակ օղակը, որ կարող ենք ազդել և որոշ չափով կանխել ճիճուներով վարակվելու հավանականությունը և դրանով պայմանավորված հիվանդությունները, դրանք փոխանցող մեխանիզմներն են։ Այստեղ մեծ դեր ունի մարդկանց գիտակցումը, որ միշտ ավելի հեշտ է կանխարգելումը, քան բուժումը։
Առօրյայում մենք շատ ենք շփվում ճիճուների հետ։ Իրենց արտաքին տեսքով կարող են լինել կլոր, տափակ։ Որպես վարակի աղբյուր՝ հանդիսանում են կենդանիները, մարդը։ Բնության մեջ գոյություն ունեն այլ կենդանի օրգանիզմներում։ Կարող են վարակվել բոլորը, և վարակման ուղիները հիմնականում պայմանավորված են հիգիենայի կանոններով, և երեխաները մի քիչ դժվարությամբ են կարողանում պահպանել կանոնները, դրա համար վարակվելու առումով խոցելի խմբում են։
– Ի՞նչն է հանդիսանում վարակի աղբյուր։
– Կենդանիները, ոչ նորմալ ջերմային մշակման ենթարկված միսը, իսկ բնության մեջ կարող է լինել հողը, ջուրը, որտեղ երկար ժամանակ պահպանվում են հարուցիչները և փոխանցվում մարդուն։ Փոխանցման մեխանիզմները բազմաբնույթ են։ Կարող են լինել սննդի, ջրի միջոցով, փոխանցվել կենցաղ-կոնտակտային ճանապարհով, այսինքն՝ երբ մարդն արդեն գործ ունի աղտոտված միջավայրի հետ։
– Ըստ օրենքի՝ կոմունալ տնտեսությունները պետք է պարբերաբար փոխեն խաղահրապարակների ավազը։ Արվո՞ւմ է։
– Որոշ երեխաներ սննդանյութերի պակասից սկսում են բերանը տանել հող կամ որևէ առարկա։ ԱՀԿ տվյալներով՝ տարեկան մոտավորապես 400 միլիոն մարդ վարակվում է հելմինթոզով։ Բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են վարակի քանակը նվազեցնելուն, փոխանցումը կանխարգելելուն, արդարացված են։ Հիմա, եթե տվյալ խաղահրապարակը պարբերաբար աղտոտվում է շան արտաթորանքով կամ մարդկային գործոններով, բնականաբար, մեծացնում է վարակվելու հավանականությունը։ Ճիճուների մեծ մասը շրջափուլն անցնում է նաև արտաքին միջավայրում, և ձվիկների առկայությունն արտաքին միջավայրում նվազեցնելով՝ մենք գրեթե ամբողջական կարող ենք բուժել հիվանդությունը։ Ճիճվի կյանքը մաքսիմում մեկ տարի է, և, եթե անգամ մարդը դեղորայք չխմի, ինքն իրեն սատկելու է՝ դուրս գա օրգանիզմից։
Օրինակ, ասկարիդի ձվիկները պետք է ընկնեն արտաքին միջավայր, 2-3 շաբաթ 20 աստիճանից բարձր և թթվածին պարունակող պայմաններում հասունանան, ձուն վերածվի թրթուրի և նոր մարդը կարողանա վարակվել։ Դրա համար մարդը վարակվում է մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Երեխաները շատ են շփվում հողի հետ, և խաղահրապարակը խոցելի վայր է։ Վարակվելու հաճախակիությունը դիտվում է ոչ նորմալ մշակված, լվացված բանջարեղեն օգտագործելիս։ Ոչ բոլոր ջրերը կարող են մաքուր լինել, և չիմանանք, թե որտեղից եկող ջրով են ջրում մեր հողամասերը։
– Ճիճուներն իրենք իրենց սատկում են, բայց օրգանիզմում «ժառանգներ» թողնում են, չէ՞։
– Անպայման սերունդ թողնում են արտաքին միջավայրում, որը պետք է անցնի որոշակի շրջափուլ։ Սրատուտի պարագայում օրգանիզմում չի կարող կրկնավարակ լինել, չնայած որոշակի դեպքեր նկարագրված են, որ ձվիկները հասունանալով՝ դառնալով ճիճու, կարող են հետադարձ ճանապարհով հետանցքով բարձրանալ։ Ցանկացած կենդանի օրգանիզմ ինքնապաշտպանական բնազդով սերունդ թողնելու հատկություն է ձևավորել և սրատուտի դեպքում արդեն սեռահասուն ձևերը հատկապես գիշերը, երբ մարդու մկանային համակարգը շատ ավելի թույլ և հանգիստ վիճակում է, պարտադիր դուրս են գալիս արտաքին միջավայր․ հետանցքի շրջանի մաշկը նուրբ ու փափուկ է և այն վնասելով՝ ձվիկները տեղադրում են այնտեղ։ Նույն պրոցեսը չի կարող տեղի ունենալ աղիքային համակարգում, իրենք պարտադիր պետք է դուրս գան արտաքին միջավայր։
– Բա ի՞նչ անեն, որ չհասունանան ձվիկները։
– Այստեղ կարևոր է հիգիենան։ Վերը նշված պրոցեսի ընթացքում առաջանում է բավականին արտահայտված քոր՝ հետանցքի շրջանում և երեխան փորձում է քորել, հպվել տվյալ հատվածներին՝ վերցնելով տվյալ ձվիկները, որոնք պահպանվում են եղունգների տակ, մաշկին, տանում է բերանը։ Սրատուտի կյանքի տևողությունը շատ կարճ է 2-3 ամսից, նույնիսկ ձվադրելու ժամանակ արդեն սատկում և օրգանիզմից դուրս է գալիս։ Այսինքն, կարևոր է փոխանցման մեխանիզմը կտրելը։
– Լվացվելը չի ազատո՞ւմ խնդրից։
– Պարբերաբար լվացվելը պարտադիր է։ Անձնական հիգիենան պետք է պահել, որովհետև սրատուտը, ինչպես հասկացանք, կարող է փոխանցվել ձեռքերի, սպիտակեղենի, ներքնաշորերի միջոցով։
– Մարդը որ նիհարում է, ասում են՝ ուրեմն ճիճու ունի․ այդպե՞ս է։
– Կարող է մարդու օրգանիզմում ճիճու լինի, ու նա չիմանա այդ մասին, որովհետև հաճախ անախտանիշ է ընթանում, հատկապես, եթե նորմալ իմունիտետ ունեցող անձի հետ գործ ունենք։ Հետևանքը լինում է այն, որ ճիճուներն անընդհատ գրգռելով մարդու իմուն համակարգը՝ բերում են ալերգիաների առաջացման։ Կարող են պարբերաբար լինել մարսողական խանգարումներ, սննդանյութերի և վիտամինների պակաս։
– Ծովամթերքը, սուշին ճիճուների առաջացման պատճառ հանդիսանո՞ւմ են։
– Այո, ծովամթերքները կարող են փոխանցման գործոն հանդիսանալ, որովհետև ջուրը կարող է աղտոտված լինել։ Մեր երկրում քիչ է հանդիպում, բայց կան ճիճուներ, որոնք գոյատևում են արտաքին միջավայրում, պահվում են կակղամորթերի օրգանիզմում, և մարդը կարող է վարակվել ծովաթերքի միջոցով։
– Ակնե, դերմատիտ կարո՞ղ է առաջանալ ճիճվի պատճառով։
– Տեսականորեն հնարավոր է՝ պայմանավորված օրգանիզմի երկարատև ալերգիզացիայով, վիտամինների պակասով։ Բայց դա զուտ տեսական է, որովհետև առօրյայում դժվար է ասել՝ ակնեն պայմանավորվա՞ծ է ճիճվով, թե՞ ոչ։ Ճիճվակրության դեպքում կլինիկական դրսևորումներից են մարսողության խանգարումները։ Եթե ասկարիդները մեծ քանակով են, կարող են խցանել աղիքը, առաջացնել անանցանելիություն։ Նույնիսկ դեպքեր կան նկարագրված, որ կարող է բարձրանալ ու խցանել լեղուղիները, առաջացնի լեղու կանգ։ Պարբերաբար կարող են ցավեր լինել որովայնում, լուծ, փորկապություն, սրտախառնոց։
– Ճիճվակրությունը սակավարյունության պատճառ հանդիսանո՞ւմ է
– Ասկարիդի և սրատուտի պարագայում չի կարող անեմիա առաջանալ, սակայն մարսողության խանգարումներով պայմանավորված՝ կարող է որոշակի կապ առաջանալ։ Եթե մարսողությունը խանգարվում է, կարելի է ենթադրել, որ սննդանյութերի ներծծումն է խանգարվում և օրգանիզմում տարբեր խնդիրներ կարող են առաջանալ, նաև անեմիա։
– Միակ դեպքը, որ ասում են՝ փողը ձեռքի կեղտ է, երևի ճիճուների դեպքում է։ Այն հանդիսանո՞ւմ է վարակի աղբյուր։
– Տեսականորեն հնարավոր է։ Ճիճուներն ավելի շատ գտնվում են բնական միջավայրում, և փողն այդ պահին պետք է աղտոտված լինի, որպեսզի փոխանցվի։ Բայց մինչև փողին հասնելն առօրյայում շատ գործոններ կան՝ սննդամթերք, ջուր։ Մենք գրեթե ամեն օր շփվում ենք ճիճուների, ճիճվի ձվիկների հետ և, եթե չպահպանենք հիգիենայի կանոնները և չկատարենք կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակվելու հավանականությունը բավական մեծ է։
– Սրատուտի ձվիկները 2 շաբաթ մնում են արտաքին միջավայրում՝ խաղալիքների վրա, զուգարանակոնքին… Շատերը զուգարանից դուրս գալուց հետո չեն լվացվում։ Այսինքն, մեխանիկորեն վարա՞կ են տարածում։
– Այո։ Դա ամենամեծ և ամենահավանական վարակի տարածման ուղիներից մեկն է։ Կոչվում է նաև կենցաղ-կոնտակտային, այսինքն՝ մարդը կարող է շփվել կենցաղային իրերի, մարդկանց հետ, բարևի և առողջ մարդուն վարակի։
– Ճիճուները վախենո՞ւմ են սխտորից, դդմի սերմերից, քրքումից։
– Դրանք ավելի շատ բուժական ազդեցություն կարող են ունենալ։ Որոշակի նյութեր կան, որ ազդում են ճիճուների մկանային համակարգի վրա, կարող են թուլացնել։ Վերջիվերջո, օրգանիզմում գոյատևելու համար որոշակի մեխանիզմներ ունեն, ու կարելի է շատ հանգիստ ազդել դրանց վրա։ Բայց որպես կանխարգելիչ միջոցառում՝ արդարացված չէ։ Կանխարգելիչ ճիճվաթափումը կամ պրոֆիլակտիկ դեղեր խմելը չի ապահովելու, որ չվարակվեն։ 1-2 օր հետո, երբ դեղորայքի ազդեցությունն անցնի, մարդը եթե չկատարի մնացած կանխարգելիչ միջոցառումները, վարակվելու հավանականությունը նույնն է, ինչ նախքան դեղ խմելը։
– Եթե ընտանիքի անդամներից մեկն ունի ճիճու, բոլորը պե՞տք է հետազոտվեն։
– Պարտադիր։ Դա արդեն կոչվում է ընտանեկան օջախ։ Հետազոտվել պետք է, որ հասկանանք՝ վարակի ինչ օջախի հետ գործ ունենք՝ ընտանեկա՞ն, թե՞ կարող է երեխան սնվում է որևէ տեղ, որտեղ օջախն է։ Այն հաճախ հանդիպում է հողագործությամբ զբաղվող անձանց մոտ։
– Ի՞նչ հետազոտություններ են արվում՝ ճիճուների առկայությունը բացահայտելու համար։
– Հետազոտման մեթոդներից հիմնականը կղանքի մակրոսկոպիկ հետազոտումն է։ Ձվիկների հայտնաբերման համար միկրոսկոպիկ մի քանի մեթոդներ կան։ Արյան անալիզի միջոցով հայտնաբերվում են օրգանիզմի սինթեզած հակամարմինները, որը հարաբերական է, և միայն դրանով ախտորոշում չենք կարող տալ։
– Եթե մեկ անգամ օրգանիզմում ճիճուները «բույն» են դրել, բնավորությո՞ւն է դառնում, անընդհատ հայտնվելո՞ւ են։
– Դա պայմանավորված է մարդու սովորություններով։ Եթե ճիճվի փոխանցման մեխանիզմները համընկնում են իր վնասակար սովորությունների հետ, հաճախ են կրծում եղունգները, լինում խաղահրապարակում և այլն։ Ճիճուները ոչ թե օրգանիզմների հետ, այլ միջավայրի հանդեպ սեր ունեն։ Եթե գործ չունենանք այդ միջավայրերի հետ՝ վարակվելու հավանականությունը կքչանա, ինչքան էլ նախկինում կրող ենք եղել։