Ոռնոցներ երազում և արթմնի․ իշխանությունը մնացել է նախկինների ծրագրի հույսին

Իշխանության ջանքերով ու ապիկարության պատճառով՝ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ներդրումային վակուումի մեջ։ Չնայած նրան, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ներդրումային «հրավառություն» էր խոստանում, այնպես արեցին, որ ներդրումները փախնեն Հայաստանից։

Եկած-չեկած՝ հալածում էին ներդրողներին, մատ էին թափ տալիս, քրեական գործերով էին վախեցնում, տնտեսական ծրագրերն իրենց քաղաքական նպատակներին էին ծառայեցնում։ Ամեն ինչ արեցին՝ կասեցնելու նույնիսկ այնպիսի խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկը, ինչպես Ամուլսարն էր։ Առնվազն 7 տարով հետ գցեցին դրա իրականացումը՝ մեծ հարված հասցնելով երկրի ներդրումային հեղինակությանը։

Ծրագրի չիրականացման տնտեսական, ֆինանսական ու սոցիալական կորուստների մասին դեռ չենք խոսում։

Այդքանից հետո, նախկինների օրոք սկսված ծրագիրը, որը գրեթե մոտ էր արտադրական փուլ մտնելուն, հիմա փորձում են վերագրել իրենց։ Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։

Կարդացեք նաև

«Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։

Շունը հաչում է, քարավանը՝ գնում»,- օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ծրագրին։

Մի կողմ թողնելով էկոնոմիկայի նախարարի գրության բարոյական կողմն ու լեզվամտածողության անհարգալից տոնը, անդրադառնանք նրան, թե այդ ի՞նչ հերթական խոշորագույն ներդրումային ծրագրի մեկնարկի մասին է նա խոսում։ Մոռացե՞լ է, որ այդ ծրագիրը շատ վաղուց էր մեկնարկել։ Այն ժամանակ, երբ ինքը նույնիսկ ամենավառ երազում չէր կարող երևակայել, որ բախտի բերմամբ մի օր կհայտնվի էկոնոմիկայի նախարարի աթոռին։

Հիշեցնենք Գևորգ Պապոյանին, որ Ամուլսարի ներդրումային ծրագիրը մեկնարկել է նախկին իշխանությունների օրոք։ Եվ ոչ միայն մեկնարկել է, այլև գրեթե հասցվել էր ավարտին։ Կատարվել էին մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ, ուր որ էր պիտի սկսվեր նաև հանքի շահագործումը, որը լուրջ տնտեսական, ֆինանսական ու սոցիալական օժանդակություն էր խոստանում Հայաստանին։ Բայց թե ինչ եղավ հետո, երբ իշխանության եկան երիտհեղափոխականները, բոլորին շատ լավ հայտնի է։

Գևորգ Պապոյանն ու նրա քաղաքական հայրերն այս ծրագրի հետ այնքանով առնչություն ունեն, որ իշխանության գալուց հետո տապալեցին դրա իրականացումը՝ ծառայեցնելով իրենց քաղաքական շահերին։ Դեռ պետք է գնահատել, թե դրա հետևանքով, Ամուլսարի ներդրումային ծրագրով հպարտացող Գևորգ Պապոյանն ու մյուս երիտհեղափոխականներն ինչքան վնասներ տվեցին երկրի միջազգային ու ներդրումային հեղինակությանը։

Ինչպես հայտնի է, դրա հետ կապված՝ Հայաստանի դեմ հայց է քննվում միջազգային արբիտրաժային դատարանում։ Այդ հայցի շրջանակներում կառավարությունը պարբերաբար տասնյակ-միլիոնավոր դրամներ է փոխանցում պետական բյուջեից։ Չհաշված հարկատուների վճարած հարկերի այն անտեղի վատնումները, որոնք արվեցին գրեթե ավարտական փուլում գտնվող ծրագրի հավելյալ փորձաքննության համար։

Եթե պիտի շահագործվեր Ամուլսարը, ինչի՞ համար էին այն շահարկումները, որոնք շարունակվեցին գրեթե 7 տարի՝ նյութական ու ոչ նյութական հսկայական կորուստներ պատճառելով երկրին։ Այսքանից հետո էլ կառավարությունը պետական բյուջեի հաշվին ստիպված է երաշխիքներ տրամադրել, որպեսզի ընկերությունը կարողանա հայաստանյան բանկերից 150 մլն դոլարի վարկ ներգրավել՝ ներդրումային ծրագիրն ավարտին հասցնելու ու հանքի շահագործումը մեկնարկելու համար։

Բյուջետային երաշխիքը հանդիսանում է պետական պարտքի բաղադրիչ, հետևաբար, դրա տրամադրումը հանգեցնելու է կառավարության պարտքի բեռի ավելացմանը։ Առանց դրա էլ, 2025թ. կանխատեսումներով, կառավարության պարտքը կգերազանցի հարկաբյուջետային կանոններով սահմանված` ՀՆԱ 50 տոկոսի շեմը։ Երաշխիքի տրամադրումից հետո շեղումը հարկաբյուջետային կանոնից, բնականաբար, ավելի մեծ կլինի։ Բայց կառավարությունը որոշել է գնալ դրան։

«Կառավարությունը, համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման պարագայում առկա ռիսկերը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված բյուջետային երաշխիքի տրամադրման դրական ազդեցությունը ՀՀ-ում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ոսկու գները միջազգային շուկայում, նախաձեռնել է բյուջետային երաշխիքի տրամադրումը»,- այսպես է կառավարությունը հիմնավորել 150 մլն դոլար երաշխիքի տրամադրումը։

Սա հարկադրված քայլ է, որին գնացել են իշխանությունները՝ ռիսկի տակ դնելով պետական բյուջեն։ Բայց նման խնդիր չէր առաջանա, եթե ժամանակին տարբեր միջոցներով չխոչընդոտեին ու թույլ տային ծրագիրն իր բնականոն հունով շարունակվեր, ներդրումները հասցվեին ավարտին, մեկնարկեր հանքի շահագործումը։ Այդ դեպքում ոչ միայն ստիպված չէինք լինելու 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրել, ավելացնել պետության պարտքի բեռը, այլև կխուսափեինք բազմաթիվ անհարմարություններից ու կորուստներից, որոնք առաջացան այս ծրագրի հետ կապված՝ զուտ այն պատճառով, որ երիտհեղափոխականներն այդպես էին ուզում։

Այսօր էլ այնպես են հիմնավորում ծրագրի իրականացման օգուտները, կարծես՝ նախկինում դրանք չէին ստացվելու։

Ակնկալում են, որ ծրագրի իրականացումն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա՝ տարեկան շուրջ ՀՆԱ 1,0-1,5 տոկոսի չափով: Ծրագրի շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացքում՝ մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ:

Յոթ տարի պահանջվեց իշխանություններից սա հասկանալու համար։ Այնինչ՝ այդ օգուտները երկիրը շատ վաղուց կարող էր ստանալ ու ծառայեցնել տարբեր, այդ թվում՝ սոցիալական ու անվտանգային խնդիրների լուծմանը։

Բայց իրենց քաղաքական ամբիցիաները գերադասեցին երկրի շահերից ու 7 տարով հետ գցեցին ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող տնտեսական, ֆինանսական ու սոցիալական օգուտները։ Այսքանից հետո դեռ փորձում են նախկինների սկսած խոշորագույն ներդրումային ծրագիրը վերագրել իրենց, երբ մեծ ջանասիրությամբ տարիներ շարունակ խաթարել ու խոչընդոտներ են ստեղծել դրա իրականացման համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս