Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
Հորդանանի զինված ուժերը հայտնել են, որ հաջողությամբ ոչնչացրել են Իրանից արձակված 20 հրթիռ։ Այս մասին հայտնում է պետական «Պետրա» լրատվական գործակալությունը։
Ռազմական աղբյուրի խոսքով՝ հակահրթիռային գործողության ընթացքում ընկել են բեկորներ, սակայն մարդկային զոհեր կամ նյութական վնասներ չեն գրանցվել։
Նշվում է, որ ինժեներական ստորաբաժանումները զբաղվել են մնացորդների վնասազերծմամբ՝ համոզվելու համար, որ դրանցում պայթուցիկ նյութեր չեն մնացել։
Մյուս կողմից՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելի վաղ հայտարարել էր, որ թիրախավորել է Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազան՝ երկրորդ գիշերն անընդմեջ արձակելով 12 բալիստիկ հրթիռ Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։

