Տապալումս գաղտնի թող մնա․ կառավարության ծրագրի խաբկանքն ու թշվառությունը

7 տարի Հայաստանը աղետի հասցրած կառավարությունն, իր հնգամյա ծրագրի կատարման 2024թ. արդյունքների վերաբերյալ այնպիսի մի զեկույց է ներկայացրել Ազգային ժողովին, որ անտեղյակ ընթեցողին կթվա, թե երկրում ամեն ինչ իդեալական է. Անվանգային խնդիրներ չկան, պաշտպանական խնդիրներ չկան, արտաքին հարաբերություններում աննախադեպ ձեռքբերումների են հասել, արտագաղթ չկա, սոցիալական խնդիրներ չկան, տնտեսությունը բարձր տեմպերով աճում է, մարդկանց եկամուտներն են ավելանում, տասնյակ-հազարներով աշխատատեղեր են ստեղծվում, աշխատավարձերն են բարձրանում։

Խնամքով թաքցրել են այն բոլոր աղետներն ու արհավիրքները, որոնք հասցրել են երկրին։

Մոռացել են տված խոստումներն Արցախի ու Հայաստանի անվտանգության, կորցրած տարածքները հետ բերելու, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի ու իրավունքների պաշտպանության ապահովման, Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ու արդարացի կարգավորման, Հայաստանի պաշտպանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, զինված ուժերի բարեփոխումների իրականացման, բացմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ։ Խոսում էին Հայոց ցեղասպանության ճանաչման՝ կառավարության առաջնահերթության մասին, այսօր հայտարարում են, թե Ցեղասպանության ճանաչումն իրենց օրակարգում չկա։

Հրաժարվել ու ձախողել են կառավարության ծրագրի իրենց տված խոստումները։ Եվ դա միայն անվտանգությանը, Արցախին ու Ցեղասպանությանը չի վերաբերում։

Կարդացեք նաև

Ասում են՝ Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա, երբ տնտեսությունն էլ են հասցրել աղետալի վիճակի։ Ոչ մի խոսք, ոչ մի քննարկում այն մասին, որ տնտեսությունը լուրջ կառուցվածքային խնդիրների առաջ է, տնտեսության իրական հատվածում զարգացումներ չկան, տնտեսությունը նստեցել են առևտրի ասեղի վրա։

Առևտուրը դարձել է տնտեսության դեմքը։ Առևտրի բաժինը տնտեսության կառուցվածքում ավելանում է, իսկ տնտեսության արտադրական հատվածինը՝ կրճատվում։

Անցած տարվա արդյունքներով, արդյունաբերության բաժինը տնտեսության մեջ կազմել է 16,1 տոկոս, իսկ գյուղատնտեսությանը՝ 7,9 տոկոս։ Այն դեպքում, երբ 6 տարի առաջ արդյունաբերության բաժինը 17,5 տոկոս էր, իսկ գյուղատնտեսությանը՝ 13,6 տոկոս։ Ավելանալու փոխարեն՝ տարիներ շարունակ նվազել է՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ գյուղատնտեսության բաժինը։

Մշակող արդյունաբերության կշիռն էլ է կրճատվել։ Գլուխ էին գովում, որ 2020թ. այն հասել է ռեկորդային 12,4 տոկոսի։ Անցած տարի դարձել է հազիվ 10,5 տոկոս։ Այնինչ՝ խոստացել էին, որ կառավարության ծրագրի ավարտին մշակող արդյունաբերության բաժինը պիտի լինի 15 տոկոս։

Փոխարենը՝ առևտրի կշիռն է ավելացել։ Առևտրով են տնտեսական աճ ապահովել։ Բայց էլի իրենց նախատեսած ցուցանիշին չեն հասել, չնայած դրա մասին էլ զեկույցում խոսք չկա։ Թաքցրել են, որ ձախողել են բյուջեում դրված տնտեսական աճի ցուցանիշի ապահովումը։ Նախատեսել էին առնվազն 7 տոկոս, տարեվերջին՝ դզել-փչելուց հետո, մի կերպ 5,9 տոկոսի ձգեցին։

Ոչ միայն տնտեսական աճն են ձախողել, այլև բյուջեի կատարողականը։ Պլանավորած եկամուտները չեն կարողացել հավաքել, ծախսերը չեն կարողացել կատարել։ Շուրջ 223 մլրդ դրամ հարկային մուտքերի կորուստ են տվել։

Բյուջեի եկամուտների անվանական աճերով են փորձում խաբել ժողովրդին, այն պարագայում, երբ բյուջեի արդյունավետության գնահատման համար շատ ավելի կարևոր ցուցանիշներ կան։ Խոսքը, մասնավորապես, ՀՆԱ/հարկեր ցուցանիշի մասին է։ Անցած տարվա համար նախատեսել էին ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունն առնվազն 0,7 տոկոսային կետով բարելավել։ Բարելավելու փոխարեն՝ մի բան էլ հետ են գնացել։

ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը 2024թ. կազմել է 23,6 տոկոս, ինչը, կառավարության «փայլուն» աշխատանքի արդյունքում, նախորդ տարվա համեմատ նվազել է 0,45 տոկոսային կետով։

Տեղի է ունեցել ստվերի խորացում։ Այսպես են պայքարել ստվերի դեմ։

Հարկերի աննախադեպ աճերից, բյուջեի կրկնապատկումից են խոսում, 7 տարում հարկեր-ՀՆԱ-ն ավելացրել են ընդամենը 2,8 տոկոսային կետով։ Միջին տարեկան հազիվ 0,4 տոկոսային կետով։ Վերջին 4 տարիներին՝ շատ ավելի քիչ։ Կառավարության ծրագրով խոստացել էին բարելավվել առնվազն 2,6 տոկոսային կետով, նախորդ 4 տարիներին կարողացել են բարելավվել ընդամենը 1 տոկոսային կետով։ 2020թ. հարկեր-ՀՆԱ-ն կազմում էր 22,6 տոկոս, 2024թ. կազմել է 23,6 տոկոս։

Կառավարության ծրագրի կատարման ժամկետից ընդամենը մեկ տարի առաջ դեռ 1,6 տոկոսային կետով պիտի առաջընթաց ապահովեն՝ դրված թիրախին հասնելու համար։ Այլևս պարզ է, որ դա չի լինելու, ձախողելու են։

Բայց այսպիսի «անկարևոր» բաների մասին կառավարության ծրագրի 2024թ. կատարման զեկույցում խուսափել են խոսել։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի կատարումը տապալել են, նախատեսվածից 9,3 տոկոսով պակաս մուտքեր են ապահովել, ներկայացրել են, թե հարկերն ավելացել են։ Չեն ասում, որ 340 մլրդ դրամի փոխարեն՝ կարողացել են ընդամենը 117 միլիարդով ավելացնել։

Կառավարության ծրագրի կատարման ավարտից ընդամենը մեկ տարի առաջ գործազրկությունը՝ կրճատվելու փոխարեն, ավելացել է, քաղաքացիների սոցիալական վիճակն է վատացել, ծայրահեղ աղքատությունը, որը խոստացել էին վերացնել, ինչպես կար, այնպես էլ շարունակում է նույնությամբ պահպանվել։ Բնակչության գրեթե կեսի եկամուտները գտնվում են աղքատության գծից ներքև և վերջին տարիներին, պաշտոնական վիճակագրության արձանագրած բարձր տնտեսական աճերի պայմաններում անգամ, գրեթե փոփոխության չեն ենթարկվել։

Փոխարենը՝ չէին խոստացել, բայց կտրուկ աճեցրել են պարտքերը։ Կառավարության ծրագրի կատարման 2024թ. զեկույցում, ի տարբերություն բազմաթիվ այլ ոլորտների, ոչ մի խոսք չկա, թե այս ընթացքում ինչքանո՞վ են ավելացրել, ինչքանո՞վ են թանկացրել պետական պարտքը, ո՞ւր են հասցրել պետական պարտքի սպասարկման ծախսերը։ Փաստն այն է, որ եթե կառավարության ծրագրային առաջին տարում կամ 2021թ. սկզբին պետական պարտքը 7 մլրդ 968 մլն դոլար էր, 2024թ. վերջին հասել է 12 մլրդ 842 մլն դոլարի։ Ավելացել է 4 մլրդ 874 մլն դոլարով։

Եթե 2021թ. սկզբին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4,3 տոկոս էր, 2024թ. վերջին հասել է 7,2 տոկոսի։ Թանկացել է 2,9 տոկոսային կետով, ինչը մեծապես ավելացրել է պարտքի սպասարկման ծախսերը, որոնք հասել են տարեկան 1 մլրդ դոլարի։ Խոսքը միայն տոկոսների մարման մասին է։

Սրանք են կառավարության ծրագրի կատարման արդյունքները, որոնք խնամքով թաքցնում են։ Բոլոր առումներով երկիրը հասցրել են աղետալի վիճակի, փորձում են ժողովրդին խաբելով ու մոլորեցնելով՝ ջրից չոր դուրս գալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս