Կառավարությունն իր ձախողումները փորձում է «գլորել» գյուղացիների վրա

Կառավարությունն ավելի հաճախ իմիտացիա է անում, թե բարեփոխումներ է իրականացնում, քան գործնականում իրականացնում է։ Կարճ ժամանակ հետո տեսնում ենք, որ ոչ մի բարեփոխում էլ տեղի չի ունեցել։ «Բարեփոխումները» չսկսված՝ ավարտվում են։ Նման օրինակները բազմաթիվ են. հիշենք հասարակական վայրերում ծխելն արգելելու, սեղաններից աղը վերացնելու, մեկ այլ դեպքում՝ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու վերաբերյալ նախաձեռնությունները։ Թե այսօր դրանք ինչքանով են գործում, կարելի է համոզվել ցանկացած քայլափոխի։

2019թ. էլ հայտարարեցին գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրման նախաձեռնության մեկնարկի մասին։ Գյուղատնտեսության ապագան կապում էին ապահովագրության հետ։ Նախկիններին մեղադրում էին, որ մինչև հիմա ապահովագրության համակարգ չեն ներդրել։ Ոսկի սարեր էին խոստանում գյուղացիներին։ Հինգ տարի հետո տեսնում ենք, որ բազմաթիվ այլ ծրագրերի նման՝ գյուղատնտեսության ապահովագրությունն էլ ամբողջությամբ ձախողել են։

Ընկերությունը, որը զբաղված էր Հայաստանում գյուղատնտեսության վերաապահովագրմամբ, վնասաբերության պատճառով հրաժարվել է շարունակել գործունեությունը և հեռացել է։ Վերաապահովագրման ամբողջ բեռը մնացել է պետական բյուջեի վրա։ Հիմա էլ մտածում են, թե ինչպես դուրս գան դրա տակից։ Մեղավորներ են փնտրում։

Ապահովագրական համակարգի ներդրումն իրենք տապալել են՝ մեղքն ուզում են փաթաթել գյուղացու վզին։ Գյուղացուն են մեղադրում, որ համակարգը չի կայանում։

Կարդացեք նաև

«Հիմա մենք փորձում ենք գյուղապահովագրության համակարգը Հայաստանում փրկել։ Ինչի՞ ենք ուզում փրկել, որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ պրոցեսների: Պարզվում է՝ տեղեր կան, որ մարդիկ գիտեն՝ այդտեղ ամեն տարի կարկուտ է գալիս, ապահովագրում են, տանում են, հատուկ ինչ-որ բան են ցանում ու սպասում են՝ կարկուտը գա, գնան ապահովագրությունը ստանան, ու այդպես՝ ամեն տարի»,- ապահովագրական համակարգի ներդրման ձախողման գործում գյուղացիներին է մեղադրում Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարում է, որ այսպես անհնարին է լինելու շարունակել։

«Հա, այս տարի էլ մի կերպ կգլորենք, անցած տարի էլ գլորեցինք, լավ, մյուս տարի էլ հնարավոր է գլորենք, բայց եթե այս խնդիրը չփոխվի, ասելու ենք՝ վերջ, էլ չենք կարողանում անել, գյուղատնտեսական ապահովագրումն իմաստ չունի, չի ծառայում իր նպատակին»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ խոստովանելով, որ գյուղատնտեսության ապահովագրությունը տապալել են։

Մի կերպ «գլորում» են՝ տպավորություն ստեղծելով, թե գործ են անում։ Պետության փողերը ծախսում են, բայց արդունք չկա։ Ապահովագրության համակարգ կոչվածը չի ծառայում իր նպատակին։ Այնպես, ինչպես այն բազմաթիվ ծրագրերը, որոնց համար պետական բյուջեից միլիարդավոր դրամներ են տվել, սուբսիդավորել, բայց արդյունքը չի երևում։

Այսքան տարի իշխանության են, այդքան փողեր են դրել գյուղատնտեսություն զարգացնելու, արտադրության ծավալներն ավելացնելու համար, իսկ արտադրության ծավալները նվազել են։ Ավելի քիչ գյուղմթերք է արտադրվում, քան արտադրվում էր 7 տարի առաջ, երբ Հայաստանում ՔՊ-ական իշխանություն չկար։ Մինչդեռ իշխանության գալուց գյուղատնտեսության հեղափոխական զարգացումներից էին խոսում։

Եկել-չեն եկել, չմշակվող գյուղատնտեսական հողերը կրճատում են, վերացնում։ Կրճատել-վերացնելու փոխարեն՝ դրանք մի բան էլ ավելացել են։

Այսպես են զարգացնում գյուղատնտեսությունը։ Ինչ ձեռնարկում են, ձախողում են, գործը տեղից չի շարժվում։

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրն էլ դրանցից մեկն է, որը ներդնելուց 5 տարի հետո կանգնած է փակվելու առաջ։ Ու պարզվում է՝ մեղավոր ոչ թե կառավարությունն է, որը չի կարողացել անպիսի համակարգ ներդնել, որ արդյունավետ աշխատի, այլ գյուղացին է, որը կանխամտածված, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ տապալում է կառավարության ծրագրերը։ Հատուկ այնպիսի հողերն է ապահովագրում, որտեղ, գիտի՝ կարկուտ է գալու։ Ցանում է, որպեսզի փոխհատուցում ստանա։ Նրան ոչ թե բերքն է հետաքրքրում, այլ կարկուտը։

Ուզում են գյուղացին ապահովագրավճար վճարի, բայց ռիսկային վայրերում գյուղմթերք չաճեցնի։ Էլ ինչո՞ւ է ապահովագրում, եթե այդպես պիտի վարվի։

Ապահովագրում է՝ հնարավոր ռիսկերից ու վնասներից իրեն պաշտպանելու համար։ Եթե չպիտի պաշտպանի, ինչո՞ւ պիտի ապահովագրի, ավել փող ունի՞ ապահովագրական ընկերություններին տալու։

Թե՞ կառավարությունն ուզում է գյուղացու հաշվին ապահովագրական ընկերություններին լավություն անել ու հարստացնել։

Այն, ինչ արել են մինչև հիմա, արել են ընդամենը նրա համար, որ ցույց տան, թե գյուղատնտեսության ապահովագրություն են ներդրել, որը նախկիններն այդքան տարի չեն արել։ Բայց ինչպես գրեթե միշտ, սա էլ պատշաճ ուսումնասիրված ու հիմնավորված չի եղել։ Դրա համար էլ կանգնել է փաստի առաջ։ Սպասվող ընտրություններից առաջ, ապահովագրության համակարգը ձգելով, դեռ որոշ ժամանակ կպահեն, որքան էլ ստիպված լինեն դրա վրա միլիոններ ծախսել։ Բայց այն, ինչ հիմա անում են, ապագա չունի։

Հայաստանում ապահովագրական համակարգը չի կարող կայանալ այնքան ժամանակ, քանի դեռ գյուղատնտեսությունը գտնվում է զարգացման այսպիսի մակարդակի ու ցածր արտադրողականության վրա։

Ապահովագրություն ներդրնելուց առաջ, նախ՝ պետք է մտածել զարգացած գյուղատնտեսություն ու հարուստ գյուղացի ունենալու մասին։ Այսօր Հայաստանում ո՛չ մեկը կա, ո՛չ էլ մյուսը։ 7 տարում ի՞նչ են արել դրա համար. Ինչ էլ արել են՝ անարդյունք է եղել։ Եթե համակարգը չի աշխատում, դա գյուղացու մեղքը չէ։ Այնպիսի համակարգ ներդնեիք, որ աշխատեր։ Ինչպես միշտ, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Փոխարենը պատասխանատվություն կրեն պետության ու հարկատուների փողերն անիմաստ վատնելու համար՝ իրենց ձախողումները փորձում են բարդել  գյուղացու վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս