Ինչ նահանջի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, և ինչի մասին է ակնարկել որդին

Երեկ Դավթաշեն վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե  պատերազմի օրերին որդուն՝ Աշոտ Փաշինյանին,  առաջնագծից ոչ ոք չի էվակուացրել, եղել է նահանջ:

«Հիմա էլ եկել են, ասում են՝ 1800 զոհ են տվել, որ վարչապետի որդուն էվակուացնեն: Վարչապետի որդուն ոչ ոք չի էվակուացրել, վարչապետի որդին իր ստորաբաժանումների հետ նահանջել է, ինչպես մյուսները»,- ասել է նա:

Առհասարակ քարոզարշավին ընդառաջ նա ավելի հաճախ է սկսել խոսել որդու՝ պատերազմի օրերին գտնվելու մասին:

Մոտ մեկ ամիս առաջ ԱԺ-ում էլ Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր, որ պատերազմի ժամանակ իր որդու եղած վայրում ամենաշատ զոհերն ենք տվել:

«Ասում են՝ 5 հազար, 7 հազար մարդ տարավ կոտորեց, այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում` այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք կողքի մարդ է եղել՝ մարմիններով իրար կպած, զոհվել է, որևէ մեկը չէր կարող որոշել, որ զոհվողը պետք է լիներ այդ մարդը, ոչ թե իմ որդին: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է»,- ասել էր նա և շարունակել, թե որևէ մեկը չի կարող ասել, որ իր որդու անվտանգության համար մի միլիմետր ավելին է արել, քան մյուս` տասնյակ-հազարավոր տղաների համար:

«Նույն խրամաբջջի մեջ գտնվող տղան` որդուս ընկերը, ականանետի պայթյունից զոհվել է, իմ որդին` չէ, ո՞վ է որոշել դա»,- նախընտրական քարոզչության այս շրջանում հայտարարել էր Փաշինյանը, ինչը նաև երեկ է կրկնել:

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, ո՛չ ավելի վաղ, ո՛չ էլ երեկ չտվեց իր որդու հետ կողք կողքի եղած և զոհված տղայի անունը, և ոչ էլ վայրը, որտեղ ամենաշատ զոհերն ենք տվել և որտեղ եղել է իր որդին:

Այստեղ շատ տեղին է պարզապես հիշել և հիշեցնել հեղափոխություն կոչվածի ընթացքում Փաշինյանի և նրա թիմակիցների ստերից մի քանիսը, որոնք բացահայտվում էին՝ ռումբի պես պայթելով.  Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի, կեղծ Աշոտի կեղծ տատիկի, Ցեղասպանության հուշարձան այցելած կեղծ պապիկի, «ոտքերդ պաչեմ» կեղծ տատիկի, «մեզ մենակ չթողնես» կեղծ կնոջ, «Արմնյուզը փակի» կեղծ տղամարդու կերպարները…

Սա, իհարկե, չիմացողների համար: Իսկ մենք փորձենք բաց աղբյուրներում հրապարակված փաստերը համադրել.

Հոկտեմբերի 5-ին Աննա Հակոբյանը գրառում էր արել, թե իր որդին կամավորագրվել է, նմանատիպ գրառում նաև Աշոտ Փաշինյանն էր արել:

Բայց միայն հոկտեմբերի 8-ին Աննա Հակոբյանը տեսանյութ տեղադրեց՝ գրառմամբ, որ ՀՀ վարչապետի որդին այսօր կամավորականների ավտոբուսով մեկնեց առաջնագիծ:

Միգուցե «Զինուժի» տեսանյութն ավելի վաղ էր պատրաստված, պարզապես այդ օրը շրջանառեցին, այլապես ինչպե՞ս էր հոկտեմբերի 7-ին  Աննա Հակոբյանը «Երեք փխրուն աղջիկները» վերտառությամբ լուսանկար  հրապարակում՝ թվագրված և նշված 5.10.2020թ., Ստեփանակերտ, որտեղ երևում է նաև Փաշինյանի տղան՝ Աշոտը:

Արդեն հոկտեմբերի 12-ին համացանցը և մեդիադաշտը բուռն քննարկեց իմքայլական նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրառումը, թե իբր կամավորական բժշկից նամակ է ստացել, որում ասվում էր.

«Ես հիմա Գորիսի հիվանդանոցում եմ, Ջաբրայիլից զինվոր են բերել ազդրի հրազենային կոտրվածքով: Ասի հերոս ջան, ասեց հերոսը Փաշինյանի տղեն ա, Գրադը խփեց, սաղ փախան, մի քանի հոգի մնացին ու Աշոտը»:

Նույնատիպ տեքստով գրառումներ իրենց ֆեյսբուքյան էջերին անմիջապես տեղադրեցին նաև իմքայլական այլ պատգամավորներ, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը:

Ավելի ուշ՝ այս տարի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ազգությամբ եզդի կամավորական Արմեն Հասանյանը վստահեցրել էր, թե իբր Աշոտ Փաշինյանն իր հետ Ջաբրայիլում է եղել և առաջին հարվածն էլ ընդունել է նրա ջոկը, ցավոք, զոհեր են ունեցել:

«Ինչքանով ես եմ տեղեկացված եղել՝ նրա առաջադրանքը եղել է հետախուզական աշխատանքներ իրականացնելը: Եվ երբ նրանց ուղարկել էին դիտակետ հետախուզական աշխատանքներ իրականացնելու, այդ ժամանակ հակառակորդը սկսեց իր հրթիռահրետանային զարկերն իրականացնել»,- շարունակել է Հասանյանը և հավելել՝ Աշոտ Փաշինյանի հետ Երևանից մեկնած  նույն ավտոբուսով սկզբում եղել են Կուբաթլիում, զորավարժանքներ են եղել, այնուհետ՝ Ջաբրայիլում:

168.am-ին հասած տեղեկություններով,  Աշոտ Փաշինյանն իրապես եղել է Կուբաթլիում՝ հոկտեմբերի կեսերին մոտ, այլ հարց է, որ, մեծ հաշվով,  Ջաբրայիլ չի մտել, եղել է ավելի շատ Իշխանաձորի հատվածում, որտեղից Ջաբրայիլ մոտ 15 կմ է: Բնականաբար, Աշոտ Փաշինյանի կողքին եղել և նրան ուղեկցել են փորձառու զինվորականներ: Ըստ այլ աղբյուրների՝ Աշոտ Փաշինյանը զինվորական համազգեստով թիկնապահների հետ է եղել: Ինչ վերաբերում է Փաշինյանի ասած նահանջին, ապա սրա մասին ավելի վաղ ակնարկել էր հենց ինքը՝ Աշոտ Փաշինյանը՝ freenews.am-ին տված հարցազրույցում:

«Մահը պատերազմի բոլոր պարագաներում կա, մնացած ամեն ինչը բոլոր պարագաներում կա, բայց միակ բանը, որը ոչ միշտ է լինում, դա հայրենիքի կորուստն է՝ կամ կկորցնես, կամ՝ չէ: Ամեն մի նահանջը քո համար մի նոր հարված է, որը կարող էր ուրիշ ձև լինել»,- ասել էր Փաշինյանի տղան: Ինչ է սա՝ խոստովանություն, որ եղած նահանջն այլընտրա՞նք ուներ:

Դեռ Փաշինյանի վերևում հիշատակված հայտարարությունից հետո էինք գրել, որ այն քննության նյութ պիտի դառնա՝ ինչո՞ւ ենք ամենաշատ զոհերը տվել այդ չգաղտնազերծված վայրում, ինչո՞ւ է երկրի ղեկավարի տղան հայտնվել այդ վայրում, ի վերջո, հակառակորդը կարող էր հետախուզական միջոցներով պարզել Աշոտի գտնվելու վայրը, թիրախավորեր, և դրանով վտանգվեր նաև մյուս զինծառայողների անվտանգությունը և կյանքը, և այլն: Այս հարցերին, ըստ էության, Աշոտ Փաշինյանն ավելացնում է ևս մեկը՝ արդյո՞ք կարելի էր առանց տակտիկական նահանջի՝ առաջացած խնդիրները լուծել:

Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի հետ եղած տղային, որը զոհվել, ապա 2020-ի հոկտեմբերի 19-ին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում  գրառում էր արել, որտեղ խոսում էր Վազգեն անունով մի տղայի մասին, ով կյանքի գնով մինչև վերջ կռվել ու չի ծնկել:

«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ քո շնորհիվ։

Դու կանգնեցիր մինչև վերջ։

Դու չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դու չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո կյանքի գնով, Վազգեն։

Մենք քեզ հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»,- գրել էր Հակոբյանը:

Գուցե Աշոտ Փաշինյանի հետ նույն խրամաբջջում եղած, նրա հետ   «մարմնով ամուր կպած» և  հետո ճակատագրի հեգնանքով ականանետի պայթյունից զոհված տղան հենց այս Վազգե՞նն է: Գուցե:

Ի դեպ, հոկտեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում զոհվել են նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ընկերները՝  փոխգնդապետ Արմեն Օհանյանը և գնդապետ Թաթուլ Ղազարյանը: Նշենք, որ հոկտեմբերի 18-ից թեժ մարտեր են ընթացել Իշխանաձորի և Այգեհովիտի հատվածներում, որտեղ Իջևանի գունդը շատ զոհեր է տվել:

Տեսանյութեր

Լրահոս