ՀՀ սուվերեն տարածքը «կազատագրվի» սահմանազատման արդյունքում. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսնում է հնարավորություն 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքը Հայաստանին վերադարձնելու։
«Իհարկե, տեսնում եմ հնարավորություն։ Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պապիկյանը։
Նա սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անելիքն է համարում նաև ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական հողերի ճշգրտման հարցը։
Հարցին՝ տեղեկություն ունի՞, թե ինչ 110 կմ-ի մասին է խոսում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Պապիկյանը նշեց, որ վաղ է այդ մասին խոսելը։
Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդել էր, որ ՀՀ զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում։
«Այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովին։ Հիմա խոսել մի բանի մասին, որի շուրջ պիտի հանձնաժողովն աշխատի, կարծում եմ՝ իմաստ չունի»,– ասաց նախարարը։
Միևնույն ժամանակ Պապիկյանը նշեց՝ եթե ԱԺ նախագահը թիվ է ասել, ապա դրա համար բավարար հիմքեր ունի։

