
«Փող լինի՝ ծախսենք»․ 100 միլիոն դոլարի վնաս՝ մեկ տարում

Մարդկանց աչքին թոզ փչելու համար, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե իրենց իշխանության տարիներին այս կամ այն ոլորտին հատկացված բյուջետային գումարներն անգամներով ավելացրել են։ Համարենք, որ այդպես է։ Հարցն այն է, թե դա ի՞նչ է տվել։
Ի վերջո՝ նպատակը գումար հատկացնելը կամ ծախսելը չէ։ Նպատակն արդյունք ստանալն է։ Այնինչ՝ շատ հաճախ տեսնում ենք, թե ինչպես են պետական միջոցներն ու հարկատուների փողերը ծախսում առանց արդյունքի։ Տեղի է ունենում պետական միջոցների անիմաստ վատնում։
Ժամանակին պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները գլուխ էին գովում, թե վերջին տարիներին կառավարությունը զբոսաշրջությանը հատկացված բյուջետային գումարները 6-7 անգամով ավելացրել է։ Այդպիսի աճերից հետո, թվում է, թե հիմա զբոսաշրջային ոլորտում շեշտակի զարգացումներ պիտի լինեին։ Սակայն փաստերը հակառակն են ասում։
Վերջին շրջանում զբոսաշրջային հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ ոչ միայն չեն ավելանում, այլև նվազում են, ու դա արտահայտվում է զբոսաշրջային հոսքերի կրճատման տեսքով։ Անցած տարի Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկներ եկան, քան եկել էին նախորդ տարի։
Պաշտոնական տվյալներով, 108 հազարով պակաս զբոսաշրջիկ էր այցելել Հայաստան։
Եթե համարենք, որ 1 զբոսաշրջիկ Հայաստանում թողնում է միջինում 1000 դոլար, ստացվում է, որ մեր երկիրը կորցրել է առնվազն 100 մլն դոլար։
Այս տարին էլ լավ չի մեկնարկել զբոսաշրջության համար։ Հոսքերը շարունակել են կրճատվել։
Անցած տարվա համեմատ՝ հունվարին գրեթե 15 հազարով պակաս այցելուներ են եղել։
Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը 154,3 հազար էր, այս տարի՝ 139,4 հազար։
Բայց դա էլ չէ զբոսաշրջային հոսքերի կրճատման ամբողջ «հմայքը»։ Անցած տարվա հունվարին էլ էր արձանագրվել զբոսաշրջիկների կրճատում։ Նախորդ տարվա համեմատ՝ 5 հազարով պակաս այցեր էր եղել։
Արդյունքում՝ ունենք այն, որ վերջին երկու տարվա ընթացքում զբոսաշրջային հոսքերը կրճատվել են գրեթե 20 հազարով։ Ու դա այն պարագայում, որ ոլորտին հատկացվող գումարներն անգամներով ավելացրել են։
Հարց է առաջանում, ինչի՞ համար են ծախսվում բյուջետային միջոցներն ու հարկատուների վճարած փողերը, եթե արդյունքներն այսպիսին պիտի լինեն։
Զարմանալի է, որ այսքանից հետո դեռ զարգացումներից են խոսում։
«Ոչ միայն զբոսաշրջային կլաստերներ ենք զարգացնում և պատմամշակութային օբյեկտներն ենք բարեկարգում, այլ նաև 500-ից ավելի հոդվածներ ենք հրապարակել միջազգային պարբերականներում Հայաստանի մասին, 90-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բլոգերներ եկել են Հայաստան»,- վերջերս ասում էր էկոնոմիկայի նախարարը։
Գումարներ են ծախսել, հոդվածներ են հրապարակել, արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բլոգերներ են բերել Հայաստան, իսկ արդյունքում զբոսաշրջային հոսքերը կրճատվել են։ Կրճատվել են, էկոնոմիկայի նախարարի ասած՝ զբոսաշրջային կլաստերների զարգացման ու պատմամշակույթային օբյեկտների բարեկարգման պայմաններում։
Փողեր են ծախսում՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունները մեծացնելու, զբոսաշրջային հոսքերն ավելացնելու համար, իսկ դրանք, ինչպես տեսնում ենք, կրճատվում են։ Դա նշանակում է, որ իրականացվող ծրագրերն արդյունավետ չեն, առնվազն չեն ծառայում իրենց նպատակին, ճիշտ ուղղությամբ չեն գնում։ Բյուջեի ու հարկատուների գումարը ծախսում են, իսկ պետության օգուտները նվազում են։
Ոչ մի նշանակություն չունի, թե որ երկրների հաշվին է կրճատվել Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը։ 2023թ., երբ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ եկան Հայաստան ու արձանագրվեց զբոսաշրջային հոսքերի պիկը, ասում էին՝ բյուջետային հատկացումները, իրականացված աշխատանքներն ու կառավարության վարած քաղաքականությունը տալիս է իր արդյունքը։ Էապես մեծացել են զբոսաշրջային հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ։ Առաջիկայում ավելի մեծ հաջողությունների ենք հասնելու, զբոսաշրջիկների քանակը նոր ռեկորդներ է գրանցելու։
Ռուսաստանից եկողները նվազեցին, հետևանքները տեսնում ենք։ Երկրորդ տարին է, զբոսաշրջային հոսքերը կրճատվում են։ Նախկին աճերն էլ իրականում կապ չունեին բյուջետային հատկացումների ավելացման, կառավարության աշխատանքի հետ։ Պարզապես հանգամանքներն այդպես էին դասավորվել։ Բայց նույնիսկ դրանից չկարողացան օգտվել։ Ամեն ինչ արեցին, որպեսզի ռուսական զբոսաշրջային հետաքրքրությունները Հայաստանում նվազեն։ Ու դրա վրա էական ազդեցություն ունեցավ իշխանությունների իրականացրած հակառուսական քաղաքականությունը։
Դեռ չենք ասում զբոսաշրջության համար Հայաստանում նպաստավոր պայմանների բացակայությունը։
Առաջինը, թերևս, այն բարձր գներն են, որոնք վերջին տարիներին ձևավորվել են սպասարկման ոլորտում։ Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենաթանկ երկիրը։ Թանկությամբ Երևանը 179-րդ տեղում է աշխարհում, այն դեպքում, երբ Թբիլիսին 222-րդն է, Բաթումը՝ 257-րդը, Թեհրանը՝ 267-րդը, Անկարան՝ 214-րդը։ Երևանն այս բոլորից առաջ է անցել։ Երևանում կյանքն ավելի թանկ է, քան նույնիսկ Մոսկվայում, որը թանկությամբ 210-րդն է։
Թանկությամբ առաջ ենք անցել Պեկինից, որը 184-րդ տեղում է, Վարշավայից, որը 181-րդ տեղում է, Բուենոս Այրեսից, որը 196-րդ տեղում է, Բուդապեշտից, որը 200-րդ տեղում է, Ռիո դե Ժանեյրոյից, որը 269-րդ տեղում է։
Պարզ չէ՞, որ այսպիսի գներով Հայաստանի զբոսաշրջությունը չի կարող մրցունակ լինել, որքան էլ զբոսաշրջիկները նախապատվությունը տան հայկական պատմամշակութային ժառանգությանն ու հայկական հյուրընկալությանը։
Առավել ևս, որ այս տարիներին իշխանություններին «հաջողվել է» գրեթե զրոյացնել երկրի անվտանգությունը։ Տարբեր երկրների դեսպանատներ պարբերաբար նախազգուշացումներ ու հիշեցումներ են հնչեցնում՝ Հայաստանի առանձին հատվածներ այցելելու վտանգների մասին։
Այսքանից հետո էկոնոմիկայի նախարարն ասում է՝ մեր թիրախն է՝ 2026 թվականին ունենալ 2,5 մլն զբոսաշրջիկ, և ըստ էության այդ թիրախով գնում ենք։
Թիրախով գնալն էլ այն է, որ երկրորդ տարին է՝ զբոսաշրջային հոսքերը նվազում են։ Ու դեռ պարզ չէ, թե այս միտումը մինչև ուր կհասնի։ Կարևորն իշխանության համար հավանաբար այն է, որ բյուջեից փողերը հատկացնեն ու լիաթոք ծախսեն։ Ոչինչ, թե ինչպիսին կլինեն արդյունքները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ