Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման ռազմական առաքելությանը՝ տրամադրելով E-7A Wedgetail հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ինքնաթիռ: Այդ մասին ասված է Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը:
Փաստաթղթի համաձայն՝ Ավստրալիայի ռազմաօդային ուժերի E-7A Wedgetail ինքնաթիռը գործի կդրվի բազմազգ ռազմական առաքելության շրջանակում՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարության ներքո: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գործողությունը կկրի բացառապես պաշտպանական բնույթ և կկենտրոնանա Հորմուզի նեղուցով նավարկության ազատության ապահովման վրա:
Մեծ Բրիտանիան, իր հերթին, նախատեսում է առաքելության մասնակցության համար տրամադրել Typhoon կործանիչներ, HMS Dragon էսկադրային ականակիրը, անօդաչու սարքեր՝ պոտենցիալ սպառնալիքների հայտնաբերման, ինչպես նաև սարքավորումներ ծովային ականների որոնման համար: Նախարարները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համակարգելու դիվանագիտական, տնտեսական և ռազմական ջանքերը՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար:
Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը և նեղուցի փակումը բացասական ազդեցություն են գործում համաշխարհային տնտեսության, էներգապաշարների մատակարարումների և էներգետիկ անվտանգության վրա:

