
Պատերազմի և դրա պարտության համար ով որքանով է պատասխանատու. Ինչ չի արվել արտաքին քաղաքական դաշտում

2020թ. 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցը հիմա էլ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում է ներկայացնել գարնանը, և դեռ հարց է՝ թույլատրելի սահմանում այն հանրության դատին կհանձնվի՞, թե՞ ոչ:
Նշենք, որ հանձնաժողովը պետք է քննության առարկա դարձներ 7 ուղղություն՝
– Արձանագրված անհաջողությունների քաղաքական եւ ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները,
– Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը,
– Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին,
– Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն,
– Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն,
– Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը:
Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովում երկու օր լսել են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, Նիկոլ Փաշինյանին, մեկ անգամ՝ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին և այլոց:
Քննիչ հանձնաժողով չեն հրավիրել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին, այս ձևաչափով չեն հարցաքննվել ՊԲ նախկին հրամանատարներ՝ Ջալալ Հարությունյանը և Միքայել Արզումանյանը: Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե Ջալալ Հարությունյանը Քննիչ հանձնաժողով կհրավիրվի, եթե այս ընթացքում նրա նկատմամբ քրեական գործը փակվի:
Ինչ վերաբերում է ավելի քան 2 տարի անազատության մեջ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, ով մեղադրվում է նաև Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկատարելու համար, ապա 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել էր լսել Արզումանյանին, ինչպես իրեն:
«Կարծում եմ, որ նրան անհրաժեշտություն կա լսելու, նույն ձևով կարելի է միջնորդել, ինչպես իմ դեպքում արվեց: Կրկնում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, մասնավորապես, փակ մասում: Այն շահարկումները, որոնք կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, և կարծում եմ՝ ինքը պետք է խոսի»,- շեշտել էր Տոնոյանը:
Թե ինչու ՀՀ իշխանություններն այս առաջարկին չանդրադարձան, կարող ենք միայն ենթադրություններ անել, քանի որ, եթե նրա կարգավիճակի հետ կապված օրենսդրական արգելք կար, կարող էին այս առնչությամբ մեր գրավոր հարցումներին ի պատասխան նշել, ինչը չի արվել:
Ինչևէ, պատերազմական տարբեր դրվագների, 44-օրյային առնչվող և դրանից դուրս ռազմական քրեական գործերին, դրանցով անցնող ՀՀ ռազմական նախկին ղեկավարությանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, այսօր կփորձենք 2020թ. պատերազմի տրամաբանության մեջ հասկանալ ՀՀ դիվանագիտության, ՀՀ ԱԳՆ պատասխանատվության չափը:
Հիշեցնենք, որ 2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար էր նշանակվել Զոհրաբ Մնացականյանը, այնուհետև 2019թ. նա վերանշանակվել էր և շարունակել պաշտոնավարել մինչև 2020թ. նոյեմբերի 16-ը։
Այսինքն, նախապատերազմական, պատերազմական շրջանում և 2020թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ, որը, ըստ էության, հրադադարի փաստաթուղթ էր, արտաքին քաղաքականության կամ դիվանագիտության համար պատասխանատու գերատեսչությունը ղեկավարել է Զոհրաբ Մնացականյանը, ով Քննիչ հանձնաժողով գնացել էր 2023թ. ապրիլին՝ Օնիկ Գասպարյանից հետո և Դավիթ Տոնոյանից, Նիկոլ Փաշինյանից առաջ:
Լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ ավելի քան 4 ժամ տևած հարցաքննության ընթացքում Զոհրաբ Մնացականյանը տվել է իրենց հուզող հարցերի պատասխանները:
«Պարոն Մնացականյանը մանրամասն ներկայացրել է՝ առաջին փուլով իր պաշտոնավարման ընթացքում, դրանից առաջ ինչ բանակցային գործընթաց է եղել, 18 թվականի մայիսից, երբ ինքը դարձավ նախարար, ինչ գործընթացներ են զարգացրել, մի քանի փուլերով ներկայացրեց բոլոր իրողությունները, ընդհուպ գործընթացներ, որոնք նաև բանակցային գործընթացը և վստահելիության մթնոլորտը հակառակ կողմի հետ ինչպես պետք է կառուցվեր»,- մանրամասնել էր Քոչարյանը:
Հետաքրքիր է՝ Զոհրաբ Մնացականյանն ինչպե՞ս է բացատրել դիվանագիտության ձախողումը, եթե հաշվի առնենք այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմը սկսվում է, երբ դիվանագիտությունը ձախողվում է։
168.am-ն անդրադարձել էր 2020թ. պատերազմից առաջ Մնացականյանի շրջանառության մեջ դրած որոշ ձևակերպումների, մասնավորապես՝ «Արցախի ընտրված ներկայացուցիչներ»:
Դեռ մի կողմ ենք դնում 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն առաջ չտանելը:
Չմոռանանք նաև 2020թ. պատերազմից առաջ Մնացականյանի՝ Արցախի հարցի շուրջ հանդիպումներն ու բանակցությունները, սեղանին դրված փաստաթուղթը, ինչի մասին (2019թ. բանակցային փաստաթուղթ) վերջերս դարձյալ հիշել էր Նիկոլ Փաշինյանը, բայց որը ոչ մի կերպ նա չի ցանկանում հրապարակել, և ոչ միայն դա:
Մի քանի հիշեցում. Մասնավորապես, 2023թ. հունիսին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել, որտեղ հատուկ անդրադարձել էր հենց դիվանագիտության բացթողումներին:
«2020թ. հուլիսի 4-ին, զինված ուժերի գլխավոր շտաբում ՀՀ Վարչապետին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին, գլխավոր շտաբի պետի տեղակալների ու հիմնական վարչությունների պետերի մասնակցությամբ ներկայացրել եմ զեկույց, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.
– ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն,- տեղեկացրել էր գեներալը՝ շարունակելով,- Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:
Իսկ իր հայտարարության սկզբում նա շեշտել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլ ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:
Հավելենք, որ 2020թ. նոյեմբերի 17-ին իր ուղերձում էլ Օնիկ Գասպարյանը հայտնել էր, որ պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում առաջարկել է օրերի ընթացքում կանգնեցնել պատերազմը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում բախվելու ենք բանակցային անբարենպաստ իրավիճակի հետ՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 44-օրյա պատերազմից մոտ 2 շաբաթ առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 13-ին, Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոսում հայտարարել էր.
«Մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման»:
Իսկ սրանից օրեր հետո՝ 2020թ. սեպտեմբերի 22-ին, Զոհրաբ Մնացականյանը հրավիրվել էր ՀՀ պաշտպանության նախարարություն խորհրդակցության, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, քննարկվել էր տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ:
Զոհրաբ Մնացականյանին, թերևս, տեղեկացվել էր նաև թուրքական F16-երի վերաբազավորման մասին դեպի Գյանջա (Գանձակ), ինչը հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։
Հավելենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:
Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։
Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:
2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:
Իսկ 2023 թվականի օգոստոսին քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր.
«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»:
Նախկին նախարարը շարունակել էր, որ երկու խումբ հանդիպումներ է անցկացրել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով` Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: Վերը նշված ժամանակահատվածից սկսած Տոնոյանը 3 հանդիպում էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ::
168.am-ն անդրադարձել էր պատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիային, մասնավորապես, Դավիթ Տոնոյանի և Օնիկ Գասպարյանի 2020 թվականի սեպտեմբերին Հայաստանից դուրս ունեցած հանդիպումներին, ռազմական միջոցառումներին և արված հայտարարություններին, ընդ որում, այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անգամ պատրաստ է եղել Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ:
Նշենք, որ 2020թ. սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա՝ սեպտեմբերի 4-ին մասնակցելու ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը:
Սակայն քիչ անց տեղեկությունը հեռացվել էր ՊՆ պաշտոնական կայքից, որտեղ նշվում էր նաև, որ «նախատեսված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վ. Գերասիմովի հանդիպումը»:
Արդեն սեպտեմբերի 5-ին պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը:
Պաշտպանության նախարարությունը 2020թ. սեպտեմբերի 4-ին հաղորդագրություն էր տարածել նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում նույն օրը մասնակցել է ԱՊՀ, Շանհայյան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին:
Այսինքն ՀՀ ՊՆ և ԳՇ ղեկավարությունը պատերազմից առաջ և դրա ընթացքում զգուշացումներ են արել, փորձել են ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, կանխել պատերազմը, դրա ընթացքում առաջացած ինչ-ինչ խնդիրներ են լուծել։
Բայց չնայած սրան՝ Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանը ասել էր, որ իր ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ չի կարողացել կանգնեցնել պատերազմը:
Եվ սրա կողքին ունենք Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:
Սա նշանակում է՝ թիվ մեկ պատասխանատուն պատերազմի և դրա պարտության համար Նիկոլ Փաշինյանն է, իր պատասխանատվության չափն ունի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որոշակի պատասխանատվություն ունի նաև ռազմական ղեկավարությունը, բանակը: Բայց չգիտես՝ ինչու, միայն զինվորականությունն ու բանակն է պատասխանատվության կանչվում:
Հիշեցնենք, որ պատերազմից հետո ՀՀ արտաքին գործերի մեկ այլ նախկին նախարար՝ Արա Այվազյանը, հայտարարել էր, թե ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դիվանագիտության մեջ ձախողումներ չեն եղել:
Ավելի ուշ 168.am–ի հետ զրույցում նա պարզաբանել էր.
«Ես ասել եմ, որ մեր բանակը՝ իր դիմաց ունենալով գերակշիռ ուժեր, ձախողվել է, ես բանակին երբեք չեմ ցանկացել մեղադրել»:
Հարցին՝ դիվանագիտությո՞ւնը պիտի աջակցի բանակին, թե՞ հակառակը, այսինքն՝ եթե բանակը համարձակ քայլերի գնար, դիվանագիտական հարթությունում դա կարո՞ղ էինք, այսպես ասած, մարսել, նա պատասխանել էր.
«Պետք է լինի փոխլրացում: Բայց ուժային կառույցները, անվտանգությունը և դիվանագիտությունը, հատկապես՝ մեր նման երկրի դեպքում, պետք է միասնական և համադրված աշխատեն: Այս եռամիասնությունը՝ անվտանգություն-բանակ-արտաքին գործերի նախարարություն, անպայման պիտի լինի: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, յուրաքանչյուր քայլ, որ արվում է, դա պատահական և ինքնաբուխ չի լինում: Դրա համար կա Անվտանգության խորհուրդ, որտեղ քննարկվում են նմանատիպ հարցեր, բայց նաև ամենօրյա ռեժիմով»:
«Արդյո՞ք այս կապը խաթարվել էր մեզ մոտ»՝ հարցին ի պատասխան՝ արտաքին գործերի նախկին նախարարն ընդգծել էր. «Լավ չէր գործում»:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էլ պատերազմից հետո ասել էր, որ չի կարողացել պատերազմի պայմաններում հաղթահարել վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։
Իսկ Արա Այվազյանը մեզ հետ զրույցում շարունակել էր. «Աշխարհը սկսեց փոխվել, մենք սխալ պատրանքներ ունեինք, մեզ թվում էր, որ նախկին ստատուս-քվոն, նախկին ֆորմատը հնարավոր էր շարունակել: Այսինքն, ճիշտ չենք ընկալել փոփոխվող աշխարհը»։
Հիշեցնենք, որ Արա Այվազյանն Արտաքին գործերի նախարարի պաշտոնում եղել է 2020-ի նոյեմբերի 18-ից մինչև 2021-ի մայիսի 27-ը: Այսինքն, ազատվել է ադրբեջանական առաջխաղացումներից հետո:
Ի դեպ, Արա Այվազյանը մասնակցել էր Սյունիքում զորքերի հետքաշման շուրջ քննարկումներին:
Իսկ Զոհրաբ Մնացականյանը 2020թ. նոյեմբերի 16-ին՝ իր հրաժարականից 2 առաջ, Նիկոլ Փաշինյանի մոտ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող քննարկման էր մասնակցել, որին ներկա էին եղել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Կարեն Աբրահամյանը: Արդեն 2020 թվականի նոյեմբերի 20-ին նաև Դավիթ Տոնոյանն էր հեռացել իր զբաղեցրած պաշտոնից:
Պատերազմական ձախողումներին նախորդել էին մեր դիվանագիտական ձախողումները. Հայաստանը հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ պատերազմի և դրա պարտության գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, և Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է՝ մաքրագործելու նրան:
«Հիմա իրենք մեղավորներ են փնտրում զինված ուժերում, բայց իրենք մոռանում են, որ եթե նույնիսկ զինված ուժերում ինչ-որ խնդիրներ են եղել, ապա բոլոր նշանակումներն արել էր Նիկոլ Փաշինյանը, հետևաբար՝ ինքն է պատասխանատուն»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է դիվանագիտական կորպուսի պատասխանատվությանը, պատգամավորը նշեց.
«Այո, պատերազմը սկսվեց, երբ ձախողվեց դիվանագիտությունը: Հիմա Նիկոլ Փաշինյանը համառորեն հրաժարվում է հրապարակել բանակցային փաստաթղթերը, և նույնիսկ ուրանում է, որ նման թղթեր կան: Այսինքն, նա հրաժարվում է հրապարակել 2019 թվականի ապրիլին Մոսկվայում իրեն ներկայացված առաջարկը, որի մոդիֆիկացված տարբերակը ներկայացվել է արդեն 2019-ի հունիսին Վաշինգտոնում: Ինքը սկսել է բանակցությունները, այսպես կոչված, կրակովյան աշխատանքային առաջարկության հիման վրա, ինչը հենց ինքն է հրապարակել:
Իսկ ո՞րն է եղել այն թուղթը, որը ստացել է ինքը, գաղտնի է պահում: Կամ՝ այդ թուղթը եղել է շատ վատը, և ինքը չի ուզում ընդունի, որ ձախողվել է, կամ՝ թուղթը միգուցե այդքան էլ վատը չի եղել, և մարդիկ կասեն՝ բա ինչի՞ չի համաձայնել, որի արդյունքում ունեցանք պատերազմ: Այլ խնդիր է՝ ինչ ազդեցություն կարող էր ունեցած լինել արտաքին գործերի նախարարը: Արդյո՞ք որոշումներ կայացնում էր, թե՞ բոլոր որոշումները կայացնում էր Նիկոլ Փաշինյանը, և Մնացականյանն ուղղակի խամաճիկի նման կատարում էր: Եթե նույնիսկ այդպես է, ուրեմն, որպես դիվանագետ՝ ինքը պետք է հրաժարվեր կատարել մի բան, որը, այսպես ասած, իր սրտով չի եղել: Սրանք զուտ ենթադրություններ են, որոնք, հույս ունեմ՝ ինչ-որ պահի կբացահայտվեն: Ամեն դեպքում, կառավարման բոլոր օղակները՝ ռազմական, տնտեսական, արտաքին, կենտրոնացված են եղել Նիկոլ Փաշինյանի ձեռքում: Ըստ այդմ՝ հիմնական պատասխանատուն և վերջնական մեղավորը նա էր և նա է»:
Իսկ թե որքանո՞վ է ՊՆ և ԳՇ ղեկավարությունը տեղյակ եղել բանակցային փաստաթղթերի բովանդակությանը, դա էլ այլ հարց է, թեև ՄԽ համանախագահներին նաև պաշտպանական գերատեսչությունում էին ընդունում տարածաշրջանային այցերի ժամանակ:
Այստեղ Արթուր Խաչատրյանը հիշեցնում է Օնիկ Գասպարյանի զգուշացումները, ինչի մասին մանրամասն նշեցինք, և այն, որ պատերազմից մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում որոշել էր կազմակերպել հուլիսյան մարտերի մասնակիցների պարգևատրումը, ինչն ինքնին մեսիջ էր Թուրքիային, չհաշված այդ օրը նրա արած հայտարարությունները:
«Ենթադրում եմ՝ գուցե Հայաստանին ինչ-որ պահանջ կամ առաջարկ է ներկայացվել, Փաշինյանը համաձայն չի եղել, Ադրբեջանը շարունակել է հոխորտալ, սա էլ փորձել է ցույց տալ, թե իր վրա հնարավոր չէ հոխորտալ, նաև կարծել է՝ դա ներքաղաքական խնդիր է, և իրավիճակը սրվել է: Ընդ որում, դրա առաջին նախանշանները երևացել են 2019 թվականի մարտին Վիեննայի բանակցություններից հետո»,- ասաց Խաչատրյանը:
Ի դեպ, 2019-ի մարտին Դավիթ Տոնոյանի՝ ԱՄՆ-ում արած հայտարարությունը ոչ միայն ռազմական համատեքստում էր, այլ նաև պատասխան էր ադրբեջանական սպառնալիքներին: Խոսքը «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի մասին է:
«Ակնհայտ է մի բան՝ մեր պատերազմական ձախողումներին նախորդել էին մեր դիվանագիտական ձախողումները, Հայաստանը հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ: Բայց ես չեմ կարծում, որ դա ԱԳՆ-ի քաղաքականության հետևանքն է, ինչպես նաև պաշտպանական գերատեսչության, դա իշխանության վերին օղակների՝ կառավարության սխալ քաղաքականության հետևանքն էր: Այսինքն, պետությունը, պետական օղակները չեն դրվել ռազմական, պատերազմական ռելսերի վրա, ավելին, ձախողել են զորահավաքը, մոբիլիզացիան: Փաշինյանը փոխանակ մոբիլիզացիա կազմակերպի, ասում է՝ կամավորական ջոկատ կազմեք, հրամանատար ընտրեք, գնացեք: Գլխավոր մեղավորը Փաշինյանն է»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը: