Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Բրազիլիայի ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մտահոգություն են հայտնել Կուբայում տիրող ծանր հումանիտար ճգնաժամի կապակցությամբ և հանդես են եկել ԱՄՆ-ի էմբարգոյի վերացման օգտին: Այս մասին ասվում է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Երկու ղեկավարները վերահաստատել են իրենց դիրքորոշումը Կուբայի նկատմամբ էմբարգոյի վերացման անհրաժեշտության վերաբերյալ և մտահոգություն են հայտնել կարիբյան երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ», – նշվում է փաստաթղթում:
Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ կողմերը քննարկել են լայն երկկողմ օրակարգ, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում:
Բացի այդ, Մեքսիկան և Բրազիլիան համաձայնության են եկել թարմացնել առևտրի ոլորտում երկկողմ իրավական բազան, վերահաստատել են իրենց հանձնառությունն այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին և համատեղ աջակցություն են հայտնել Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետի թեկնածությանը ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

