«Ես հիվանդանոցային երևույթ եմ». Արմեն Աշոտյանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին վկա Անի Ղանդիլյանի հարցաքննությունն էր: Նա վարել է ԵՊԲՀ հիմնադրամի և Հերացի արհեստակցական կազմակերպության հաշվապահությունը գործում առկա ժամանակահատվածում։

Հաջորդիվ Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց թույլ տալ Արմեն Աշոտյանին հեռակա կարգով մասնակցել ԵԺԿ միջոցառմանը, որը կկայանա ապրիլի 2-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 15:00-16:00:

Մեղադրողն առարկություն չուներ. Դատավորը Արմեն Աշոտյանին թույլատրեց մասնակցել ԵԺԿ միջոցառմանը:

Կարդացեք նաև

Այսօրվա դատական նիստում վկայի հարցաքննությունը շարունակվեց: Նախորդ դատական նիստին հարցեր էին հնչեցրել դատախազն ու պաշտպանական կողմը, այսօր` դատավորը։

Դոլմազյանը մասնավորապես հետաքրքրվեց աշխատավարձի հաշվարկման կարգի մասին, կազմակերպությունում` հիմնադրամում, աշխատավարձից զատ տրվող վճարների մասին։ Ի պատասխան` Անի Ղանդիլյանը մանրամասնեց, թե հավելումները, հավելավճարներն ու պարգևավճարներն ինչ հիմքով են տրվել:

ՊՎԾ ստուգումների մասին ևս հետաքրքրվեց Դոլմազյսնը` արդյո՞ք մասնակցել եք, Անին պատասխանեց` այն մասով, ինչով գործառույթներով առնչվել եմ:

Դոլմազյանն ի մասնավորի՝ հետաքրքրվեց 2015թ. օգոստոսի հրամաններով հավելավճարներ տալու պրակտիկայի մասին: Վկան պատասխանեց՝ կոնկրետ այդ մասով չի հիշում, որ հարցադրումներ լինեն։ Դատավորը նկատի ուներ այն հրամանը, երբ նույն մարդիկ նույն ամսում ԵՊԲՀ-ում մի քանի անգամ են ներկայացվել հավելավճարների:

Հաշվապահը մի քանի անգամ շեշտեց, որ իրեն ներկայացվող փաստաթղթերին չի կարող առարկել, այսինքն`ինչ տրվել է, դրա շրջանակում պետք է կատարեր փոխանցումները:

Հաջորդիվ հարցաքննվեց մյուս վկան՝ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Իրինա Մալխասյանը: Վերջինս ասաց՝ անդամ է՝ սկսած 2014թ.-ից: Աշոտյանին էլ հենց հոգաբարձուների խորհրդից գիտի, որը նախագահում էր հենց ինքը՝ Աշոտյանը:

«Ես բացարձակապես չեմ կարող հստակ հիշել տասը տարի անց նիստերի մանրամասնությունները, այս երևույթի մասին տեղեկացել եմ հաջորդ ռեկտոր պարոն Մուրադյանի ժամանակ, երբ տեղի ունեցան ստուգումներ և նշվեց այս գործի մասին, որի մասին տեղեկության չեմ տիրսպետում»,- ասաց վկան:

Մյուս վկան` Սամվել Գալստյանը, թեև ներկայացել էր, բայց ժամանակի սահմանափակման առումով չհարցաքննվեց, խնդրեցին գնալ ու ներկայանալ հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 25, 10։00:

Վկա Իրինա Մալխասյանն ասաց նաև` այստեղ քննվողի մասին միայն իմացել է քննիչից, երբ նախանցյալ տարի հրավիրվել է ՔԿ:

Իրինա Մալխասյանն ի պատասխան դատախազի հարցադրումների` ներկայացրեց հոգաբարձուների խորհրդի գործառույթները` նկատելով, որ խորհրդի քննարկումները չեն ունեցել պարբերական բնույթ և չեն վերաբերել, օրինակ, կոնկրետ գնումների մանրամասների: Նշեց՝ խորհուրդը 32 հոգուց է կազմված, և որոշումները կայացվում են մեծամասնության համաձայնությամբ

Դատախազը հետաքրքրվեց` եղե՞լ է դեպք, երբ հարց է դրվել քննարկման, և անհրաժեշտ քվորումի բացակայության պայմաններում հարցի քննությունը հետաձգվել է:

Վկան ասաց՝ մեկ անգամ է եղել նման դեպք՝ վիճաբանություն, Արմեն Մուրադյանի ընտրության հարցով:

Վկան արհմիության անդամ է եղել միշտ: Հիշեց, որ աշխատավարձի 0,51 տոկոս է կազմել անդամավճարի չափը տարբեր տարիներին:

«Հերացի» արհեստակցական միության ու դրան նախորդած արհմիության մասին հարցադրումներ հնչեցին:

Վկան նշեց, որ անձամբ ոչնչից չի օգտվել, չի մասնակցում միջոցառումների:

«Ես հիվանդանոցային երևույթ եմ»,- ասաց վկան՝ հավելելով, որ եզակի դեպք է եղել, երբ դիմել է արհմիությանը, այն էլ՝ պատերազմից հետո, որպեսզի պատերազմին մասնակցած կոլեգաները վճարվեն բացակայության դիմաց, և արհկոմիտեի կողմից տրամադրվեց այդ գումարը։

Վկան հիշեց նաև, որ Արմեն Աշոտյանի` ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ստանձնելու օրը՝ առաջին նիստին, շնորհավորել է և ասել, որ ուրախ է, որ բժիշկ է ղեկավարելու և համալսարանի հանդեպ ավելի սրտացավ կլինի:

Իրինա Մալխասյանի հարցաքննությունն ընդհատվեց. Կշարունակվի հաջորդ նիստին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս