«Լավ չէր գործում»․ Արա Այվազյանը՝ ԱԳՆ-Զինված ուժեր կապի մասին

Իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հայտարարում է՝ որքան հնարավոր է՝ շուտ պետք է հասնել խաղաղության պայմանագրին։

Երեկ Ազատության հրապարակում Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը 168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց.

«Ես էլ եմ ասում, որ խաղաղությունը շատ լավ բան է, բայց կրկնեմ՝ եթե ուզում եք իրական խաղաղություն, չպետք է մտածենք հաղթողի և պարտվողի հոգեբանությամբ»:

2020֊ի նոյեմբերի 26-ին Արա Այվազյանը հայտարարել էր, թե Հայաստանի ձախողումները եղել են ռազմական ոլորտում, ոչ թե դիվանագիտական:

Ըստ նախարարի՝ իր այս միտքը մամուլը ճիշտ չի տեղ հասցրել:

«Ես ասել եմ, որ մեր բանակը՝ իր դիմաց ունենալով գերակշիռ ուժեր, ձախողվել է»,- մեզ հետ զրույցում շեշտեց դիվանագետը:

Արա Այվազյանը, ըստ էության, կրկնեց այն, ինչ ասել էր՝ «ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում, իսկ դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Մինչդեռ իրականում ոչ թե բանակն է պարտվել, այլ պետությունը և պետության ղեկավարը, իսկ բանակը տարվել է ձախողման:

Ի վերջո, շատ տեղերում որևէ նահանջ, դիրքի կորուստ չի եղել, բայց այդ տարածքները հետո հանձնվել են Ադրբեջանի վերահսկողությանը, ինչի մասին ասվեց նաև արտաքին գերատեսչության նախկին ղեկավարին:

«Ես բանակին երբեք չեմ ցանկացել մեղադրել»,- մեր դիտարկմանն արձագանքեց Արա Այվազյանը:

Հարցին՝ դիվանագիտությո՞ւնը պիտի աջակցի բանակին, թե՞ հակառակը, այսինքն, եթե բանակը համարձակ քայլերի գնար, դիվանագիտական հարթությունում դա կարո՞ղ էինք, այսպես ասած, մարսել, նա պատասխանեց․

«Պետք է լինի փոխլրացում: Բայց ուժային կառույցները, անվտանգությունը և դիվանագիտությունը, հատկապես մեր նման երկրի դեպքում, պետք է միասնական և համադրված աշխատեն: Այս եռամիասնությունը՝ անվտանգություն-բանակ-արտաքին գործերի նախարարություն, անպայման պիտի լինի: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, յուրաքանչյուր քայլ, որ արվում է, դա պատահական և ինքնաբուխ չի լինում: Դրա համար կա Անվտանգության խորհուրդ, որտեղ քննարկվում են նմանատիպ հարցեր, բայց նաև ամենօրյա ռեժիմով»:

«Արդյո՞ք այս կապը խաթարվել էր մեզ մոտ»՝ հարցին ի պատասխան՝ արտաքին գործերի նախկին նախարարն ընդգծեց. «Լավ չէր գործում»:

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը Արտաքին գործերի նախարարի պաշտոնում եղել է 2020-ի նոյեմբերի 18-ից մինչև 2021-ի մայիսի 27-ը:

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմից հետո ասել էր, որ չի կարողացել պատերազմի պայմաններում հաղթահարել վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։

Գուցե այս դեպքում ևս կապի խաթարման խնդիր է եղել, Արա Այվազյանն այս ժամանակահատվածի մասին ոչինչ չասաց, քանի որ այդ ժամանակ դեռ չէր ղեկավարում արտաքին գերատեսչությունը:

Իսկ թե ինչպես «և՛, և՛»-ի քաղաքականությունից անցում կատարեցինք «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականության, Արտաքին գործերի նախկին նախարարը նշեց.

«Աշխարհը սկսեց փոխվել, մենք սխալ պատրանքներ ունեինք, մեզ թվում էր, որ նախկին ստատուս-քվոն, նախկին ֆորմատը հնարավոր էր շարունակել: Այսինքն, ճիշտ չենք ընկալել փոփոխվող աշխարհը»։

Տեսանյութեր

Լրահոս