«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ էր՝ 26 ամիս անազատության մեջ. դրա պատասխանատուն ՔՊ-ն է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամայանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին, ասաց, որ մինչ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում մարդկանց համոզում է, որ արդեն իսկ խաղաղությունը հաստատված փաստ է, երկրից դուրս՝ օգտագործելով տարբեր ամբիոններ, բողոքում է, որ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը:

«Ավելին՝ Փաշինյանին վշտացնում է այն հանգամանքը, որ Ալիևը խոսելով ՀՀ-Ադրբեջան բանակցություններից, Հայաստանը ներկայացնում է որպես կապիտուլյացիայի ենթարկված երկրի, իսկ իրեն էլ՝ անուղղակի կերպով որպես կապիտուլյանտի: Ճիշտ է՝ Փաշինյանը վերջում չի մոռանում ընդգծել, որ Ադրբեջանի պահվածքն իրեն «ոչ մի միլիմետր չի շեղի ձեռքբերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից», սակայն ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է:

Թեև առաջին հայացքից թվում էր, որ իշխանությունն իր ասելիքը կսահմանափակի ՄԱԿ-ի ամբիոնով, սակայն պարզվեց, որ կարիք կա դրա մասին խոսելու ԵԽԽՎ-ում, նաև ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստում, որտեղ փոխվարչապետ Գրիգորյանն ի պատասխան Ադրբեջանի վարչապետի ելույթի, հիշեցրել է, որ երկկողմ փաստաթղթերից բխում է, որ ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի» ձևակերումը:

Համոզված եմ, որ իշխանությունը այս թեման չէր բարձրաձայնի, Ադրբեջանի իշխանությանը չէր արձագանքի, եթե բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ ի հայտ եկած չլինեին: Ինչո՞ւ, որովհետև գործող իշխանության շահերից չի բխում՝ հակասելու սեփական խոսույթին և հրապարակավ խոստովանելու, որ Ադրբեջանն առկա պայմանավորվածություններից դուրս է գործում, հանրության իջեցված խաղաղության ուղերձների հիմքում ոչ թե փաստերն են, այլ անորոշ խոստումները, իսկ նրա բառապաշարը որևէ ձևով չի բխում լայն ժպիտներով լուսանկարների տրամաբանությունից»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, այս ամենին զուգահեռ Ադրբեջանը հայտարարում է ռազմական բյուջեի շուրջ 4 տոկոսով ավելացման մասին, օկուպացված Քարվաճառում Ալիևը խոսում է ուժի միջոցով ադրբեջանական շահերի առաջ մղման ու բանակի արդիականացման մասին, իսկ սրան ի պատասխան, հայաստանյան իշխանությունը կրճատում է ռազմական բյուջեն, շրջանառում պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման նախագիծ, իսկ բանակը որպես 5-րդ անիվ ուղարկում խորդանոց:

«Ինչո՞ւ է Ալիևը շարունակում կոշտ, հեգնական, վիրավորական բառապաշարը, որովհետև նրա մոտ գերիշխողը փառասիրությունն է և դիմացինին մինչև վերջ ոչնչացնելու մոլուցքը:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը հայտնվել պատի տակ գանգատվողի կարգավիճակում, որովհետև վաղուց հանձնել է իր հաղթաթղթերը՝ իր իսկ ձեռքով իրեն տեղափոխել անկյուն, որտեղ առավելագույնն ինչ դեռ կարողանում է անել՝ երկրի ներսում բռնատիրություն կառուցելն ու հասարակությանը կեղծիքի բլոկադայի մեջ պահելն է»,-ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս