Ասում եք՝ ռուսները հեռացան Արցախից, հիշեք՝ ֆրանսիացիները Կիլիկիայից ոնց փախան գիշերով… Թուրքիայի դաշնակից Ֆրանսիան զո՞րք է բերելու թուրքերի դեմ. Ռուբեն Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները, որպես կանոն, քաղաքականացված ընտրություններ են, ու Էրդողանի քաղաքական կարիերան նույնպես սկսվել է այդ ճանապարհով։ Այսպիսի տարածված միֆ կա՝ նա, ով կարողանում է դառնալ Ստամբուլի քաղաքապետ, կարող է դառնալ Թուրքիայի ղեկավար, ու Էրդողանը դրա վառ ապացույցն է։ Նա նույն ճանապարհով է հարթել իր քաղաքական կարիերան՝ վերելքը, դառնալով երկրի ղեկավար: Հիմա ստեղծվել է իրավիճակ, որ Էրդողանի քաղաքում՝ Ստամբուլում, իր թեկնածուները պարտվում են, երկու անգամ հաղթում է Էքրեմ Իմամօղլուն, ով կրկնում է Էրդողանի կերպարը, բայց ավելի աշխարհիկ է, ոչ իսլամամետ։ Նա լավ հռետոր է, ակտիվ է սոցցանցերում, ունի միլիոնավոր հետևորդներ… Առաջիկա նախագահական ընտրություններում նա արդեն դե յուրե ընդդիմության միասնական թեկնածուն է։
  • Էքրեմ Իմամօղլուի ակտիվությունը, նրա շփումները մարդկանց հետ նրան ավելի մրցունակ են դարձնում անգամ Էրդողանի նկատմամբ։ Էրդողանը կարծես հաշվարկում է՝ Իմամօղլուի հետ իր հիմնական ճակատամարտը տա հիմա՞, երբ նա դեռ Ստամբուլի քաղաքապետ է, թե՞ հաջորդ ընտրություններում։ Էրդողանը նաև հանդես է գալիս որպես խնամակալ՝ ճանապարհ հարթելով իր հետնորդի համար, որը հավանաբար կլինի արգործնախարար Հաքան Ֆիդանը։ Հաքան Ֆիդանը, իհարկե, հմուտ գործիչ է, գորշ կարդինալ, բայց հռետորաբանությամբ զիջում է Իմամօղլուին։ Էրդողանն իր ուժին բախտի քմահաճույքին չի թողնում, որ եթե անգամ ինքը չառաջադրվի, Թուրքիայի հաջորդ ղեկավարը լինի իր ուժից։
  • Իմամօղլուի համալսարանական դիպլոմը ևս կեղծ են ճանաչել, իսկ առանց դիպլոմի նա չի կարող առաջադրվել որպես նախագահի թեկնածու, ու դրա համար է նաև, որ ուսանողությունը դուրս է եկել փողոց։

Կարդացեք նաև

  • Իմամօղլուի վերաբերյալ առաջադրված բազմաթիվ մեղադրանքներից հիմնավորված է կոռուպցիան ու հովանավորչությունը։ Այստեղ կա նաև ներընդդիմադիր խանդ, ու պատահական չէ, որ նրա դեմ ցուցմունք են տվել նաև ընդդիմադիր տարբեր թևերի մարդիկ։
  • Ուժայիններն ու բանակն ամբողջությամբ գտնվում են Էրդողանի ազդեցության ներքո, և իշխանական բուրգի ճաքեր, փլուզումներ չեն նկատվում։ Այնպես որ, խոսակցությունները, թե Էրդողանը փախել է, երկրում չէ, այդպես չէ: Այս վիճակը իրականում Էրդողանի տարերքն է։ Չմոռանանք, որ նա հեղաշրջման փորձ է տապալել տարիներ առաջ՝ 2.5 միլիոնանոց ցույցերով։
  • Իմամօղլուն Ստամբուլի հայերի հետ շփումներ ունի, որպես Ստամբուլի քաղաքապետ՝ նաև Զատիկի արարողությանն է մասնակցել, այսինքն՝ կաշկանդված չէ իսլամիստական դիրքորոշմամբ։
  • Հաքան Ֆիդանը կուլիսային խաղացող է, երբ նա նշանակվում էր արտգործնախարարի պաշտոնում, ժողովուրդն անգամ նրա ձայնը չէր լսել, չգիտեին՝ ինչպիսին է նրա ձայնը, ու Ֆիդանի համար ձեռնտու չէ հրապարակային պայքարի մեջ մտնել 100 000-անոց միտինգներ կառավարող Իմամօղլուի հետ։ Ֆիդանին են վերագրվում Սիրիական կոմպանիայի, Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի հաջողությունները, քրդական հարցի վերաբերյալ հատուկ մոտեցման գործոնը։ Ֆիդանն Էրդողանից հետո ամենաինֆորմացված մարդն է Թուրքիայում։ 
  • Էրդողանին նույնպես ժամանակին ձերբակալել են։ Բանտում նա իրեն հռչակել էր թուրքական Նելսոն Մանդելա, հետո դուրս եկել, ստեղծել կուսակցություն ու հաղթել ընտրություններում։ Այս իմաստով Իմամօղլուն կարծես թե կրկնում է Էրդողանի ճանապարհը։ Բայց սա շատ ռիսկային խաղ է, որովհետև մի կողմից՝ թուրքական հասարակությունը կարող է համախմբվել հալածյալի շուրջ, իսկ մյուս կողմից՝ նույն այդ հասարակությանը կարող է հասցվել հիասթափության հարված՝ թե տեսե՛ք, դուք համախմբվել էիք կաշառակերի շուրջ։ Կարծում եմ՝ իշխանական թևը բավականին երկար աշխատել է՝ դրա փաստական հենքը ապահովելու համար։
  • Իմամօղլուն միայն մարդ չէ, նա գաղափարախոսություն է, և եթե ընտրություններում հաղթի Իմամօղլուն, տեղի է ունենալու գաղափարախոսության փոփոխություն՝ վերադարձ քեմալականության, իհարկե, նոր դրսևորմամբ։
  • Սիրիայում քրդական շարժման կարկառուն թևերից մեկը համաձայնության եկավ Սիրիայի նոր իշխանության հետ։ Իսկ Թուրքիայում քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) իր լեգենդար առաջնորդ Օջալանի կարգադրությամբ վայր դրեց զենքերը ու հայտարարեց, որ Թուրքիան նաև իրենց երկիրն է, ու պետք է համաձայնության գալ թուրքական իշխանության հետ ու գործել ի բարօրություն Թուրքիայի։ Այս կոնտեքստում Էրդողանը պատմության մեջ մտնում է որպես քրդական հարցը լուծող, խաղաղություն բերող գործիչ։

  • Թուրքիայի ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորումը կարող է լինել իշխանական կամ ոչ իշխանական, բայց դա ոչ մի կապ չունի նրանց՝ հակահայ լինելու հետ։ Այս առումով նրանց նպատակը հայերի նկատմամբ նույնն է։
  • Հայաստանը՝ հատկապես այս իշխանությամբ, Թուրքիայի համար մեծ խոչընդոտ չի դիտարկվում։ Ցավոք սրտի, Սփյուռքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նույնպես խոչընդոտ չեն՝ հաշվի առնելով Հայաստանի այս իշխանությունների վերաբերմունքն ազգային այդ հարցերի նկատմամբ: Եվ սա այն դեպքում, երբ Թուրքիայի ծրագրերը և մտադրությունները հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ չեն փոխվել:
  • Մենք կարող ենք տեսնել ավելի կարծրացող թուրքական իշխանություն, որտեղ իշխանական տեսակետից տարբերվող ձայներ այլևս կարող են չլսվել, որովհետև Թուրքիայում Խորհրդարանում հայերի, Հայոց ցեղասպանության մասին տարբերվող կարծիքներ հնչում էին քուրդ պատգամավորների կողմից, ու հիմա թուրքերի հետ այս մերձեցման համատեքստում դա էլ կարող է չլինել արդեն։
  • Հայաստանը վաղուց արդեն ոչ միայն համաշխարհային, այլև տարածաշրջանային բանակցությունների սեղանի շուրջ չկա․ նա մենյուի մեջ է։ Մենք հիմա պետք է փորձենք վերականգնել այն, ինչը սրանք կործանել են՝ սկսած 2018թ.-ից։
  • Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իմամօղլուի կուսակցության տեսակետը նույնն է, ինչ Էրդողանինը։ Մեծ հարցերում Թուրքիայում ընդդիմության և իշխանության դիրքորոշումները նույնն են, բայց փոքր հարցերում կարելի է համաձայնության գալ։ Օրինակ, Իմամօղլուի՝ իշխանության գալու դեպքում մեզնից դժվար թե պահանջեն մոռանալ Արարատ սարի մասին կամ փոխել Սահմանադրությունը։ Բայց չմոռանանք, որ կարծր Էրդողանին նախկինում Հայաստանի իշխանություններն ասել են՝ մենք քեզ հետ այդ հարցերը չենք քննարկելու, մի՛ էլ մտիր այդ թեմայի մեջ։
  • Քաղաքականության մեջ սեր ու բարեկամ պետություններ չեն լինում։ «Հավերժ բարեկամներ», «հարատև խաղաղություն» հասկացություններն աբսուրդային են։ Կան շահեր: 
  • Ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ նախորդ դարասկզբին եղել են նաև թուրք-բրիտանական և թուրք-ֆրանսիական բանակցություններ։ Ֆրանսիան, Աթաթուրքի հետ բանակցելով՝ փախավ Կիլիկիայից, ուր կար հայկական ներկայություն, այն դեպքում, երբ գարանտն ինքն էր, ու հայ ինքնապաշտպանական զորքերը մնացին մեն-մենակ թուրքական հրոսակախմբերի հետ։ Խաղաղապահն էդտեղ Ֆրանսիան էր խոսքը 1921թ-ի մասին է, երբ ֆրանսիացիները գիշերով փախան։ Չմոռանանք նաև, որ կա նաև Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ստորագրված Անկարայի պայմանագիրը, որով մերժվեց Սևրի պայմանագիրը, ու սա նույնպես ֆրանսիացիներն են արել։ Հիմա, երբ ասում են՝ ռուսները մեր հողերը թողեցին Թուրքիային, մոռանում են, որ ռուս-թուրքական պայմանագրից առաջ մենք ստորագրել ենք Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայաստանը 10 000 ք/կմ էր։ Հետո ռուսները մեզ տվեցին 30 000 ք/կմ, ու մենք սկսեցինք բողոքել, որ ավելին չեն տվել։ Ֆրանսիան հին բլոկի ՆԱՏՕ-ական պետություն է և Թուրքիայի դաշնակիցը, ու մտածել, որ Ֆրանսիան զորք կբերի Հայաստան՝ ընդդեմ թուրքերի, նույնն է՝ ինչ-որ Լատինական Ամերիկայում, ասենք, Հայաստան պետության ստեղծումը։ Ի դեպ, նույն կերպ Արևմուտքն իրեն պահեց նաև ռուս-վրացական ու ռուս-ուկրաինական հակամարտությունների ժամանակ։

  • Պետք չէ հավատալ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գեղեցիկ խոսքերին. Նա այն ֆիգուրը չէ, որ կարողանա միջամտել տարածաշրջանային քաղաքականությանը: Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններից և Թրամփ-Պուտին շփումներից պարզ դարձավ, որ Մակրոնը կշիռ չունի: 
  • Հայաստանի այս իշխանություններն անգրագետ են, գնում են քաղաքագիտական ընդունված օրենքներին հակառակ։
  • Հատկապես Թուրքիան միշտ ձգտել է, որ Հայաստանի հետ ուղիղ բանակցի, որովհետև Հայաստանը միայնակ, պարզ է, որ չէր կարող դիմագրավել։ Ի՞նչ են բանակցել հիմա ուղիղ։ Ադրբեջանցիները թելադրել են, հայ դիվանագետներն էլ գրի են առել… Դուք չե՛ք բանակցել, դուք ընդամենը գրի եք առել ադրբեջանցիների ասածները։ 
  • Ժամանակին՝ 2009թ. Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, Հայաստանն ուղիղ չէ՞ր կարող Թուրքիայի հետ բանակցել, մանավանդ, որ հաղթանակած դիրքերից էինք հանդես գալիս։ Հիշենք՝ առաջին հայտարարությունն այդ թեմայով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արեց Մոսկվայում, արձանագրության թուղթը ստորագրվեց Շվեյցարիայում՝ Լավրովի, Հիլլարի Քլինթոնի ներկայությամբ։ 

Հիշեցնենք, 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխի համալսարանի «Աուլա» սրահում Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության դրոշներն էին, ժամանել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան։ Հոկտեմբերի 10-ի երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները՝ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն, Շվեյցարիայի, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի եռանախագահող պետությունների արտգործնախարարների ու եվրոպացի բարձրաստիճան այլ դիվանագետների ներկայությամբ ստորագրեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները:

Ստորագրման վայրում էր եղել նաև Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, երգիչ Շառլ Ազնավուրը։  

  • Չի կարելի Թուրքիայի հետ ուղիղ բանակցել։ Պատկերացրե՛ք Հաքան Ֆիդանի դիմաց նստած մեր հիմիկվա պատվիրակությանը․ երեկվա Վրաստան-Հայաստան խաղի հաշիվը՝ բազմապատկած մի քանի անգամ։ Չի կարելի Մեսսիի դիմաց դուրս բերել բակային ֆուտբոլի հաջողված կամ չհաջողված ֆուտբոլիստի։ 
  • Փաշինյանն ասում է՝ պատրաստ է միակողմանի ստորագրել Խաղաղության այդ համաձայնագիր կոչվածը: Պատմության մեջ նման բան չի եղել ու չի կարող լինել:

  • Ինչպես 100 տարի առաջ Ալեքսանդրապոլի պայմանագիրը խաղաղություն չբերեց, այնպես էլ հիմա չի լինելու։ Բայց Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած ուժը հաջորդ օրը հրաժարական տվեց, իսկ սրանք չեն գնալու ու շարունակելու են կործանել երկիրը։ Ցավոք սրտի, Ալեքսանդրոպոլի պայմանագրի ու այսօրվա ժամանակները ֆատալիստական նմանություն ունեն։

Հիշեցնենք, Ֆիդանը, որը 2010 թվականից գլխավորում էր Թուրքիայի ազգային հետախուզական գործակալությունը (MIT), օտար չէր դիվանագիտական աշխարհին։ Վերջին տարիներին, որպես լրտեսության վարպետ, նա զբաղված էր կուլիսային դիվանագիտությամբ ամբողջ աշխարհում դաշնակիցների և թշնամիների հետ: Նա Թուրքիայի նախագահ Էրդողանի սակավաթիվ վստահված անձանցից է: Նախքան հետախուզության ղեկավարի պաշտոնը ստանձնելը նա ժամանակին վարչապետ Էրդողանի հատուկ բանագնացն էր Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) և թուրքական կառավարության միջև այժմ չգործող խաղաղ գործընթացում:

MIT-ում իր նախորդի՝ Էմրե Թաների և հետախուզության այլ պաշտոնյաների հետ Ֆիդանը, ում հայրն ազգությամբ քուրդ է, 2009 թվականին մասնակցել է PKK-ի բարձր մակարդակի ղեկավարների հետ բանակցություններին։ Խաղաղության բանակցությունները, որոնք տևել են 2008-2015թթ., նպատակ ունեին լուծում գտնել քրդական խնդրին՝ զինաթափելով խմբին։

Ֆիդանի պաշտոնավարումը MIT-ում բարդ սկիզբ է ունեցել 2010 թվականին՝ արևմտյան և իսրայելական լրատվամիջոցներում հրապարակված քննադատական հոդվածների պատճառով, որոնք կասկածի տակ էին դնում նրա հավատարմությունը Թուրքիայի ավանդական գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին և Իսրայելին:

Իսրայելի ՊՆ հանգուցյալ նախարար Էհուդ Բարաքը հանրային կերպով դեմ էր արտահայտվել Հաքան Ֆիդանի նշանակմանը։ Բարաքը պնդում էր, որ Ֆիդանը սերտ կապեր ունի Իրանի հետ։ Ֆիդանի պաշտոնավարման հետագա տարիներին MIT-ը դարձավ Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանային այլ ուժերի միջև միակ երկխոսության ալիքը, որոնց հետ Անկարայի հարաբերությունները վատթարացել էին։ Ֆիդանը նաև բազմիցս հանդիպել է իր սիրիացի գործընկերների հետ՝ 2022 թվականին Անկարայի և Դամասկոսի միջև Ռուսաստանի միջնորդությամբ բարձր մակարդակով քաղաքական բանակցությունների ընթացքում։ Նա կառավարությունում իր կարիերայի ընթացքում որևէ հարցազրույց չէր տվել։

Նաև դարձել էր առաջին տուժողներից  մեկն Էրդողանի ու նրա երբեմնի դաշնակցից թշնամու վերածված ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենի տարաձայնություններից։ 2012 թվականը Ֆիդանի կարիերայում շրջադարձային է դարձել Էրդողանի և Գյուլենի շարժման հետ կապված։ Թուրք դատախազը հարցաքննության էր կանչել Ֆիդանին և հետախուզության այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մեղադրելով նրանց «ահաբեկչական» կապերի մեջ՝ PKK-ի հետ բանակցություններում իրենց դերակատարության համար: Այս քայլը հանգեցրել էր մեծ դիմակայության երկրի հետախուզության և դատական համակարգի միջև:

Ֆիդանը և հետախուզության մյուս աշխատակիցները Էրդողանի հրահանգներին համապատասխան հրաժարվել էին ականջալուր լինել կանչերին։ Հակամարտությունից հետո Էրդողանի իշխող կուսակցությունն ընդունել էր օրինագիծ, որը գաղտնի մարմնին տալիս էր օրինական վահան և ընդլայնում նրա իշխանությունը: Ֆիդանին և նրա գործընկերներին հարցաքննության կանչած դատախազն ավելի ուշ դատապարտվել է 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո Գյուլենի շարժման հետ կապերի համար։ Ֆիդանին իր կարիերայի սկզբից վերագրում են զգուշավոր մոտեցում գյուլենականների նկատմամբ։

2016-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական հետախուզությունը ստանձնել է գյուլենականներին պետական ​​բյուրոկրատիայից հետապնդելու և մաքրելու առաջնորդությունը։

Բացի այդ, Ֆիդանի գլխավորությամբ MIT-ը կարևոր դեր է խաղացել Սիրիայի քրդական խմբավորումների դեմ Թուրքիայի պայքարում: Ֆիդանը նաև ուղեկցել է Էրդողանին և արդեն նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին բարձրաստիճան արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, հատկապես՝ Վաշինգտոն և Մոսկվա:

Ըստ ԶԼՄ-ների, ունենալով ռազմական կրթություն՝ Ֆիդանը ծառայել է Գերմանիայում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման կորպուսի հետախուզության և գործողությունների հրամանատարությունում: Նրա դեբյուտը պետական ծառայության մեջ եղել է 2003 թվականին, երբ նշանակվել է երկրի միջազգային օգնության գործակալության ղեկավար՝ մինչև 2007-ը, երբ դարձել է այն ժամանակ վարչապետ Էրդողանի փոխքարտուղարի տեղակալը և նրա հատուկ բանագնացը:

Տեսանյութեր

Լրահոս