
Այստեղ գրեթե հավասար սուբյեկտներ են, և փաստ է, որ Մարտուն Գրիգորյանն ունի ոսկե քարտ ու խաղարկելու է այն․ Հրանտ Միքայելյան

«Գյումրին ու Փարաքարը ցույց տվեցին, որ իշխանությունն այլևս չի կարողանում հաղթել, որ կեղծ ընդդիմություն ստեղծելու քաղաքականությունն այլևս չի աշխատում»,- 168․am-ի հետ զրույցում արտահերթ ՏԻՄ ընտրություններն այսպես ամփոփեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Կեղծ ընդդիմություն» որակումը քաղաքագետը վերագրում է բոլոր այն ուժերին, որոնք մանր պարտնյորի կարգավիճակում իբր քննադատում են իշխող ուժին, բայց վերջում միավորվում նրա հետ։ Վերջինին, ըստ նրա, ականատես եղանք Երևանում։
Մեկ այլ արձանագրում, որ արեց Հրանտ Միքայելյանը, ընդդիմության հաղթանակի բանաձևն էր՝ «ընտրությունները նաև ցույց տվեցին, որ եթե ընդդիմությունը միավորվի, ապա կարող է հաղթել»։
Մարտուն Գրիգորյանի որոշման ձգձգման պատճառները քաղաքագետը բնական է համարում՝ հաշվի առնելով այդ թեկնածուի ուժեղ դիրքը։
«Նա հավաքել է գրեթե այնքան, ինչքան Վարդան Ղուկասյանը․ գուցե փորձում է բանակցել պայմանների մասին, որովհետև այստեղ գրեթե հավասար սուբյեկտներ են, և կա փաստ, որ առանց Մարտուն Գրիգորյանի՝ կոալիցիա չի կազմվելու։
Ես չգիտեմ՝ բանակցության առարկան ինչ է, բայց փաստն է, որ Մարտուն Գրիգորյանն ունի ոսկե քարտ և խաղարկելու է այն»,- պարզաբանեց նա։
Արձագանքելով հարցին՝ արդյոք այս ընտրությունը կարո՞ղ է դառնալ առավել մեծ՝ համապետական պրոցեսի սկիզբ, Հրանտ Միքայելյանը տեսականորեն չբացառեց, սակայն նաև նկատեց, որ նշաններ կան, որ չի դառնա։
«Գյումրիում շատ կարևոր գործոն է եղել տեղական գործոնը․ տեղական հեղինակությունները, հայտնի մարդիկ կարողացել են շատ քվե հավաքել, ինչը չի նշանակում, որ դա համապետական բնույթ ունի։ Այսինքն՝ մի կողմից ունենք միտում, որ իշխանության վարկանիշը նվազել է, որ իշխանության լծակներն անգամ թույլ չեն տալիս շատ քվե հավաքել, բայց մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Գյումրիում կան առանձին հեղինակություններ։
Քաղաքական կամպանիան, ամեն դեպքում, եղել է Ռուբեն Մխիթարյանինը, որն այդքան էլ բարձր տոկոս չի հավաքել, ու այստեղ էլ խնդիր կա՝ ծայրահեղ ընդդիմականությունը դեռ այդքան պահանջարկ չունի։
Ու ևս մեկ բան՝ մենք տեսնում ենք նաև, որ ընդդիմությունը դեռ չի կարողացել համախմբված աշխատել, ու հիմա էլ կան հարցեր այդ առնչությամբ»,- մանրամասնեց քաղաքագետը։
Այս հարցի շուրջ վերջնական եզրակացություն, ըստ նրա, հնարավոր կլինի կազմել հետագա զարգացումներից հետո։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի են ունեցել ավագանու համամասնական ընտրություններ: Մասնակցությունը կազմել է 44.61% (58 978 ընտրող)։
Գյումրիում անցկացված ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք։ Անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԿԿ-ն, «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքները, ինչպես նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Նախնական հաշվարկների համաձայն` մանդատները բաշխվում են այս համամասնությամբ` ՔՊ (թեկնածուն՝ Սարիկ Մինասյան)՝ 14, ՀԿԿ (Վարդան Ղուկասյան)՝ 8, «Մայր Հայաստան» (Կարեն Սիմոնյան)՝ 2, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան)՝ 6, «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան)՝ 3։ «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։
Փարաքարի ընտրություններին մասնակցել է 3 կուսակցություն և 1 դաշինք: Նախնական արդյունքներով՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (թեկնածուն` Լյուդվիգ Գյուլնազարյան)՝ 3669, «Միասնություն» դաշինք (ներառում է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները, թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյան)՝ 6508, «Ազգային առաջընթաց» կուսակցություն (թեկնածուն՝ Դավիթ Մինասյան)՝ 900, «Կայունություն» կուսակցություն (թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյան)՝ 426: