
Ռազմական դրության ժամանակ Ուկրաինայի նախագահը հնարավորություն կունենա այլ երկրներ զորք ուղարկել՝ երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը հնարավորություն է տալիս Ուկրաինայի նախագահին երկրի զինված ուժերի ստորաբաժանումները ռազմական դրության գործողության ժամանակաշրջանում այլ պետություններ ուղարկելու նախագահի իրավունքի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Գերագույն ռադան։
Օրենքն Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունվել է փետրվարի 25-ին։ Փաստաթղթի համաձայն՝ ռազմական դրության ժամանակաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները կարող են ուղարկվել այլ պետություններ և այդպիսի պետությունների տարածքում գտնվել ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման, Ուկրաինայի դեմ զինված ագրեսիան հետ մղելու և զսպելու, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով:
Ռազմական դրության ժամանակ Ուկրաինայի ԶՈւ-ի ստորաբաժանումներն այլ պետություններ ուղարկելու որոշումը կայացնում է նախագահը` միաժամանակ Ռադա ներկայացնելով դրա հաստատման մասին օրինագիծը: Օրինագծի հետ մեկտեղ պետության ղեկավարը տեղեկատվություն է ներկայացնում առաջադրանքների, ստորաբաժանումների ընդհանուր թվաքանակի, դրանց սպառազինությունների և զինտեխնիկայի տեսակների ու կազմի, ենթակայության, գտնվելու ժամկետների մասին։