Եթե գազի գինը թանկանա, աշխարհացունց բան չի լինի, հովհարային անջատում՝ նույնպես, բայց… ՀԾԿՀ նախագահ
ՀՀ-ի համար գազի գնի թանկացման դեպքում որևէ աշխարհացունց բան չի լինի, բայց դա անհետևանք էլ չի մնա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այս հայտարարությունն արեց լրագրողների հետ ճեպազրույցում`անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացման հարցին։
«ՀՀ-ում էլեկտրական էներգիայի արտադրության մոտ 30-35 տոկոսը, կախված տարվանից, արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում։ Հետևաբար, եթե գազի գինը X դրամով թանկանա, ապա նշված տոկոսի չափով ազդեցությունը էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի վրա բացասական կլինի։ Դրանից որևէ աշխարհացունց բան տեղի չի ունենա. վերականգնվող էներգետիկան այս տարիներին զարգացել են։ Միայն արևային կայանների գոյությունը մեր իրականությունում մեզ կապահովագրի 92, 93, 94 թվականների ծանր էներգետիկական կրիզիսի պատկերն ունենալուց»,– ասաց Մեսրոպյանը։
Նրա խոսքով` գազի գնի թանկացման դեպքում ենթադրվում է, որ անցումային փուլում որոշակի դժվարություններ կլինեն, բայց վստահեցրեց` հովհարային անջատումների պատկեր կամ օրերով ու ժամերով հոսանքազրկումներ չեն լինի։
ՀԾԿՀ նախագահն ընդգծեց` վաճառվող գազի գնի մասին ռուսական կողմի հետ կնքած պայմանագրով սակագները գործելու են մինչև 2027 թվականի սկիզբը, հետևաբար առաջիկա 6 ամսում ցնցումային իրավիճակ չի լինի։ Ըստ Մեսրոպյանի` անցած տարիների ընթացքում լրացուցիչ օգուտներ են ձևավորվել գազի համակարգում, ու դա բավականին մեծ գումար է։ Անհրաժեշտության դեպքում այդ լրացուցիչ օգուտները կարող են որոշակի ժամանակահատված ուղղվել գազի սակագնի մեղմմանը, որպեսզի կենցաղային սպառողները ծանր սոցիալական վիճակում չհայտնվեն։ Մեսրոպյանը նշեց, որ այդ ընթացքում էլ ՀՀ–ն կփնտրի գազի այլ շուկաներ։
Չբացառեց, որ պայմանագրի ավարտից հետո և դրա չերկարացման դեպքում կարելի է գազը գնել Ադրբեջանից, Իրանից և Թուրքմենստանից։

