Բաժիններ՝

Ունենք թափթփված վերաբերմունք մեր անձնական տվյալների նկատմամբ․ Արթուր Պապյան

Հանրապետությունում վերջին երկու տարվա ընթացքում նկատելիորեն աճել են ֆինանսական խարդախությունները՝ օգատգործելով էլեկտրոնային, թվային գործիքակազմը։

«Արմեպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը նշեց, որ քովիդի ժամանակահատվածում, երբ տեղաշարժը սահամանափակ էր, մարդիկ սկսեցին ավելի շատ կիրառել ու օգտագործել էլեկտրոնային գործիքակազմը՝ կապված ֆինանսական տարբեր գործարքների հետ։ Վերջին տարիներին նկատվում է, որ ավելի շատ են օգտվում էլեկտրոնային վճարման միջոցներից ու այլ գործիքներից։ Դրան զուգահեռ էլ ավելացավ համացանցում ֆինանսական խարդախությունների դեպքերի թիվը։ 

«Մենք տեսնում ենք, որ շեշտակիորեն աճել են տարբեր տիպի ներդրումային խարդախությունների դեպքերը։ Մարդիկ շատ դեպքերում խորամուխ չեն լինում, խաբվում են ու գումարներ են կորցնում։ Շատ տարածված են, այսպես կոչված, ռոմանտիկ խարդախությունները։ Դրանք այն դեպքերն են, երբ արտասահմանից որևէ մեկը ՀՀ քաղաքացու հետ ծանոթություն է հաստատում, հետո առաջարկում ամուսանանալ։ Ինչ-որ պահի դա վերաճում է ֆինանսական խարդախության սխեմայի։

Մյուս դեպքերից են, երբ, իբր ծանոթի անունից գրում են, թե Իսպանիայում կամ մեկ այլ տեղ թալանել են, արագ փող ուղարկիր, կվերադառնամ, կտամ։ Մեկ այլ տարբերակ է նաև այն, որ ինչ-որ գործարքի համար խաբեությամբ կորզում են մարդկանց անձնական տվյալները ու դրանցով գործարքներ անում»,-ասաց Արթուր Պապյանը։ 

Մասնագետը նկատեց, որ ՀՀ քաղաքացիները պետք է այդ առումով առավել զգոն լինեն, քանի որ հայ-ադրբեջանական հաքերային «փոխհրաձգության» պայմաններում բազմաթիվ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսք է եղել ժամանակին։ 

«Տեսեք, երբ զանգում են ու ներկայանում են որպես Նիգերիայից քեռու տղա, պարզ է, որ քաղաքացիներն այդ խայծը կուլ չեն տա։ Երբ զանգում են ու ներկայանում  որևէ կազմակերպությունից ու հետն էլ տվյալ մարդու անձնական տվյալներն են ասում, այ այդտեղ սկսում են վստահություն ձեռք բերել։ Հետևաբար՝ շատ զգույշ ու ուշադիր պետք է լինել։ Նման դեպքերում անպայման անջատել հեռախոսը և զանգել բանկի կամ տվյալ կազմակերպության հեռախոսահամարով։ Անձնապես գնալ այդտեղ ու տեղում ճշտել բոլոր հարցերը»,-ասաց Արթուր Պապյանը։  

Նրա խոսքով, տարբեր ընկերություններից ևս մարդկանց անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր են կան։ Ապահովագրական ընկերություններում եղած վարորդների անձնական տվյալները, չգիտես ինչպես, միմյանց է փոխանցվում։ 

«Ինչպես տենսում եք, շատ են ռիսկերը, երբ մարդու անձնական տվյալների արտահոսք է լինում կամ քաղաքացին ինքն է խաբվում ու չգիտակցելով՝ անձնական տվյալները փոխանցում է այլ մարդկանց։ Դա նշանակում է, որ պետք է զգոն լինել ու ամեն օր խոսել այդ մասին, հարցադրումներ անել։ Այնինչ, մենք ունենք թափթփված վերաբերմունք մեր անձնական տվյալների նկատմամբ, մեծ հաշվով թքած ունենք մեր անձնական տվյալների անվտանգության վրա։ Եթե հանցագործը գիտի, թե, օրինակ, ես ինչ դեղեր եմ առնում, ուր եմ գնում, որ ծառայություններից եմ օգտվում, ուրեմն ես բավական խոցելի եմ։ Իմ տվյալները կարող են օգտագործել իմ դեմ»,-ասաց մասնագետը։ 

Արթուր Պապյանը հորդորեց լինել ուշադիր անձնական տվյալների անվտանգության հարցերի հետ կապված, անհրաժեշտության դեպքում հավելյալ ճշգրտումներ անել, փաստաթղթեր ստորագրելուց առաջ անպայման դրանք մանրամասն կարդալ։ Ըստ նրա՝ այստեղ մեծ ծավալի իրազեկման աշխատանքի անհրժեշտություն կա։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս