Այ ձեր ցավը տանեմ, էս ի՞նչ եք անում. այսօր ՀՀԿ-ի դեմ ավելի շատ եք խոսում, քան իշխանափոխության մասին. միայնակ ոչ ոք ոչինչ չի կարողանալու անել. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • ՀՀԿ-ն Գյումրիի ընտրություններում խնդիր ուներ աջակցել բոլոր այն ընդդիմադիր թեկնածուներին, որոնք կկարողանան այնպես անել, որ ՔՊ-ն առավել շատ ձայներ չստանա ու քաղաքապետ չունենա։ Ըստ էության դա հաջողվեց։ Իսկ թե ինչո՞ւ այդ ընտրությունների ընթացքում և հետո ՀՀԿ-ն թիրախավորվեց, ապա ՀՀԿ-ն վաղուց է թիրախավորված, որովհետև որոշ ընդդիմադիր ուժեր իրենց առաջ նպատակ են դրել ՀՀԿ-ն թիրախավորելը դարձնել իրենց պայքարի մաս։ Ինձ համար անհասկանալի էր այն վակխանալիան, որը հաջորդեց Գյումրիի ընտրությանը հաջորդող օրերին, մինչև ընդդիմադիր 2-րդ ամենաշատ ձայները ստացած ուժի թեկնածուն հայտարարություն արեց։ Բոլոր սլաքներն անուղղակիորեն ուղղվեցին ՀՀԿ-ի դեմ, և սա այն դեպքում, երբ ՀՀԿ-ն այդ ընտրություններում թեկնածու չուներ։

Ինչևէ, կարևորն այն է, որ գյումրեցիները կատարեցին պատվախնդիր ընտրություն, և ես հույս ունեմ, որ դեռ շատ երկար ժամանակ Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Եթե Գյումրիի ընդդիմադիրները մինչև վերջ պինդ մնան, ապա Գյումրին չի ունենա ՔՊ-ական քաղաքապետ։ Տեսականորեն ապրիլի 16-ին ՔՊ-ի կողմից «քաղաքական անասնագողության» փորձը չի բացառվում, բայց ես հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա։ Հիմա էլ չերևացող դաշտերում ճնշումներ գործադրվում են՝ շահագրգռելուց սկսած՝ մինչև սպառնալիքներ, բայց հույս ունեմ՝ ընդդիմադիր դաշտերում ամուր թիմեր են ձևավորվել, և այդ դաշտից որևէ մեկին հնարավոր չի լինի շեղել իրենց ճանապարհից։ Խոսքս բոլոր 4 քաղաքական ընդդիմադիր ուժերի մասին է։ 

Կարդացեք նաև

  • Մարտուն Գրիգորյանն առաջադրվելու վերաբերյալ իր որոշումը կայացնելուց հետո, բարեկրթության բոլոր կանոնները պահելով, տեղյակ է պահել ՀՀԿ-ին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ի հետ միասին գտնվում է միևնույն խմբակցության կազմում, բայց դա չի նշանակում, որ նա իր գործողությունները համաձայնեցրել, համաձայնեցնում կամ ապագայում համաձայնեցնելու է ՀՀԿ-ի հետ։

  • Ամենայն հարգանքով Միքայել սրբազանի ու Հայ Առաքելական եկեղեցում նրա ծառայության հանդեպ, Միքայել սրբազանի թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ խոսքը, իհարկե, շատ կարևոր է։ Եկեղեցին հաճախ է պետության գործառույթ կատարել մեր ժողովրդի համար, եղել սնուցողն ազգային արժեքների, և այսօր էլ համարենք, որ նույն իրավիճակն է, բայց երբ մտնում են քաղաքական խորխորատներ, անում հայտարարություններ, որոնք ճշմարտության հետ աղերսներ չունեն, ու իրենք էլ գիտեն այդ մասին, ապա այդ ամենին արձագանք պետք է լինի։ Մեր հարգարժան սրբազանը սխալ ճանապարհով է գնում, եթե իր արած հայտարարությունները համարում է իր համոզմունքը։ Տպավորություն է, որ ինչ-որ մեկի խնդրանքն է կատարում, փորձում է ՀՀԿ-ին հանել Եկեղեցու դեմ, բայց դա չի ստացվելու, քանի որ Հայ Առաքելական եկեղեցու հետ մեր հարաբերությունները նաև մեր ծրագրային մաս են։ Այդ շրջանակները շատ վատ ծառայություն են մատուցում նաև մեր Եկեղեցուն։ Հույս ունեմ, որ սա մի էպիզոդ էր, որը կանցնի ու շարունակություն չի ունենա։ Մենք բաց ենք, 35 տարի ՀՀԿ-ն եղել է քննադատությունների թիրախում, հաշվի նստել բազմաթիվ առողջ քննադատությունների հետ, բայց երբեք ու երբեք մեզ համար ընդունելի չեն եղել կեղծ, մանիպուլյատիվ բնույթի պնդումները։ 
  • Ես չգիտեմ՝ որպես անձ՝ Միքայել սրբազանն ի՞նչ ունի ՀՀԿ-ի դեմ, բայց մենք չենք կարող հաշտ լինել զրպարտության ու կեղծիքի հետ, ուզում է դա ասի զինվորական, դիվանագետ, թե մեկ այլ մարդ։ Հենց կեղծիքն է բոլորիս հասցրել այսօրվա մեր վիճակին։ Մեր էն ժամանակվա սխալն էր, որ զրպարտություններին, կեղծիքին, սուտ մանիպուլյացիաներին լուրջ չենք վերաբերվել, հաճախ չենք հակադարձել, անտեսել ենք։ Դրա համար հասարակությունը հավատաց «բանակում սոլյարկա չկար, զինվորը սոված էր, բիզնեսը 50/50 էր, կարմիր գծերը սրանն է, նրանն է» ու նման հիմարություններին, հիմա էլ ասում են՝ դուք եք բերել Նիկոլին ու դուք եք պահում։ Նման կեղծիքների տարածումը թույլ չենք տալու: Նման դրսևորումներով նեոնիկոլիզմն է հասունանում մեր երկրում, նոր նիկոլիզմ, որը չպետք է թույլ տանք: 
  • Մեր ցավն այն չէ, որ մենք իշխանություն ենք կորցրել։ Երանի՜ մեզնից լավ իշխանություն գար, մենք էլ կուզեինք, մենք էլ ենք էս երկրի քաղաքացիներ, բայց ամբողջը քանդել են, Արցախը հանձնել են, մեր սահմաններին արդեն ձեռք առնելով են կրակում ադրբեջանցիները… Պետություն ունեցող ոչ մի ժողովրդի հետ այսպես չեն վարվում։ Ու այս իրավիճակում փոխանակ նույն կետի մասին մտածող մարդիկ համախմբվեն, առաջնորդեն մարդկանց դուրս բերելու այս վիճակից, սա է կատարվում։ Հասարակությունն էլ սա տեսնում է ու, օբյեկտիվորեն, ասում է՝ այս ի՞նչ եք անում։
  • Արցախի հաղթանակն Ալիևին որպես նվեր տրվեց Նիկոլի և նրան բերողների կողմից։ 
  • Այսօր աշխարհաքաղաքական այս զարգացումների ընթացքում ավելի լուրջ դերակատարներ են մտել խաղի մեջ։ Մեր երկրի դեմ ուղղված մարտահրավերները կարող են մեզ համար նաև դառնալ հնարավորություններ: Բայց դրա համար պրոֆեսիոնալ աշխատանք է պետք: Կան հնարավորությունների պատուհաններ, ու այս իրավիճակում Նիկոլն անվտանգային լուրջ խնդիրները թողած՝ ժողովրդին ասում է՝ գնացեք, կրթվեք, աղքատությունը ձեր գլխում է, հետապնդումների է ենթարկում որոշ ընդդիմադիրների, ընդդիմության ամենաշատ տուժած հատվածն էլ ասում է՝ դուք եք բերել Նիկոլին՝ թիրախավորելով ՀՀԿ-ին։ Այ ձեր ցավը տանեմ, էս ի՞նչ եք անում, ինչի՞ մասին եք խոսում։ Այսօր արդեն ընդդիմադիր որոշ շրջանակներում ՀՀԿ-ի դեմ ավելի շատ են խոսում, քան իշխանափոխության մասին։ Շատերն արդեն մանդատի մասին են մտածում, երբ հայտնի չէ՝ վաղն ինչ կլինի երկրի հետ։

  • Ադրբեջանն ուզում է պարտադրել, որ Նիկոլ Փաշինյանը կատարի իր բոլոր պահանջները՝ դիմացը ոչինչ չտալով։ Կենդանիներին ո՞նց են խաղացնում։ Այ այդ վիճակում են պահում Փաշինյանին և նրա կառավարությանը։ Ու ՀՀ քաղաքացիներին նսեմացնելով՝ ասում են՝ մենք ենք որոշողը ձեր ճակատագրի՝ վաղը Սահմանադրությունը կփոխեք, հետո ադրբեջանցիներին կընդունեք, ինքնապաշտպանության մասին կմոռանաք… Սա նշանակում է՝ նախ դանդաղ, հետո՝ արագ վերանալ։ Սյունիքում հիմա դա է կատարվում՝ հոգեբանական ճնշում, վախի մթնոլորտ, որ աստիճանաբար թուլացնեն ինքնապաշտպանական բոլոր բնազդները։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է պահել տարածաշրջանում միջազգային խաղացողի կարգավիճակը։ Քաղաքականությունն առևտուր է։ Ոչ ոք Ադրբեջանի վրա մատ թափ չի տալիս, բացի Ռուսաստանից, որին այս տարածաշրջանում նոր լարում պետք չէ։ Պետք չէ նաև Ամերիկային։ Բայց կա նաև Եվրոպան։ Ալիևն ընկել է պարտքի տակ։ Պարտք է Թուրքիային, Իսրայելին, Մեծ Բրիտանիային։ Բոլորը հասկանում են՝ տեղի է ունենում աշխարհի նոր բաժանում, ու Ալիևն այս իրավիճակում իր հարցերն է լուծում։
  • Մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք, մենք շատ հաճախ սառը չենք կարողանում դատել, ու սա առաջին հերթին վերաբերում է իշխանությանը, որը չի հասկանում՝ ինչ է կատարվում իր երկրի հետ, ու ինչ է սպառնում նրան։ Միայն մի խնդիր ունի՝ իշխանություն պահել։ Նրանք ՀՀԿ-ի պես չեն լինելու, հրաժարական չեն տալու ու չեն գնալու, ամեն ինչ անելու են, որ իշխանությունը պահեն, ուզում է՝ մեծ մասը գնա ու դեմ քվեարկի ՔՊ-ին։ Դրա համար մենք ասում ենք՝ իմփիչմենթի հնարավորությունը չի կարելի փակել։ Ընդդիմության մյուս թևը ոչ թե չի ուզում, այլ չի հավատում իմփիչմենթին։ Մենք էլ ասում ենք՝ իսկ ի՞նչ երաշխիք, որ 2026թ չի լինելու 2021թի կրկնությունը։ Իմփիչմենթը ապագա կառավարությանը հնարավորություն կտա չեղարկել այսօրվա իշխանության որոշումները, բացի դրանից, ընդդիմադիր թևերին իրապես միավորման կտանի, ինչպես, օրինակ՝ Սրբազան շարժումը։
  • Եթե անվտանգություն չունես, ո՛չ առողջապահություն կարող ես ունենալ, ո՛չ գյուղատնտեսություն, ուզում ես՝ նույն ոլորտում 8 նախարար դիր իրար կողքի, ոչինչ, որևէ ոլորտ չի կարող աշխատել, զարգանալ, եթե երկրում անվտանգություն չկա:
  • Սրանք սկզբում Հիսուս էին խաղում, հետո՝ քարտեզագետ-ռազմական ստրատեգ, իրավաբան, հիմա էլ դարձել են կրթության միսիոներ՝ ժողովրդին կրթում են…
  • Մենք մեր պայքարը չենք դադարեցնում, ուզում եք՝ միացեք, ուզում եք՝ ոչ։ Բայց իմացե՛ք՝ միայնակ ոչինչ չեք կարողանալու անել, մենք էլ չենք կարողանալու անել։ Այդպես է ի վերուստ։ Մենք «դատապարտված» ենք միավորվել։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս