«Դե հա, Պուտինը դեռ չի շնորհավորել, հուսանք` կշնորհավորի». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ կշնորհավորի իրեն խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։ Այս մասին նա ասաց կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
«Դե հա, Պուտինը դեռ չի շնորհավորել։ Հույս ունենանք` կշնորհավորի»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ՌԴ-ից դեռ շնորհավորանքներ չեն հնչել։
Հարցին էլ` եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չշնորհավորի և չընդունի ընտրության արդյունքները, ապա ինչպիսի՞ն կլինի հայ-ռուսական հարաբերությունների ճակատագիրը, Փաշինյանը պատասխանեց.
«Ես 8 տարուց ավելի աշխատում եմ ՌԴ նախագահի հետ, գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, որը հենվում է փաստերի և փաստարկների վրա։ Եթե նրանք ունեն մտահոգություններ, մենք դրանք համբերատար կփորձենք փարատել ու կշարունակենք աշխատել։ Ոչ մի խնդիր չկա»։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Մոսկվա կատարած այցի հետ կապված ռուսական կողմի հետ փոխըմբռնում ունի։ Նա շեշտեց` հրավեր լինելու դեպքում հաստատ չի մերժի ու կգնա ՌԴ։

