Պապիկյանը հրաժարվում է տրամադրել Փաշինյանի խոստացած զենքերի գնապիտակների մասին տեղեկությունը. գաղտնի է պահում նաև պետական պարտքի չափը
Մարտի 16-ին «Փաշինյանը հաստատել է մեր տեղեկությունը. Արդյո՞ք Ալիևի հետ բանավոր համաձայնությունն արդեն կայացած է» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք 2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինության՝ մայիսին հնարավոր հրապարակային ցուցադրությանը:
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն այս գաղափարը հիմնավորել է նրանով, որ պետական պարտքն ավելացել է, որովհետև նաև զենք են գնել, ուստի առաջիկայում որոշել են հրապարակային հաշվետվություն ներկայացնել հանրությանը, որ քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը:
Ըստ այդմ՝ մենք մարտի 18-ին գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին՝ պարզելու, թե միայն սպառազինության գնման համար որքանո՞վ է ավելացել պետական պարտքը, կամ՝ 2022 թվականից հետո նոր և ժամանակակից զենքի ձեռքբերման վրա որքա՞ն գումար է ծախսվել: Սա հատկապես նաև նրա համար, որովհետև 2025 թվականի նոյեմբերին Փաշինյանն ասել էր՝ «8 միլիարդ արտաքին պարտքն աճել է, ինչ ենք արել, զենք ենք առել», իսկ 168.am-ը գրել էր, որ պատերազմից ամիսներ առաջ այդ ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել էր Փաշինյանին, որ «ընդհանուր առմամբ, զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար», ինչն ի գիտություն չի ընդունվել, և նույնիսկ այլ ԳՇ պետի դեպքում սրանից ավելի փոքր գումարով ինչ-ինչ խնդիրներ լուծելու առաջարկը:
Բայց 5-օրյա ժամկետում իր պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել է այս առնչությամբ հայցվող տեղեկությունը տրամադրել՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և ՀՀ կառավարության 11.01.2024թ. N5З-Ն որոշման 15-րդ կետի, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարի 2024 թվականի մայիսի 16-ի «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N 797-Լ հրամանի 172-րդ կետի պահանջները:
Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն անցած տարի նոյեմբերին հայտարարում էր.
«Պարտքո՞վ ենք զենք առել՝ այո՛, պարտքով ենք զենք առել, ինչո՞ւ, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից… Չեք հավատո՞ւմ՝ իրավունք ունեք, ասում եմ՝ եկեք տանենք, ցույց տանք, կարանք գնապիտակներն էլ վրայից կպցնենք, որն ինչ արժե»:
Ի դեպ, մենք փակ ձևաչափով ծանոթացել ենք նոր սպառազինության նմուշներին, գնապիտակներ չեն եղել:
Մենք Պաշտպանության նախարարությունից խնդրել էինք ասել, թե որքան գումար էր ծախսվել 2019 թվականին սպառազինության գնման նպատակով, քանի որ Փաշինյանը հայտարարել էր ժամանակին, որ 2019-ին զինված ուժերն աննախադեպ քանակի զենք-զինամթերք է ձեռք բերել:
Բացի այս, հաշվի առնելով այն, որ մինչև այսօր Սու-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների (առանց Փաշինյանի ասած հրթիռների) և Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրների գնի շուրջ տարբեր խոսակցություններ են շրջանառվում, Սուրեն Պապիկյանին խնդրել էինք տրամադրել տեղեկություն՝ որքա՞ն է վճարվել 4 Սու-30-ի համար, և որքա՞ն՝ Օսա-ԱԿ-ների: Սակայն այս տեղեկությունների տրամադրումը ևս մերժվել է:
Նշենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեկ անգամ չէ, որ «անուն է կպցրել» նաև Փաշինյանի իշխանության օրոք գնված սպառազինությանը՝ ասելով. «Մենք ունեինք սպառազինության սխալ ձեռքբերումներ, Քննիչ հանձնաժողովի՝ մի հսկայական փաթեթ հավաքագրած տեղեկատվությունը ես ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին»:
Այլ հարց է, թե որքանով է օբյեկտ, որքանով՝ սուբյեկտիվ նրա պնդումները:
Ի դեպ, 44-օրյայի քննիչ հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանը կարծես թե որոշել է նորից կենտրոնանալ այս թեմաների վրա և սրա միջոցով հիշեցնել ռազմական նախկին ղեկավարներին, որոնք դեռ անպատասխան են թողել նրա ինչ-ինչ հայտարարություններ: Սպասենք հետագա զարգացումներին:



