
Սա կոչվում է պարտքով պարտք փակել․ Թադևոս Ավետիսյանը՝ այս ռեժիմի օրոք կրկնապատկված պարտքային բեռի հեռանկարի մասին

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկման մասին տեղեկությունը շարունակում է մնալ հանրային քննարկումների հարթակում։ Իսկ հիմնական դիտարկումն այն է, որ հերթական պարտքային բեռը գուցե այնքան ահազանգող չլիներ, եթե Հայաստանի արտաքին պարտքին զուգահեռ՝ աճեր նաև արտաքին ներդրումների ծավալը, մեծանար ներդրումային գրավչությունը։
Ու թեև իշխանական շրջանակներից հնչում են տեսակետներ, որ սա ամենևին չի նշանակում, թե արտաքին պարտքն ավելանում է 750 միլիոն դոլարով, քանի որ դրա մի մասն ուղղվում է նախորդ թողարկման պարտքին, ամեն դեպքում, ըստ մասնագետների, փաստ է, որ սա ևս բեռ է դառնալու ՀՀ քաղաքացու ուսերին։
Պետական պա՞րտք է, թե՞ ոչ՝ հարցի պատասխանն ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հնչեցնում է հետևյալ դիտարկում-հաստատմամբ․
«Ո՞վ պետք է վճարի սպասարկման գումարները, այսինքն՝ ո՞վ է վճարելու այդ 7,1 տոկոսը, և այդտեղ պետական բյուջեի մասնաբաժինն ինչպիսի՞ն է»:
Անդրադառնալով իշխանությունների վստահեցմանը, թե սա «հաջող» գործարք է, Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ եթե 7,1 տոկոսը համեմատում ենք միջազգային վարկային շուկայի տոկոսադրույքների ու մեր երկրի՝ մինչև հիմա ունեցած արտաքին պարտքի տոկոսադրույքների հետ, ապա այն էապես բարձր է։
«Մինչև այդ գործարքը, երբ ցածր՝ 3-3,5 տոկոսով էին նման գործիքներ տեղաբաշխվում, իրենք ասում էին՝ ա՛յ սա գալիս է վկայելու այն մասին, որ մենք ունենք կայուն ֆինանսական մակրոտնտեսական վիճակ։ Այժմ, փաստորեն, չգիտես՝ ինչու, մոռանում են հանգամանքը, որ եթե այդ տոկոսադրույքն աճում է, հետևաբար, նաև մեր երկրի մակրոտնտեսական կայունության ռիսկերն են աճել,- 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց տնտեսագետը՝ շեշտելով,- Ու եթե անգամ փորձեն մանիպուլացնել, խաբել, նորից արդարանալ, փաստը մնում է հետևյալը, որ 2022-23 թվականների արտաքին դրական գործոնը թուլանում է, և մենք նաև արդեն ունենք պետական պարտքի կառավարման բացասական կայուն միտում։
Մի կողմից՝ պետական պարտքը շարունակում է շեշտակի աճել երկնիշից ավելի չափով (այս իշխանության օրոք, արդեն կրկնապատկված պարտքի մասին է խոսքը), և երկրորդը՝ մեր աչքի առաջ արդեն 2023 թվականից հետո շարունակաբար նվազում է համախառն ներքին արդյունքի աճի տեմպը։
Այսինքն՝ տնտեսական աճի ցուցանիշը կայուն նվազման փուլ է մտել, իսկ պետական պարտքը սրընթաց աճում է։
Սա կարող է դարձյալ բերել պետական պարտքի կառավարման բարձր՝ ընդհուպ ճգնաժամի մոտեցող ռիսկի, որն առկա էր մինչև 2022 թվականը՝ մինչև ռուս- ուկրաինական պատերազմով պայմանավորված դրական գործոնի ի հայտ գալը»։
2024 թվականի վերջի դրությամբ 12․8 միլիարդ դոլար պետական պարտքը սպասարկելու այսօրվա հնարավորությունների մասին մեր վերջին հարցադրմանն ի պատասխան էլ՝ նա արձանագրեց, որ անցյալ տարի կանխատեսվող և բյուջեի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշը չի իրականացվել։
«Մենք ունեցանք նաև 200 միլիարդ դրամից ավելի հարկային մուտքերի թերակատարում, ինչը բերեց նաև պետական բյուջեի դեֆիցիտի ավելացման։ Այս տարի արդեն, նախորդ տարվա համեմատ, պետական պարտքի սպասարկման գումարները շուրջ 1 միլիարդ դոլարով ավելացել են, և պարտքի սպասարկման ծախսն էական մասնաբաժին ունի պետական ծախսերի մեջ։
Իսկ դա ֆինանսավորելու երկու ճանապարհ կա․ եթե բյուջեի եկամուտները դանդաղում են կամ թերհավաքագրում են, ապա մեծանում է դեֆիցիտը, այսինքն՝ կա՛մ ներքին աղբյուրներից պետք է պարտք անեն, կա՛մ՝ նորից դրսից պարտք անեն՝ ընթացիկ պարտքը փակելու համար։ Սա կոչվում է պարտքով պարտք փակել, ինչը լավ տեղ չի տանում»,- ամփոփեց Թադևոս Ավետիսյանը։
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրլն դրամ կամ 12.8 մլրդ դոլար․ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ օրերս ասել էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«2024թ. վերջին պետական պարտքը կազմել է շուրջ 5 տրլն դրամ, որը հավասար է շուրջ 12.8 մլրդ դոլարի: Դրա նախորդ տարվա վերջի նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6.2 տոկոսով: Բայց համախառն ներքին արդյունքի համեմատությամբ մեր պետական պարտքը նվազել է 0.1 տոկոսային կետով և կազմել 48.3 տոկոս, ինչը համարվում է շատ կայուն և անվտանգ սահմանաչափ: Դա նաև կարգավորված է մեր ֆիսկալ կանոններով»,- մանրամասնել էր նախարարը։