
«Հայաստանը ծնկի բերելու ծրագիր է իրականացվում. սպասվում է ստորացումների էլ ավելի մեծ թափօղակ». Նաիրա Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը համոզված է, որ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի պլանների մեջ չկա առնվազն այնքան ժամանակ, որքան ժամանակ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը, քանի որ նրա օրոք Ադրբեջանը դեռ շատ խաղաքարտեր է առաջ քաշելու:
«Ադրբեջանը վերջերս շրջանառության մեջ դրեց հանքարդյունաբերության համատեղ օգտագործումը՝ Պղնձամոլիբդենայինը միասին օգտագործելու և Սոթքի հանքն Ադրբեջանի կողմից օգտագործելու պահանջը ևս: Ես վստահ եմ, որ հաջորդիվ կլինի, օրինակ՝ Ջերմուկի միանձնյա օգտագործումն Ադրբեջանի կողմից, և այլն: Ալիևի և Էրդողանի ախորժակն անհագ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա նկատեց, որ Հայաստանին պարտադրվում է այն, ինչ բխում է միմիայն Ադրբեջանի շահերից. «Փաշինյանի լեզվով ասած՝ այս համաձայնագիրն ընդունելի է Ադրբեջանի ժողովրդի համար: Հայաստանին արդեն ռազմավարական դիրքերից զրկել են, հաջորդիվ կզրկեն այն բարձունքներից, որոնցից Հայաստանը տեսանելի կլինի, ինչպես բռի մեջ, դրանից հետո կանցնեն հանքերին, տնտեսությանը, այսինքն՝ Հայաստանին ծնկի բերելու ծրագիր է իրականացվում»:
Նաիրա Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին որպես ագրեսոր է ներկայացնում այն պատճառով, որ Փաշինյանը ստորագրեց մի թուղթ, որով ինքն իրեն ճանաչեց ագրեսոր, քանի որ վերադարձրեց այն հողերը, որոնց չէր տիրապետում. «Դրանով միջազգային հանրության առաջ ընդունեց, որ նա օկուպացրել էր տարածքները, որտեղ պատմականորեն ապրող ժողովուրդն ընդամենն օգտվել էր իր ինքնորոշման իրավունքից: Սրանից բխելու են մի շարք հետևանքներ. Մենք դեռ կոմպենսացիաներ ենք վճարելու, դեռ չենք կարողանալու վճարել՝ մեզանից տարածքային զիջում են ուզելու: Մեզ սպասվում է խայտառակությունների և ստորացումների էլ ավելի մեծ թափօղակ, և սա կանգնեցնելն օրհասական է»:
Ադրբեջանական ապատեղեկատվական արշավին անդրադառնալով, նա նշեց, որ Ադրբեջանը նախապատրաստում է հող՝ հարձակման համար. «Ինչ ծավալի կլինի, ինչ նպատակով կլինի, դա թույլ կտա հասկանալ իրենց առաջ քաշած պայմանները: Գուցե նրանք հասկանան, որ Սահմանադրություն փոխելն անիրատեսական է, և փորձեն այդ եղանակով բացել բաղձալի ճանապարհը: Չնայած՝ Փաշինյանը հայտարարում է, որ տալու է ճանապարհը: Փաշինյանը ողջ 2025թ. զբաղված է լինելու ժողովրդին Սահմանադրությամբ զբաղեցնելով, սկսելու է քննարկումներ, տարբեր քայլեր է անելու:
Ներքին ինֆորմացիայով գիտենք, որ 2026թ. ընտրություններում իր հաղթանակին Փաշինյանն այդքան էլ չի հավատում, և իր վրա մեծ է ճնշումը՝ մինչև իր հեռանալը փոխել Սահմանադրությունը: Դրա համար 2025թ. լինելու է շատ բուռն, Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ պահպանի իր իշխանությունը: Սերժ Սարգսյանն ասում էր, որ իշխանությունը պահում է մարդ, ով կյանքում ավելի կարևոր բան չունի, բացի այդ իշխանությունից: Նիկոլ Փաշինյանն այսօր ապրում է այդ աթոռի համար, իսկ այդ աթոռն իրեն տրված է կատարելու հակահայկական օրակարգը, որը նա փայլուն կերպով անում է»:
Նրա դիտարկմամբ՝ հանրությունը հասկացել է՝ խաղաղության պայմանագիրը բերելու է պատերազմ.
«Եթե մենք զինաթափվում ենք, զիջում ենք մեր ուժեղ դիրքերը, չենք ունենում բանակ, ի՞նչն է խանգարելու Թուրքիային և Ադրբեջանին մեզ կուլ տալ: Ես չեմ տեսել մի պատերազմ, որը թղթով կանգնի, այլ ոչ թե ուժով: Եթե այդ թուղթը քսերոքս անեն ու ամբողջ երկայնքով կպցնեն Կիրանցի պատի վրա, ադրբեջանցին կվախենա, չի գա՞: Լավ էլի: Մենք զիջել ենք բոլոր մեր դիվանագիտական խրամատները և չենք կարողանալու ստորագրված համաձայնագրով կանգնեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ագրեսիան»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում