Օտարերկրյա թղթակիցների ասոցիացիան համերաշխություն է հայտնում «Ազատություն» ռադիոկայանին

«Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու վերջին որոշումը լուրջ հետընթաց է անկախ լրագրության և մամուլի ազատության սկզբունքների համար, հայտարարել է Բրյուսելում գործող Օտարերկրյա թղթակիցների ասոցիացիան՝ համերաշխություն հայտնելով ռադիոկայանի լրագրողներին և անձնակազմին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Ապատեղեկատվության և ավտորիտար պատմությունների դեմ պայքարը «Ազատություն» ռադիոկայանի հիմնական առաքելությունն է ավելի քան 75 տարի: Նրանց չգրաքննված լուրերը հասել են միլիոնավոր մարդկանց, որոնք զրկված են դրանցից փակ հասարակություններում: Ճշգրիտ, անկողմնակալ և փաստերի վրա հիմնված հաղորդումները մնում են նույնքան անհրաժեշտ», – հայտարարել է ընկերակցության նախագահ Դաֆիդ աբ Յագոն, ընդգծելով՝ «Ազատություն» ռադիոկայանի կորուստը խաթարում է ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և ճնշող վարչակարգերին դիմակայելու հավաքական ջանքերը:

«Հուսով ենք, որ Եվրամիությունը կգտնի ուղիներ՝ օգնելու շարունակել այն անգնահատելի ներդրումն ու փորձը, որը «Ազատություն» ռադիոկայանը բերել է համաշխարհային տեղեկատվական դաշտում: «Ազատություն» ռադիոկայանի անձնակազմին․ ինչպես նախկինում, այնպես էլ ներկա, հայտնում ենք մեր խորին երախտագիտությունն ու անսասան աջակցությունը։ Ձեր աշխատանքը մեծ ազդեցություն է ունեցել, և ձեր ձայնը չպետք է լռի», – ասել է ընկերակցության նախագահ Դաֆիդ աբ Յագոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 4-ին յոթ դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր է ստորագրել։ Դրանց թվում նաև ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունն է (USAGM), որը վերահսկում է «Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։

Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է:

Տեսանյութեր

Լրահոս