Դատարանն Արմեն Աշոտյանին թույլատրեց հեռավար մասնակցել ԵԺԿ միջոցառմանը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին Արմեն Աշոտյանի տնային կալանքի հերթական եռամսյա ժամկետը լրանալու հետ կապված՝ քննարկվեց նրա խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը:

Հանրային մեղադրող Դոլինյան կրկնեց այն, ինչ ասում է յուրաքանչյուր 3 ամիսը մեկ՝ քննության վրա ազդելու ռիսկը չի վերացել:

Լսելով կողմերին՝ դատավորն ասաց, որ թեև դատավարության մեջ որոշակի առաջընթաց կա, բայց դատարանի արձանագրած մտավախությունները չեն փարատվել: Հետևաբար՝ Արմեն Աշոտյանը կշարունակի գտնվել տնային կալանքի ռեժիմում ևս 3 ամիս:

Կարդացեք նաև

Արմեն Աշոտյանը, սակայն, կկարողանա հանդիպել ՀՀԿ ԳՄ անդամների հետ իր տանը:

Այսօրվա դատական նիստում վկա Անի Ղանդիլյանի հարցաքննությունն է: Վկան նիստին ներկայացել էր առանց փաստաբանի: Նա վարել է ԵՊԲՀ հիմնադրամի և Հերացի արհեստակցական կազմակերպության հաշվապահությունը գործում առկա ժամանակահատվածում։

Բացի Ռոլանդ Դավթյանից` մյուս մեղադրյալներին վկան ճանաչում է. Արմեն Աշոտյանին` որպես քաղաքական գործիչ, իսկ մյուսներին` որպես անմիջական ղեկավար։ Քրեական գործի մասին նախնական հարցաքննություններից է տեղեկացել։ Նա նաև անդամակցում է Հերացի արհեստակցական միությանը։ Մինչ այդ Անի Ղանդիլյանն անդամակցել է նաև այլ արհմիության՝ տեղեկացնելով, որ նախկին արհեստակցական միությունը պահում էր իր անդամ համալսարանի աշխատակիցների աշխատավարձի 1 տոկոսը, իսկ Հերացին` 0,5 տոկոսը։

Հանրային մեղադրողի հարցին՝ նախորդ արհմիության նախագահը հաշվետվություն ներկայացրե՞լ է անդամներին, թե իրենցից գանձվող գումարներն ինչ են արվել, Անի Ղանդիլյանը պատասխանեց` իմ տեղեկություններով՝ նախկին արհեստակցական միությունը չի գործել, իսկ նոր միությունից օգտվել է` ինչքանով հասցրել է, գնել են ներկայացման տոմսեր, հանգստացել են Նավասարում։ Չի հիշում, թե նախկին արհեստակցական միության նախագահն ով էր։ Ի պատասխան դատախազի հարցադրումների` վկան նաև տեղեկացրեց, որ առանց արհմիության նախագահի հանձնարարականների՝ չէր կարող գործել։

ԵՊԲՀ ներկայացուցիչ-փաստաբանը հետաքրքրվեց` տեղյակ եղե՞լ եք, որ գումարները, որոնք փոխանցել եք նախկին արհմիությանը, փոխանցվել են նոր միությանը։ Վկան ասաց` տեղյակ եղել է ու համաձայնություն էլ է տվել նոր արհեստակցական միության անդամ լինելու վերաբերյալ:

Վկայի հարցաքննությունը կշարունակվի ապրիլի 9-ի նիստին:

Այսօր Աշոտյանի պաշտպանները միջնորդություն ունեին: Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված` հարցաքննությունն ընդհատվեց միջնորդությունը լսելու համար:

Դատական նիստի ընթացքում պարզվեց՝ գործով 10-րդ վկան՝ Հայկ Մհերյանը, մահացել է:

Հաջորդիվ Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց թույլ տալ Արմեն Աշոտյանին հեռակա կարգով մասնակցել ԵԺԿ միջոցառմանը, որը կկայանա ապրիլի 2-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 15:00-16:00:

Մեղադրողն առարկություն չուներ. Դատավորը թույլատրեց Արմեն Աշոտյանին մասնակցել ԵԺԿ միջոցառմանը:

Տեսանյութեր

Լրահոս