Կփոխվի՞ արդյոք Իրանի դիրքավորումը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նոր ճնշումների դեպքում

Բաքուն հերթական անգամ խոսել է Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ առկա խնդիրներից։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ է արել Երևանին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով՝ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու», իսկ այն բաց թողնելը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «սխալ կլինի»։

«Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են հարթում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն այն իրագործելու համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից»,- ասել է Ամիրբեկովը՝ հավելելով՝ «չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, երկրների միջև լարվածությունը պահպանվում է»։

Նա ասել է, թե «համաձայնագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը», և, որ «խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն էլ հայտարարել է, թե Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պնդումը, որ Ադրբեջանն իբրև թե նոր նախապայմաններ է առաջ քաշել խաղաղության պայմանագրի համաձայնությունից հետո, անհիմն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարին հայտնի էին սահմանադրական փոփոխությունների ու Մինսկի խմբի լուծարման Բաքվի պահանջները, դրանք, ըստ Հաջիզադեի՝ բանակցային թեմա են եղել վերջին երկուսուկես տարում։

Կարդացեք նաև

«Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, պետք է անհապաղ փոփոխի Սահմանադրությունը, հրաժարվի Ադրբեջանին ուղղված տարածքային հավակնություններից և չխուսափի Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համագործակցությունից»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել «Folha»-ին և ասել, թե տասնամյակների հակամարտությունից հետո մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն ու տևական կայունություն։ Սակայն, ըստ նրա, սա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից։

«Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի՝ արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։ Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը»,- նշել էր Միրզոյանը։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշու,։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ նախապայմանները և այնպիսի պայմանների առաջադրումը, որոնք լուծումների երկար փուլ են նախատեսում, ցույց է տալիս, որ չկա համաձայնագիրն արագ ստորագրելու քաղաքական կամք և որոշում։

Ըստ նրա, եթե չկա նման որոշում, որևէ հորդոր և կոչ այն չի փոխի։

Ուստի, Տարասովի կարծիքով, միջազգային հանրության հայտարարությունների տեսքով հորդորները որևէ արդյունքի չեն հանգեցնի, եթե չկան հստակ քայլեր ու նախաձեռնություններ։

«Կարծում եմ՝ լայնամասշտաբ սրում երևի թե չի լինի, սակայն համաձայնագիրն էլ մոտ ապագայում չի ստորագրվի, եթե անակնկալ որևէ ազդեցիկ նախաձեռնություն կամ միջնորդություն չլինի։ Սակայն դա ներկայումս գրեթե բացառված է, քանի որ միջազգային նոր հարաբերությունների հիմքերը ներկայումս են ձևավորվում։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շատ ավելի մեծ խնդիրներ ունեն, քան անդրկովկասյան իրավիճակն է։

Ըստ իս, ՌԴ-ն կցանկանար այս բանակցություններից հետո անդրադառնալ այս ռեգիոնին, իսկ ԱՄՆ-ը դեռ չունի հստակ ձևավորված դիրքորոշում, Թուրքիան իր հերթին՝ զբաղված է իր միջազգային դերակատարության բարձրացմամբ և Թրամփի հետ առաջիկա հանդիպմամբ ու բանակցություններով։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Իրանը փորձում է ամրապնդվել և պատրաստվում է ԱՄՆ-ի կողմից հնարավոր ճնշումների, զուգահեռաբար՝ Իրանը հետևում է անդրկովկասյան զարգացումներին, ու ԻԻՀ ԱԳ նախարարի այցը Հայաստան կարևոր էր՝ ընդգծելու համար Իրանի կարմիր գծերը»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, Իրանի հայտարարությունները բավականին զուսպ ու հավասարակշռված են, սակայն Իրանը պահպանում է իր նախկին դիրքորոշումը և դեմ է ռեգիոնում իրավիճակի սրմանը։

«Եթե ԱՄՆ-ն էլ ավելի չսրի իր դիրքորոշումը և քայլերն Իրանի դեմ, ապա Իրանը կպահպանի իր այս դիրքավորումը, և ռեգիոնալ իրավիճակը կպահպանվի այնպես, ինչպես ներկայումս, դուրս չի գա վերահսկողությունից։ Ներկայումս Իրանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը անդրադառնում է նաև Հարավային Կովկասում զարգացումների վրա։ Կան երկրներ, որոնք ակնկալում են, որ կլինեն ճնշումներ, և կան երկրներ, որոնց շահերից սա չի բխում»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս