Ախր ինչպե՞ս կարող է քարտաշը զբաղվել անվտանգությամբ. էս երկրում ամեն ինչ խառնվել է իրար. Զոհրաբ Բեկ-Գասպարենց
«Մարդիկ շատ են չարացել, նախանձն է ավելացել, պատերազմներ են՝ աջ ու ձախ։ Շատ երկար ժամանակ մտածում էի՝ ինչո՞ւ է այդպես, անընդհատ ինքս ինձ հետ կռիվ էի տալիս և, ի վերջո, որոշեցի նկարել «Բարի մարդիկ» ֆիլմը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ֆիլմը նկարելու պատճառների մասին, նման տեսակետ հայտնեց ռեժիսոր, սցենարիստ Զոհրաբ Բեկ-Գասպարենցը՝ հավելելով՝ սա ֆիլմ է՝ առաջին հերթին բոլոր հայերի մասին։
«Շատ եմ ուզում, որ կինոթատրոնից դուրս եկողը շրջվի ու կողքինին ասի՝ ինչո՞վ օգնեմ քեզ»,- ասաց Բեկ-Գասպարենցը՝ հայ ժողովրդին ոտքի կանգնելու և ուժեղանալու կոչ անելով։
«Մի տեսակ շատ երկար ենք անցյալի մասին վերլուծություններ անում, բայց պետք է առաջ գնալ, պարտադիր պետք է դուրս գալ այս վիճակից, սա մեզ տանում է կործանում։ Քարտաշը պետք է զբաղվի քարտաշությամբ, դիվանագետը՝ դիվանագիտությամբ։ Ախր ինչպե՞ս կարող է քարտաշը զբաղվել անվտանգությամբ. էս երկրում ամեն ինչ խառնվել է իրար. ոչ ոք իր տեղում չէ»,– ասաց Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է դուրս գա իրեն հրամցված կա՛մ թուրքական վիլայեթ, կա՛մ ռուսական գուբերնիա երկընտրանքից. այդ ընտրությունն անգամ խոսում է դեպի կործանում տանող ճանապարհի մասին, և պետք է ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայող յուրաքանչյուր հարաբերությունից օգտվի։
«Առանց Հայաստան, առանց Երևան՝ ո՞ւմ է պետք Մոսկվան կամ Լոս Անջելեսը… Ես մեծացել եմ Արարատով, այն պատմություններով, որոնք լսել եմ։ Որ ասում են՝ Արցախն ու Արարատը մի՛ հիշի, դա նույնն է, որ ասեն՝ տատիկիդ ու պապիկիդ մի՛ հիշի, իրենց երգերը մի՛ հիշի, ես իմ հիշողությունն ինչպե՞ս սպանեմ։ Ասել և ասում եմ՝ մենք պետք է սիրենք հող ու հայրենիք, փողն ու ոսկին սիրում է թուրքը, որը գիտի՝ հողն առնում է փողով ու դավաճանի գլուխն առաջինը կտրում»,- ասաց ռեժիսորը՝ ընդգծելով՝ Հայաստանին օդի և ջրի պես հաղթանակներ են պետք, թեկուզ փոքր և ճիշտ դիվանագիտություն։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։



