
Մեր սխալները կարող են լինել մեր կյանքի ամենաուժեղ կողմը, եթե դրանք ընդունում ենք ու շտկում. Տեր Եսայի քահանա Արթենյան

Ինչո՞ւ չենք ցանկանում ընդունել, որ սխալվել ենք՝ բոլորին մեղադրելու փոխարեն, ինչո՞ւ հարկ չենք համարում ներողություն խնդրել: Ի վերջո, մեր սխալներն ընդունելը մեզ թուլացնելո՞ւ, թե՞ ավելի ուժեղ է դարձնելու. պատասխանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Թո՞ւյլ, թե՞ ուժեղ մարդկանց մասին
– Հաճախ մենք չենք կարողանում ընդունել մեր սխալները: Հասկանալի է՝ հաճելի չէ, երբ գիտակցում ենք, որ որևէ հարցում թերացել ենք: Մարդը, քանի որ եսասեր է, դժվարանում է ներքին քննություն իրականացնել: Նրանք, ովքեր երբեք չեն ընդունում իրենց սխալները, ներողություն չեն խնդրում, վախենում են իրականությունից, իսկ դա առաջին հերթին մարդկային թուլության դրսևորում է: Մենք հաճախ չենք ընդունում մեր սխալները, քանի որ ինքնասիրահարված ենք և չենք ցանկանում տեսնել մեր ստվերը, բացասական կողմը: Կարծրատիպ է, թե նա, ով ներողություն է խնդրում, պարտվում է, թույլ է: Իրականում միայն ուժեղ մարդը կարող է իր սխալներն օբյեկտիվորեն տեսնել ու ներում խնդրել:
Սխալն ընդունելու հաջորդ քայլը
– Մարդիկ հասկանում են, որ անսխալական չեն, բայց միևնույն ժամանակ չեն կարողանում ընդունել իրենց սխալները, որովհետև դա ենթադրում է պատասխանատվություն: Սխալն ընդունելուց հետո՝ պետք է պատասխանատվություն վերցնել դրա համար, կարողանալ շտկել այն, իսկ մարդիկ խուսափում են պատասխանատվությունից: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն քննության ենթարկի: Մեր սխալները կարող են լինել մեր կյանքի ամենաուժեղ կողմը, եթե մենք դրանք տեսնում ենք, ընդունում և փորձում շտկել: Միայն այդ տարբերակով մարդն իր կյանքում կարող է հաղթահարել դժվարություններն ու ավելի ուժեղ դառնալ: Խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ ներքին, հոգևոր ուժի մասին է:
Ծնողների օրինակը՝ զավակներին
– Երբեմն ծնողները տեսնում են իրենց զավակների սխալներն ու ոչինչ չեն ասում: Երեխաները մտածում են, թե միշտ ճիշտ են: Այդ ամենի պատճառով հետագայում ունենալու են բարդություններ: Ծնողի պարտականությունն է՝ օգնել երեխային ճիշտ ճանապարհ ընտրել՝ ոչ թե պատժելով, այլ սեփական օրինակով, բացատրելով՝ ինչն է սխալ, ինչը՝ ճիշտ:
Սրտում չարություն չկուտակելու մասին
– Ի՞նչ նկատի ունենք՝ ներել ասելով: Եթե նկատի ունենք՝ մոռանալ վիրավորանքը, որը մեզ հասցված է կամ այն սխալը, որը գործել են մեր հանդեպ և ձևացնել, որ ոչինչ չի եղել, անհնար է: Ներել նշանակում է ընդունել դիմացինին, ինչպիսին կա և հիշելով սխալը՝ դիմացինի հանդեպ չարություն չպահել, սրտում չարություն չկուտակել: Բոլոր մարդիկ թույլ են տալիս սխալներ: Երբ մեր հանդեպ սխալ են թույլ տալիս, ավելի ազնիվ կլինի հիշել, որ մենք էլ ուրիշի հանդեպ ենք սխալ եղել: Ավետարանում ասվում է. «Նախ այդ գերանը հանի՛ր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել և ապա կհանես շյուղը եղբորդ աչքից» (Մատթեոս 7:5):
Մենք հաճախ մեր աչքի գերանը չենք տեսնում, բայց տեսնում ենք դիմացինի աչքի փուշը: Սա չի նշանակում, որ վատ արարքը պետք է գովել: Պետք է սխալ արարքը մերժել, բայց դատելուց առաջ՝ մտածել, իսկ մեր սխալների համար ո՞վ է մեզ դատելու:
Ինչպե՞ս սովորել ներել
– Ներել սովորում ենք Ավետարանից, Քրիստոսից, Աստծուց, այն մարդկանցից, որոնք մեզ երբևէ, որևէ իրավիճակում ներել են՝ առանց որևէ պայմանի: Այո, մենք կարող ենք ներել սովորել մեկս մյուսից:
qahana.am