Պետք է բոլորի համար շատ ակնհայտ լինի կեղծիքը․ Չեմ բացառում՝ եթե լինի բավարար քաղաքական, քաղաքացիական ակտիվություն, ՍԴ-ն այլ որոշում կայացնի․ Արամ Օրբելյան
Հունիսի 12-ին կավարտվի թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների վերահաշվարկը, իսկ ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։
Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգում են, որ ընտրություններն անցել են խախտումներով, ուղեկցվել բռնաճնշումներով, հետևաբար՝ պետք է վիճարկել առհասարակ դրանց օրինականությունը։ Ի դեպ, «Հայաստան» դաշինքն արդեն իսկ հայտնել է՝ կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները:
Ի՞նչ սպասել Սահմանադրական դատարանից՝ 168.am-ը հստակեցրել է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանից։
Ի պատասխան՝ Արամ Օրբելյանը մանրամասնեց․ «3 հանգամանք կա․ առաջինը՝ ապացույցների բազան, որն այս պահի դրությամբ, ըստ արձանագրումների, որոնց ծանոթանում ենք ըստ ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի հրապարակումների, բավականին մեծ է։ Ու եթե դա ամբողջացվի, համակարգվի, ակնհայտ է դառնում՝ այս ընտրությունները չեն կարող լինել արդար, թափանցիկ, քանի որ այդ խախտումների ծավալն այնպիսին է, որ ազդել է արդյունքների վրա։ Միայն այն փաստը, որ, ըստ էության, բոլոր վերահաշվարկների արդյունքում հայտնաբերվել են խնդիրներ, արդեն իսկ ապացուցում է նվազագույնը՝ կազմակերպչական խնդիրները և կազմակերպման որակը։
Երկրորդը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանից ակնկալիքին․ մինիմալ սպասումն այն է, որ դատական նիստով հնարավոր լինի ուղղակիորեն ցույց տալ այս կեղծիքները, որպեսզի ժողովուրդը միայն քաղաքական խոսույթից դրա մասին չտեղեկացվի, այլ հստակ տեսնի, որ կա խնդիր։ Չեմ բացառում, որ, եթե այդ ժամանակ լինի բավարար քաղաքական, քաղաքացիական ակտիվություն, Սահմանադրական դատարանը նաև, իր ամեն ինչով հանդերձ՝ այլ որոշում կայացնի։
Այլ որոշումը, սա արդեն 3-րդ կետն է, կարող է լինել սահմանափակ քննադատող որոշումից, որ, օրինակ, ընտրությունը արդար չի եղել, վերջացրած՝ ընտրությունը անվավեր ճանաչելով»։
Փաստաբանը հավելեց, որ վերջինի հավանականությունը շատ փոքր է գնահատում, սակայն չի բացառում։ Իսկ փոքր հավանականությունը, ըստ նրա, ոչ թե ապացուցողական դաշտի, այլ Սահմանադրական դատարանի կառուցվածքի խնդիրներով է պայմանավորված։
«Հիմա ունենք բացառապես 1 իշխանության կողմից նշանակված դատավորներ»,- նկատեց նա։
Արամ Օրբելյանը, սակայն, շեշտեց, որ ակնկալիքները ոչ միայն պետք է Սահմանադրական դատարանից լինեն, այլև՝ ինքներս մեզնից, քաղաքացիական ակտիվ շրջանակից, հ/կ-ներից, կուսակցություններից, որպեսզի պրոցեսը չլինի ստանդարտ դիմումի քննարկում, այլ դառնա սահմանադրական գործընթաց։
«Դրա ամենատիպիկ օրինակը կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում տեղի ունեցող գործընթացն էր, որտեղ և՛ օրենքն էր քննարկվում Սահմանադրական դատարանում, և՛ դրա հետ զուգահեռ՝ քաղաքահասարակական ակտիվություն ու գործունեությունն էր տեղի ունենում»,-պարզաբանեց մասնագետը։
Դիտարկմանը, որ ՍԴ որոշմանը հաջորդելու է արդեն քաղաքական ուժերի որոշումը՝ մանդատներ վերցնել-չվերցնելու վերաբերյալ, և հարցին՝ ո՞րն է այս պահին ճիշտ որոշում համարում, Արամ Օրբելյանը արձագանքեց․
«Այս պարագայում ունեմ հստակ պատկերացում, որ մանդատներ չվերցնելը տարբերակ չէ, բայց մեկ «բայց»-ով․ սա ենթադրում է, որ դրանից առաջ պետք է իմ ասած գործընթացը լինի, պետք է բոլորի համար շատ ակնհայտ լինի կեղծիքը, և եթե բոլորի համար շատ ակնհայտ հնարավոր եղավ ցույց տալ կեղծիքը, այդտեղ քննարկումը մանդատ վերցնել-չվերցնելու հարցի շուրջ չի լինելու․ մանդատ վերցնելու գործիքը չի խնդիրը, այլ հանդարտ պառլամենտ չգնալու գործիքն է։ Այսինքն`այդ մանդատ ստանալը չի խանգարում, որ ընդունեն՝ գործընթացը կեղծված է, և դրա շրջանակներում քաղաքական գործունեությունը, քաղաքական ակտիվությունը շարունակվի, որովհետև ցանկացած քաղաքական գործընթաց, որը տեղի կունենա, եթե Սահմանադրական դատարանի որոշումը այն չի, որը անվավեր կճանաչի և նոր ընտրություններ, նոր քվեարկություն կնշանակի, համապատասխանաբար ենթադրում է, որ պետք է լինի ինչ-որ այլ պրոցես՝ կարող է լինել կա՛մ հրաժարական, կա՛մ վստահության գործընթաց, բայց այդ ամբողջ պրոցեսների համար, միևնույն է, պետք է լինի պառլամենտում ներկայացվածություն»։

