
Ադրբեջանն ուզում է Հայաստանով Նախիջևան գնալ այնպես, ինչպես մենք գնում ենք Երևանից Գյումրի. Եթե Միջանցքը բացվեց, ՀՀ ինքնիշխանության մասին խոսել անհնար է. Պողոսյան
«Ադրբեջանցիները Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ ասելիս՝ հասկանում են նույն այն կարգավորումները, ինչպես մենք հասկանում ենք Երևանից Գյումրի գնալիս։ Երևանից Գյումրի ճանապարհին մեզ ոչ ոք չի կանգնեցնում, մեքենան չի ստուգում, չի նայում՝ ինչ եմ տեղափոխում, մաքսատուրք չկա։ Ադրբեջանը Նախիջևան գնալը պատկերացնում է նման կերպ՝ ինչ-որ մեկը Զանգելանում նստի մեքենա, գա, օրինակ, Նախիջևանի Օրդուբադ՝ առանց որևէ ստուգման ենթարկվելու։ Սա նշանակում է, որ այդ ճանապարհին ՀՀ ինքնիշխանության մասին խոսել անհնար է։ Պետք է արձանագրել, որ նման որոշման դեպքում այդ Միջանցքը դառնում է արտատարածքային միավոր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը։
Նրա խոսքով՝ եթե ինչ-որ բան ստորագրվի, իսկ ստորագրվելու է առանձին փաստաթուղթ, դրանում պետք է լինեն ձևակերպումներ։ Եթե ինչ-ինչ պատճառով Հայաստանը համաձայնի դրան, ապա դա միանշանակ կլինի արտատարածքային միջանցք, և վերահսկող ոչ մի տեխնիկական միջոց, սկաներ (scanner) չի լինելու։
«Ադրբեջանը ոչ մի պարզեցված ընթացակարգի չի համաձայնելու։ Իրենք շարունակելու են պնդել, որ իրենք այդ Միջանցքով պետք է երթևեկեն այնպես, ինչպես երթևեկում են Ադրբեջանի ներսում։ Հուսով եմ՝ Հայաստանը երբեք սրան չի համաձայնի, ու այս հարցը կմնա բաց։ Որովհետև, ինչպես տեսանք, իշխանության համար Միջանցքի հարցն ավելի կարմիր գիծ է, քան Արցախն էր: Մինչև 2018թ. մենք բոլորս վստահ էինք, որ եթե որևէ իշխանության օրոք մենք Արցախը կորցնենք, այդ իշխանությունը, եթե ոչ այդ օրը, ապա հաջորդ օրն արդեն չէր լինի… Բայց կյանքը ցույց տվեց, որ մենք սխալ պատկերացում ունեինք՝ ինչպես մեր հասարակության, այնպես էլ՝ նրա ընկալումներում Արցախի դերի մասին»,- նշեց Բենիամին Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: