Երկաթը տաք-տաք են ծեծում. Մարտուն Գրիգորյանի որոշումը պետք է բավարարի ՔՊ-ին մերժած ընտրողներին. Մարգարիտ Եսայան

Մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Փարաքար խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն կրեց բոլոր 9 համայնքներում, և Փարաքարում իշխանությունը միանձնյա ստանձնեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։

Միանձնյա իշխանություն ձևավորել չստացվեց, սակայն, Գյումրիում. որտեղ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, ընտրություններին մասնակից 9 քաղաքական կուսակցություններից որևէ մեկին չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս քվե՝ իշխանություն ձևավորելու համար։

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 17.183 քվե, ձայների 36.24 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ 9727 քվե, ձայների 20.51 տոկոսը, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ 7380 քվե, ձայների 15.56 տոկոսը, «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ 3734 քվե, ձայների 7.87 տոկոսը։

Կարդացեք նաև

Արդյոք երեք ընդդիմադիր կուսակցությունները կմիավորվե՞ն՝ Գյումրիում 50+1 ապահովելու համար՝ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանից։

«Այո, գնդակը հիմա Մարտուն Գրիգորյանի դաշտում է, որովհետև առաջատար մյուս ընդդիմադիրներն արդեն հայտարարել են, որ պատրաստ են իրենց քվեն տալ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Կարծում եմ, որ Մարտուն Գրիգորյանն այնպիսի հայտարարություն չի անի, որ հիասթափեցնի իր ընտրողներին,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ ընդգծելով,- Մարտուն Գրիգորյանի որոշումը պետք է բավարարի այն ընտրողներին, որոնք մերժել են ՔՊ-ին»։

Եսայանի համոզմամբ՝ ընդդիմադիր քաղաքապետը պետք է ամեն ինչ սպասի ՔՊ-ական իշխանությունից և չվախենա, որ կարող է ձերբակալվել, սակայն խնդիրն այս հարցում արդեն տեղափոխվում է նաև Երևանի դաշտ. Երևանը ևս պետք է կանգնի գյումրեցիներին կողքին և ապահովի նրանց թիկունքը։

«Չպետք է մինչև 2026 թվականը նստել և սպասել հերթական ընտրություններին. դա ձեռնտու տարբերակ է լինելու ՔՊ-ի համար, որովհետև նրանք իրենց ձեռքում ունեն ուժային կառույցներ, հետևապես, քաղաքական բաղադրիչը պետք է ակտիվ պահել փողոցում և մտածել նաև իմպիչմենտի գործընթացի մասին։

Երկաթը տաք-տաք են ծեծում, գյումրեցին մերժել է ՔՊ-ին և ձայն տվել ընդդիմությանը։ Նրանք իրենց քայլն արել են, ընդդիմադիրները պետք է վերցնեն այդ դրոշն ու գնան առաջ։ Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, պետք է տեղի ունենա ամբողջ Հայաստանում։ Պետք է սկսել համազգային ընդվզում»,- խոսքը եզրափակեց Եսայանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս