Փաշինյանին հնարավոր է հեռացնել ամեն պահի. ով ուզում է գնալ ընտրությունների, թող գնա. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա  դատական նիստին իր հետ բերել էր Շուշի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խորհրդանիշ 4 հրեշտակներից մեկի նկարը։ Այս լուսանկարը, ինչպես դատական նիստի վերջում նշեց հանրապետական գործիչը, նա բերել էր հայ ռազմագերիների ազատության պայքարի խորհրդանիշը դարձնելու առաջարկով։

«Մեր հայրենակիցների ազատության համար պայքարը, առհասարակ, մի տեսակ տարերային բնույթ է կրում, և համակարգելու խնդիր կա։ Կարծում եմ` ճիշտ կլինի համազգային ապակենտրոն պայքար լինի, և որոշակի բրենդավորում-խորհրդանիշ է պետք»,- պարզաբանեց Արմեն Աշոտյանը։

168.am-ը քաղաքական գործչից նաև հետաքրքրվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի վերջին հայտարարություններից ստացած տպավորության մասին։

Հիշեցնենք, որ դեսպանը «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվել է 2022-ին՝ Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, որին, Փաշինյանից և Ալիևից բացի, մասնակցում էին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Կարդացեք նաև

«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը»,- ասել էր նա։

Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ո՞ւմ էր փաստաբանություն անում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Շատ զարմացած եմ, որ երիտասարդ պարոն դեսպանը, անկախ իր տարիքից, լավ չի տիրապետում բանակցային գործընթացին:

Եթե արտաժամյա պարագայում որոշել է Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերել, ապա թող իմանա, որ դա արել է Ժակ Շիրակի, Սարկոզիի, Օլանդի թողած քաղաքական, դիվանագիտական ժառանգության հաշվին, էլ չասեմ՝ զավեշտալի է դիվանագիտական առումով դա մեկնաբանելը»։

Ի պատասխան մեր հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել մինչև 2026 թվականը՝ մինչև ընտրությունները, հանրապետական գործիչը շեշտեց.

«Փաշինյանին հնարավոր է հեռացնել ամեն պահի, և ցանկալի է, որ դա լինի հայ ժողովրդի կողմից հեռացումը, ոչ թե դրսից իրականացված օպերացիաների արդյունքով, ինչպես տեսնում ենք հիմա Զելենսկու պարագայում։

Ընտրությունների թեման շատ է շահարկվում, ով ուզում է գնալ՝ թող գնա, ով դեռ չի որոշել` ինչպես մենք, կորոշի ինչ անել, բայց այս ընթացքում շատ հիմնավորումներ են հնչում, որոնք քննադատության չեն դիմանում»,-

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս