
Մենք ունեցել ենք նաև փորձ, որ Ադրբեջանում պահվող մի խումբ մարդիկ տարիներ հետո եկել էին Հայաստան․ իրավապաշտպան

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աանն Բոյոնն օրերս վերահաստատել է հայ գերիների ազատ արձակման կարևորությունը և կոչ արել ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր։ Հայ գերիների ազատ արձակման պահանջով տարբեր կոչերը, հայտարարությունները, սակայն, դեռևս անարդյունավետ են․ հաստատված 23 գերիները շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտերում, իսկ չհաստատված գերիների թիվը շուրջ 80 է։
«Ալիևն օգտվում է աշխարհում այս կիսաքաոտիկ փոփոխությունների պայմաններից, բայց ես համոզված եմ, որ եթե ՀՀ իշխանություններն իրենց քաղաքականությամբ չնպաստեին այդ գերիների ու պատանդների Ադրբեջանում հայտնվելուն և, մասնավորապես, զինգերիների, մենք վաղուց այլ արդյունք կունենայինք»,- 168․am-ի հետ զրույցում այս հարցով ՀՀ իշխանությունների անգործությանն անդրադառնալով՝ նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը։
Միջազգային տարբեր կառույցների պասիվությունն էլ, ըստ իրավապաշտպանի, պատահական չէ, քանի որ այդ կառույցները, օրինակ, ղեկավարում են ոչ թե ժողովրդի ընտրյալներ, այլ գլոբալիստական պղտոր կենտրոնների կադրեր, որոնց աջակցությունը, ըստ նրա, վայելում են նաև ՀՀ օրվա իշխանությունները։
Ամեն դեպքում, Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ այս հարցում պետության միասնական դիրքորոշումը, ջանքը, տարբեր միջազգային դերակատարներին, Ադրբեջանի հետ մտերիմ երկրների ղեկավարներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, օրինակ՝ Human Rights Watch (Հյուման Ռայթս Վոտչ)-ին և «Ամնեսթի ինթերնեյշնլ»-ին, դիմելը հնարավորություն կտար իրավիճակում որևէ բան փոխել։
«Ցավոք, ոչ միայն դրանց հետ չեն աշխատում, այլև հայտարարվել է, որ հնարավոր է հետ վերցնեն այն դատական գանգատները, որոնք տրված են ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպանն իր հասարակական կազմակերպության աշխատանքային փորձը հիշեց, երբ հավելեց թշնամու կողմից չհաստատված գերիների թվի մասին․ նա Բաքվի այդ գործելաոճը մտահոգիչ համարեց՝ նկատառմամբ, որ այդ գերիներին թաքցնելու պատճառներն անհանգստացնող են մարդկային թրաֆիքինգի, մարդկային օրգանների վաճառքի արատավոր իրողությունների համատեքստում։
«Ադրբեջանում ավելի շատ մարդիկ են պահվում անազատության մեջ, և այս ժամանակներում, իհարկե, ինձ անհանգստացնում է, թե այդ ի՞նչ նպատակով են թաքցնում այդ մարդկանց։ Մենք ունեցել ենք փորձ, երբ հինգ տարուց հետո Ադրբեջանում մասնավորի մոտ պահվող անձը հրաշքով վերադարձվել է՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը միշտ հերքել է այդ անձի պահման մասին հարցումները։
Մենք ունեցել ենք նաև փորձ, որ ադրբեջանական ընտանիքներում իբրև նոքար պահվող մի խումբ կանայք ու մի տղամարդ տարիներ հետո եկել էին Հայաստան՝ Վրաստանի միջոցով»,- մանրամասնեց իրավապաշտպանը։
Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության գերեվարված պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվից հղվող ուղերձներին՝ նկատելով, որ դրանք անհրաժեշտ են այս ծանր օրերին։
«Նա օրինակ է ուժեղ կամքի, հայրենասիրության և կիրթ անձի։ Ես խոնարհվում եմ այդ անձնավորության կամքի ու ինտելեկտի առաջ, – նկատեց նա, ապա անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հասցեին իշխանական շրջանակներից հնչող ինչ-ինչ կասկածներին՝ հավելեց,- Ցավոք սրտի, մեր իշխանավորների համար ինտելեկտը, կամ մտավորականը վերին աստիճանի ոչ միայն խորթ, այլև հակառակվող տեսակ է»։