«Ռուսաստանի հետ այդպես խոսելը դիվերսիա է՝ ուղղված մեր պետության դեմ». Լևոն Նազարյան

Երեկ երեկոյան ձյան առատ տեղումների պատճառով կաթվածահար էր եղել քաղաքային տրանսպորտը, մարդիկ ոտքով էին աշխատանքից տուն հասնում, փողոցները չէին մաքրվում: Նույնիսկ մերկասառույցի պատճառով Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էր վթարի ենթարկվել:

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները հայտնվել են հայտնի գովազդային հոլովակի հերոսի վիճակում՝ անգամ վերելակը կանչեն՝ չի գա:

«Այս իրավիճակին այլ գնահատականներ տալ հնարավոր չէ: Փաստ է, որ ինչ բարեփոխում էլ փորձեն անել, տապալվելու է: Իրենց օրոք ոչ մի բան կյանքի չի կոչվելու: Ժամանակին ասում էինք, որ դիլետանտիզմն այս իշխանության համար մեկ բնութագրական գիծն է: Գիտե՞ք՝ ՌԴ դեսպանի հետ կապված միջադեպի մասին Նիկոլ Փաշինյանի պատվիրատու ընդդիմադիրներից մեկը գրել էր, որ սա հատուկ մշակված քաղաքական օպերացիա էր՝ «Նեմեսիս 2025», որով այս իշխանությունները պատժել են ՌԴ-ին՝ ի դեմս դեսպանի: Սա խայտառակություն է, որն անպատասխան չի մնա: Նման խայտառակությունները պատժվում են, որովհետև այդպիսի հայտարարություններ անել ՌԴ դեսպանի մասին՝ նշանակում է վիրավորել ՌԴ-ին: ՌԴ-ն աշխարհում այն պետությունը չէ, ով թույլ է տալիս իր նկատմամբ նման վերաբերմունք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Նա նկատեց՝ երբ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Ռուսաստանը Նապոլեոնին և Հիտլերին հաղթած պետություն է, և չի կարելի նրա հետ չար կատակներ անել, իսկ Հայաստանում նման հայտարարություններ են արվում, դա կարելի է համեմատել դիվերսիայի հետ՝ ուղղված մեր պետության նկատմամբ:

«Նման իրավիճակ նորանկախ Հայաստանի ամբողջ կյանքի ընթացքում երբևէ չեմ հիշել, որ նման տեղումներ լինեն, և երկիրը կանգնի կոլապսի առջև: Այս պայմաններում, երբ իշխանությունն ասում է, որ ինքը գնում է Սահմանադրություն փոխելու ճանապարհով, հասկանալի է դառնում, որ եթե նույնիսկ նրանք ցանկություն ունենան սպասարկել Հայաստանի լավագույն շահերը, նրանց մոտ որևէ բան չի ստացվելու, որովհետև նրանք նույնիսկ պարզ կազմակերպչական աշխատանքներից գլուխ չեն հանում, ուր մնաց՝ նման աշխատանքներում: Դրա փաստերն էլ են պարզ երևում՝ մյունխենյան այցեր, շփումներ, ում հետ են հանդիպում, ինչ ֆորմատով, ինչ հարցեր են քննարկում, ուղղակի մեսիջներ և ազդանշաններ են գալիս, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս իշխանությունն արագ հայտնվի մինիմում անցյալի կամ պատմության աղբանոցում»,- ընդգծեց նա:

Լևոն Նազարյանի կարծիքով՝ եթե մինչև ընտրություններ տիտղոսային ընդդիմությունը իմփիչմենթի գործընթաց չսկսի, դա մնալու է բիծ նրանց վրա. «Նոր ընտրություններում մեզ այդ հարցը տալու են՝ ձեզ գործուղեցինք խորհրդարան, և ունեիք հնարավորություն՝ անվստահության գործընթաց սկսելու, մի քանի անգամ կարելի էր անել, ինչո՞ւ չարվեց»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս