Պիտի փոխենք ԽԱՂԸ․ չեզոքացնենք Ալիևի իրական նպատակը. ընդդիմությանը պետք է ակնկալիք չունեցող ԲԱՆԱԿՑՈՂ. #ԴԱՍԵՐ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն են։

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Արթուր Մարտիրոսյան.- Երբ կա ռազմավարական անորոշություն, ու չգիտես՝ ուր է գնալու աշխարհը, չպետք է ընկնես խաղերի մեջ, թռչես այս ճամբարից այն ճամբար։ Եթե լինես մի ճամբարից, կիմանաս՝ քեզ հետ ինչ կլինի, բայց Հայաստանն այսօր ո՛չ այս կողմն է, ո՛չ այն։ ԱՄՆ նախկին ուժերն ու եվրոպացիներն են ՀՀ իշխանությունների սցենարը գծել, և դրանով է պայմանավորված տեկտոնիկ շարժերի վտանգը։ Զավեշտալի իրավիճակ է Թրամփը հանդիպում, բանակցում է ռուսների հետ, իսկ դու Ազգային ժողովի քո պատգամավորներին ուղարկում ես Կիև՝ հանդիպելու այդ երկրի Ռադայի խոսնակի հետ։ Լավ, ինչո՞ւ։ Նպատակդ ո՞րն է։ Սա շատ վտանգավոր բան է։

Կարդացեք նաև

Մի կուսակցություն (Փաշինյանի ՔՊ-ն), որ իշխանության է եկել առանց «իզմ»-երի, հիմա հանկարծ հայտնաբերել է գաղափարախոսություն։

ԱՄՆ-ում Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը մի բառ արտաբերեց՝ «իզոլյացիոնիզմ», որն արտաբերելը, ըստ նրա, իրեն պիտի մոտեցներ Թրամփի ադմինիստրացիային։ Բայց իր կողմից օգտագործված այդ բառի նշանակությունն ինքը չգիտեր։ Ասել էին՝ ասա, ասել էր։ Ես չգիտեմ՝ ով էր ասել, բայց իր անգլերենի ուսուցիչը՝ Մակունցը, կողքը նստած էր։ Բանն այն է, որ Թրամփը իզոլյացիոնիստ չէ, ու բացի դրանից, էդ բառի արտաբերումը բավական չէր, որ Թրամփը հանդիպում ունենար, ու ինչ-որ բան քննարկեր փոխնախագահ Վենսի հետ։ Երևի մեկը Վենսին ճանաչել է, խնդրել են՝ մի հատ նկարվի մեր վարչապետի հետ, ասել է՝ դե լավ, կնկարվեմ։

Ուկրաինական խնդրին Թրամփը նայում է որպես բիզնեսմեն՝ մտածելով՝ մեկ է, Ուկրաինան արդեն պարտվել է, էլ ինչի՞ եմ փող դնում, դադարեցնեմ, ինչ կարողանամ, վերցնեմ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ կատարած վերջին տխրահռչակ այցի ընթացքում հանդիպել էր ամերիկյան հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ և ասել.

«Հայաստանի Հանրապետության գործառութային նպատակը հետևյալն է՝ ապահովել սեփական քաղաքացիների բարեկեցությունը, անվտանգությունն ու երջանկությունը: Եթե ամերիկյան տրամաբանությամբ կամ տերմինաբանությամբ ձևակերպելու լինենք այս տրանսֆորմացիան, թերևս, իհարկե, շատ հեռավոր ձևով, բայց կարող ենք համեմատել, այսպես ասած՝ ի-զո-լյա-ցիո-նիզմի հետ, եթե որոշակի զուգահեռ անցկացնենք»:

Թևան Պողոսյան.- Բանակցային սեղանի շուրջ մենք՝ Հայաստանը, ուտեստ ենք դարձել։ Կուզեն՝ կուտեն, չեն ուզի՝ ձեռք չեն տա, կմնանք, կփտենք… Ժամանակին մենք ունեինք Արցախ, անվտանգություն, ճանապարհներ։ Երբ դրան պատշաճ ձևով տեր չես կանգնում, ընկնում ես տարբեր տեղեկատվական  և այլ ճնշումների տակ, ունենում ես այն, ինչ ունես։

Հայաստանում սահմանադրական փոփոխություններ չեն լինելու։ Ալիևը պահանջների ցանկ է ներկայացրել, բայց նրան չի հետաքրքրում Սահմանադրության փոփոխությունը, որովհետև նրան հետաքրքիր է Հայաստանի ոչնչացումը։ Ոչ մի թուղթ էլ չի ստորագրելու Ալիևը։ Այս ամենը Փաշինյանի համար մի նպատակ ունի՝ մի օր ավել երկարաձգել սեփական իշխանությունը։ Փետրվարի 19-ին հայտարարում է Սահմանադրության փոփոխության մասին, չեզոքացնում է Փետրվարի 20-ի օրվա ազգային մեծ խորհուրդը, Ալիևին էլ ասում է՝ տեսա՞ր՝ արեցի։ Բայց չէ՞ որ իրական կյանքում պիտի լինի այդ փոփոխությունը, ո՞նց են անելու։

Ալիևին պետք է մեր միջից արմատախիլ անել ազգային արժեքները։

Փաշինյանը դեռևս ամիսներ առաջ էր հայտարարել՝ եթե 1.5 տարի դիմանանք, Հայաստանը հավերժ կլինի։ Որ հաշվում ես, ընկնում է 2026թ․ հունիս՝ ընտրությունների ժամանակ։ Այսինքն՝ մարդն ասել է՝ իր նպատակը որն է՝ մի օր էլ մնալ իշխանության։

Պարտված իշխանությունը պարտություն է բերում։ Բայց Արցախի թեման փակված չէ, քանի դեռ հայերն իրենց մտքում Արցախի հարցը չեն փակել։

Արթուր Մարտիրոսյան.- Մենք պետք է Արցախի հարցը բերենք օրակարգ, մենք պետք է աշխատենք այնպես, որ ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ Արցախի հարցը դառնա օրակարգի մաս։ Եվ դա հնարավոր է: Մեր դիվանագիտությունը պիտի աշխատի այդ ուղղությամբ, ու կապ չունի, որ Արցախում հիմա հայ չկա։ ԱՄՆ-ին և Ռուսաստանին պետք է բացատրել, որ Արցախի հարցն օրակարգ բերելն իրենց շահերից է բխում, բայց ՀՀ իշխանությունները փակել են այդ հարցն ու ամեն օր Ալիևին ապացուցում են, որ փակ է։

Թևան Պողոսյան.- Ակնհայտ է՝ Զանգեզուրի միջանցքի հարցը պետք է լուծվի միջազգային կոնսենսուսով։ Իրական առճակատումը դրված է միջանցքի վերահսկողության խնդրի մեջ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, պարզ է, չէ՞, որ մի օրում չի բանակցվել։ Չեմ բացառում, որ անգամ նախնական տարբերակը բանակցվել է 2020թհոկտեմբերի 10-ին։ Ռուսներին ինչ-որ պահի հաջողվել է միջանցքի վերահսկողության հարցը մտցնել փաստաթղթի մեջ։ Թուրքիան ու Ադրբեջանը մի տարբերակ ունեն՝ ուժով բացել միջանցքը։ Հիմա ուժեղները խոսում են՝ ՌԴ-ն ու Ամերիկան։ Մինչև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խոսակցությունը չավարտվի, բան չպայմանավորվեն, հարցը ո՞նց պիտի լուծվի։ Դրա համար է կանգնած վիճակը հիմա։

Եթե բիզնեսմեն Թրամփին հետաքրքիր չլիներ ռուսների հետ բանակցելը, կբանակցե՞ր․․․ Իհարկե ո՛չ։ Նշանակում է՝ Ռուսաստանը ձևավորել էր բանակցային այն պաշարը, որ Թրամփին հետաքրքիր լիներ իր հետ խոսելը, իսկ բանակցությունները հնարավորինի արվեստ են։

Արթուր Մարտիրոսյան. Արևմուտքը միշտ նույն բանն է ասել՝ սկսած 90-ականներից՝ հանե՛ք ռուսներին, ու լավ կապրեք, ո՛չ Ադրբեջանն է թշնամի, ո՛չ Թուրքիան․․․ Անընդհատ պահանջներ են ներկայացնում, ինչին Թուրքիան ասում է՝ բավարարեք Ադրբեջանի պահանջները։ Հայաստանի իշխանություններն այսօր խաղում են Ալիևի խաղը։ Պիտի փոխենք խաղըտարբերակ ունենք՝ օգտագործել մարդկային կապիտալը։ Դա էլ չենք անում։

Բաքվում գտնվող հայ գերիների, պատանդների մասին: Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները՝ նրանց բերելու ուղղությամբ, որը չեն անում: Այնպես չէ, որ Ալիևը չունի կորցնելու բաներ։ Այնպես չէ, որ չկան մարդիկ, ում Ալիևը լսում է, բայց դրա համար դու պետք է աշխատանք տանես։ Բաքվի բանտերում գտնվող այդ մարդիկ ՀՀ անձնագիր ունեն։ Թող բացեն Սահմանադրությունն ու կարդան՝ ինչ պարտականություններ ունեն իշխանությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ։ Կարո՞ղ է այդ մարդկանց ձեռքին ուրիշ անձնագիր էր։ Դատ է հասնում ձեզ, որովհետև դուք Սահմանադրությունը խախտել եք։ Առանց պետության հնարավոր չէ գերիների հարցը լուծել։ Ես չեմ պատկերացնում, որ Ամերիկայում, ինչ ուզում է այլ երկրում գերի ու պատանդ ամերիկացին արած լիներ, տեր չկանգնեին իրենց քաղաքացուն։ Բայց քանի որ ՀՀ այս իշխանությունը փակել է Արցախի հարցը, փակել է նաև գերիների վերադարձի հարցը։ Դա նրանց հետաքրքիր չէ։ Այդ «դատավարությունը» մեզ համար է, մեզ վախեցնելու համար է, որ հրաժարվենք Արցախից։

Թևան Պողոսյան.- Միակ բանը, որ կարող ենք անել, այն է, որ չեզոքացնենք Ալիևի իրական նպատակը։ Ցավում եմ, որ այսօր չունենք այնպիսի պետություն, որ երբ պատանդ ենք ունենում Ադրբեջանում, մեր հատուկ ծառայությունները կարողանան գնան, գողանան, բերեն։ Եղել են այդպիսի ժամանակներ, երբ մի պատանդի փոխարեն՝ 10-ն էինք գողանում բերում… հետո փոխանակում, հարցերը կարգավորում: Բայց սա մի կողմ։ Ալիևի նպատակը հայ ազգի աչքը վախեցնելն է։ Ես լինեի իշխանության տեղը՝ այդ բոլոր մարդկանց կտայի ՀՀ ազգային հերոսի կոչում, այդ մարդկանց անունով դպրոցներ կանվանակոչեի, փողոցներ, երեխաներին էլ ամեն օր կտանեի էդ տեղերը, կպատմեի՝ ովքեր են էս մարդիկ ու ինչեր են արել, որ թշնամին իր նպատակին չհասներ… Սա պետք է լինի մեր օրակարգի թիվ մեկ հարցը։

Ռուբենին Ալիևը չի ներում մի բանի համար՝ Արցախի միջազգային ճանաչման, մեդիաներով ողջ օրն Արցախի մասին խոսելու, Արցախ անունը տալու համար։ Իսկ Ռուբեն Վարդանյանն աշխարհում ճանաչված, հեղինակություն ունեցող մարդ է, նա բարձրաձայնում էր Արցախում տեղի ունեցող էթնիկ զտման մասին, աշխարհին ավելի տեսանելի էր դարձնում Ալիևի բռնակալ լինելը: Մենք ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ բոլոր հարուստ հայերի դեմ ոչ թե պիտի պայքարենք, այլ նրանց հետ պիտի աշխատել։ Մենք այդպես էլ դասեր չքաղեցինք՝ ինչպես օգտվել մեր մարդկային ռեսուրսներից։

Արթուր Մարտիրոսյան.Ալիևի թշնամին ողջ հայ ազգն է, և մեր ժողովուրդը պետք է սա հասկանա։ Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունը կարող է մեզ դուրս բերել այս փակուղային վիճակից։ Փաշինյանը, իհարկե, հասկանում է, որ պետք է խոսել, բանակցել, բայց չի անում, որովհետև չի ուզում իր նպատակն Ալիևին և Էրդողանին գոհացնելն է։

Թևան Պողոսյան.- Ես Արցախի ներկայացուցիչն եմ եղել ԱՄՆ-ում 1997թ։ Այն ժամանակ ինձ համար մեծագույն հպարտություն էր, որ հայկական Սփյուռքի շնորհիվ մեր առաջ այնպիսի դռներ էին բացվում, որոնք կերազեին բացել շատ ճանաչված երկրների ներկայացուցիչներ։

 Արթուր Մարտիրոսյան.- Իշխանությունների համար որքան շատ պառակտված լինի մեր հասարակությունը, այնքան ավելի լավ իր համար։ «Բաժանիր, որ տիրես»-ի սկզբունքն է գործի դրվել։

Թևան Պողոսյան.– Մեր տունը վառվել է, հասել ենք ֆունդամենտին։ Եկեք միասին նստենք, գտնենք ինչ-որ ճանապարհ։ Պետք է միավորվել՝ ինչ-որ բան անելու համար, ոչ թե ինչ-որ բաներից հրաժարվելու։

Արթուր Մարտիրոսյան.Պետք է մի կողմ դնել բոլոր քաղաքական տարաձայնությունները, նույնիսկ կարող են նախնական պայմանավորվածություն ձեռք բերել շատ կարևոր հարցերի մասին։ Իրար դեմ խոսելուց միայն իշխանությունն է շահում՝ ցույց տալով, որ իրեն այլընտրանք չկա։ Ընդդիմությունը պետք է ցույց տա, որ ինքը կարողանում է բանակցել, գալ կոնսենսուսի։ Ես դա անհնար չեմ համարում։ Դրանից հետո կարող են մոբիլիզացնել հանրությանը, որ Փաշինյանը տեսնի՝ իրեն ոչ ոք չի հանդուրժում։

Դիվանագիտությունը հենց սա է. եթե դու ունես «կանալներ», դրանք պետք է օգտագործես: Ինձ համար խնդիրը, որպես բանակցող, հետևյալն է: Մինչև մենք երկրի ներսում չկարողանանք բանակցել ու ստեղծել բավարար կոնսենսուս, որ մենք բոլորս նույն նպատակն ունենք, մինչև մի կողմ չդնենք բոլոր ներքաղաքական տարաձայնությունները, որոնք կարող են անգամ շատ խորը լինել, ոչինչ չի ստացվի: Հասուն քաղաքական մշակույթ կրող անձինք պիտի կարողանան պայմանավորվել, անգամ նախնական որոշել՝ ինչ են անելու մի քանի կարևոր կետերի շուրջ, երբ հասնեն իրենց նպատակին: Բայց եթե թույլ տան անել այն, ինչ տեղի է ունենում հիմա ընդդիմության ներսում՝ սուր բախումներ (լարվածություն, բախումներ ընդդիմության տարբեր թևերի միջև,- հեղ.), դա հենց այս իշխանությունների ցանկությունը և ծրագիրն է: Հենց դա էլ ուզում են, որ մարդիկ ասեն՝ «այլընտրանք չկա, էս մարդը մի ձև խաղաղությունը պահում է»: Սա է նարատիվը: Այն դեպքում, երբ Փաշինյանի ասածը խաղաղություն չէ, կեղծ խաղաղության թեզ է: Դրա համար Ալիևի հետ էլ պայմանավորվում է, որ գոնե թվացող խաղաղությունը լինի: Այս նարատիվը պետք է փոխվի: Ընդդիմությունը պետք է ցույց տա, որ կարողանում է ինքն իր ներսում բանակցել, գալ կոնսենսուսի, և դա անհնարին չէ: Դրանից հետո նոր պետք է մոբիլիզացնել ողջ հանրությանը, որ ինքն էլ տեսնի՝ իրեն չեն հանդուրժում: Դա անելուց հետո այս իշխանությունն ուզում է՝ Սահմանադրություն փոխի, ինչ ուզում է անի, ընտրություններով չի՛ վերընտրվելու:

Մոտավորապես այսպիսի վիճակ էր 1996թ., երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ն պատկերացնում էր, որ իրենց ամենակարևոր առավելությունն այն է, որ ընդդիմությունը երբեք չի կարողանա ընտրություններում համախմբվել: Տեսանք, որ ընդդիմությունը միավորվեց մի հարցի շուրջ: Ես մի փոքր զբաղվում էի այդ հարցերով և հիշում եմ, որ Վազգեն Մանուկյանի և ընդդիմության մյուս թևերի միջև շատ մեծ տարաձայնություններ կային, բայց իրենք դա հաղթահարեցին, գտան պայմանավորվելու ձևը: Պետք է ցանկություն լինի: Ընդդիմության բոլոր առաջնորդները պետք է ցանկանան միավորվել:

Ես գիտեմ՝ քաղաքական մշակույթ ունեցող երկրներում ինչպես է լինում: Գերմանիայում ընտրությունները դեռ չէին ավարտվել, շամպայնը դեռ չէին բացել, սկսվեցին բանակցությունները, որովհետև բոլորը գիտեին՝ կոալիցիա է կազմվելու: Բանակցությունների հաջողված փորձ կա Ավստրիայում, որտեղ ընդդիմությունը միավորվեց ու հեռացրեց մեծամասնություն հավաքած աջ ծայրահեղականներին:

Պետք է բանակցող լինի ընդդիմության հիմնական դերակատարների միջև: Բանակցողը պետք է լինի մարդ, որին ոչ մի կողմ չի կարող ասել՝ մեզ համար ընդունելի չէ: Բերեք պրոֆեսիոնալ մասնագետ, որը կարող է, օրինակ, դրսից լինել:

Թևան Պողոսյան.- Բանակցողը երբեք որևէ ակնկալիք չպետք է ունենա: Երբ բանակցողը նստում է բանակցային սեղանի շուրջ ու հետո ակնկալում է, որ պետք է դառնա վարչապետ, փոխվարչապետ կամ մեկ այլ բան, չի աշխատելու: Նա պետք է ապահովի միայն ընթացքը:

Արթուր Մարտիրոսյան.- Երբ առհասարակ ես բանակցում եմ որևէ հարցով, զբաղվում եմ միջնորդությամբ, շատ հասարակ հարցից եմ սկսում: Առանձին-առանձին բանակցում եմ ու հարց եմ տալիս՝ ի՞նչ 3 բան պետք է անի մյուս կողմը, որ դուք մի կողմ դնեք ձեր ամբիցիաները, տարաձայնությունները: Նույն հարցը մյուս կողմին եմ տալիս:  Պետք է աշխատել, և այդ դեպքում ամեն ինչ հնարավոր կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս